Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք». Մրցանակաբաշխություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին

Դեկտեմբեր 09,2021 23:00

Երևանի պետական համալսարանում կայացավ մրցանակաբաշխություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը համատեղ իրականացրել են «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» խորագիրը կրող մրցույթ: Այն անցկացվեց արևելագիտության, հայ բանասիրության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի և պատմության ֆակուլտետի ուսանողների միջև: Նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթած ուսանողներին մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին կրթամրցանակներ:

Մրցույթում հաղթած ուսանողներին հանձնվեցին 44-օրյա պատերազմում զոհված չորս տղաներ Վարդան Ամալյանի, Էրիկ Գրիգորյանի, Ռուբեն Հանբարձումյանի և Վահագն Թումասյանի անվամբ կրթամրցանակներ, ինչպես նաեւ ազգությամբ եզդի հերոսների հիշատակի կրթամրցանակ:

Տերունական աղոթքով միջոցառումն օրհնեց Զինված ուժերի հոգևոր առաջնորդության գնդերեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանը: Նրա ձեւակերպմամբ, հայ ժողովուրդը մեծ պարտավորություն ունի տղաների առջև:

«Ավետարանում ասվում է՝ մինչև ցորենի սերմերը չընկնեն հողի մեջ և չմեռնեն, նոր ծիլեր, նոր հասկեր դուրս չեն գա: Ես Ավետարանի այս պատգամը ուղիղ համեմատական եմ անցկացնում մեր տղաների հետ: Իրենք իրենց կյանքը խոնարհեցին և հողի մեջ դրեցին, որպեսզի մենք նոր կյանք ունենանք, և գոնե հիմա չդավաճանենք իրենց գործած սխրանքը»,-ասաց տեր հայրը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը կարևորում է նման միջոցառումների իրականացումը: Նրա կարծիքով՝ ուսանողները կրթաթոշակները չպետք է դիտարկեն որպես հավելյալ եկամուտ, քանի որ դրանք մի շարք պարտավորություններ են դնում նրանց առաջ:

«Դուք ամենօրյա ռեժիմով պետք է հիշեք, որ կրում եք տվյալ մարդու, տվյալ հերոսի անվան կրթաթոշակի բարձր կոչումը, և էլ ավելի բազմապատկեք ձեր ջանքերը սովորելու ուղղությամբ: Միայն դրանով կկարողանաք վերադարձնել այն, ինչ ձեզ տրվել է»,- ասել է Հովհաննիսյանը:

«Հայ Ձմեռ պապը»՝ իբրեւ բարեգործական հիմնադրամ, արձագանքում է հասարակության առաջ ծառացած մարտահրավերներին, աշխատում է հանուն աղքատության կրճատման, ստեղծում է համագործակցային ցանցեր, իրականացնում է համայնքային ծրագրեր: Հայտնի է սահմանամերձ համայնքներում գործող կրթամշակութային կենտրոններով: Հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասում է, որ կրթամրցանակների գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ հիմնադրամի կամավոր աշխատող Էրիկ Գևորգյանի զոհվելուց հետո, որի անվամբ կրթամրցանակ է շնորհվել ֆիզիկայի ֆակուլտետում:

«Չի կարելի այս պայքարի երիտասարդների անունները սև սգով հիշել. նրանք պայծառ, լուսավոր աստղեր են, և ուրիշ ի՞նչ, եթե ոչ կրթամրցանակներ: Իսկ նրանցից յուրաքանչյուրը իր բնագավառում եղել է պարզապես փայլուն մասնագետ: Անվերջ կարելի է թվարկել յուրաքանչյուրի սխրանքը: Նրանք հենց այն սերմերն են, որոնցից ծլարձակելու է մեր հավատը, հույսը, սերը, և փոխադարձ հարգանքը: Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»,-ասաց Արմինե Պետրոսյանը:

Մրցանակաբաշխությունը ուղեկցվեց ԵՊՀ մշակութային խմբերի ելույթներով: Միջոցառմանը ներկա էին հերոսների ծնողները, հարազատները, ընկերները, որոնք էլ հանձնում էին մրցանակները: Ներկա էր նաև 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի մայրը՝ Արմինե Ամալյանը, որը տղայի անմահանալուց հետո առաջին անգամ բեմ բարձրացավ և երգեց «Կարոտ» երգը:

 Անի ԹԱՄՐԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031