Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանցին նման պահանջ չի ձեւակերպել. այլապես դուրս կգար փողոց, կասեր՝ Հայկ Մարության, հեռացի՛ր, եթե այլեւս մեր սրտի վարչապետի հետ չես. Իզաբելլա Աբգարյան

Դեկտեմբեր 22,2021 13:24

«Ինձ համար չափից ավելի դժվար է այստեղ քաղաքական ելույթ ունենալ, որովհետեւ այս շենք ոտք դնելու պահից ի վեր միակ նպատակս եղել է համայնքային շահին ծառայելը, երեւանցիների խոսքն այստեղ հասցնելը, բայց, ցավոք, հասել ենք այս ամոթալի հանգրվանին»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրած արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է բերել, որով անվստահություն է հայտնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Իզաբելլա Աբգարյանը, դիմելով ավագանու անդամներին, ասաց՝ դուք շատ մեծ սխալ եք անում, որովհետեւ ոչ թե քաղաքապետին եք վատություն անում ու հեռացնում, երեւանցիներին եք հեռացնում որոշում կայացնելու հնարավորությունից. «Տարիներ առաջ, երբ ես, ընկերներս, բազմաթիվ երեւանցիներ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, այս շենքի առջեւ վանկարկում էինք «որոշողը մենք ենք», կհաստատի նաեւ ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը, նա էլ այդ մարդկանցից էր։ Մեզ հակադարձում էին՝ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց մենք ասում էինք, որ դա չի բխում Երեւան քաղաքի շահից, երեւանցիների շահից։ Ասում էինք, որ մենք ենք վճարում քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը։ Դա կոչվում է՝ տեր լինել սեփական քաղաքին, համայնքային շահին։ Այսօր ձեր բերած նախագիծը ճիշտ հակառակն է, դրանով հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, որոշողը ՔՊ-ն է»:

Ըստ Իզաբելլա Աբգարյանի, կատարված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երեւանցին նման հանրային պահանջ չի ձեւակերպել. «Այլապես դուրս կգար փողոց, կասեր՝ «Հայկ Մարության, հեռացի՛ր, եթե այլեւս մեր սրտի վարչապետի հետ չես»:

Կրկին դիմելով ավագանու անդամներին, տիկին Աբգարյանն ասաց. «Դուք այսօր ու այս օրերի ընթացքում այնքան քաջություն չեք ունեցել, որ ձեր մեղքի բաժինն ընդունեք մեր նախընտրական ծրագրի չկատարած կետերի համար, որովհետեւ, կարծում եմ, այստեղ շատ քչերն են, որ այդ ծրագիրը կազմելիս ներկա են եղել։ Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պետք է ունենա, որ մեկ անձի վրա չբարդի այն բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ էր պատասխանատու: Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլը»-ի քաղաքական ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետեւողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի» հեղափոխության շարժիչ ուժը, փողոցներում իրենց կյանքը վտանգողները»:

Նրա խոսքով, այդ մարդկանց այսօր փոխարինել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների «խինկալիների պոչերով», որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են. «Դա՞ է քաղաքական գիծը: Հայկ Մարությանն ընդամենը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից, նա քաղաքը չի լքել դժվար պահին: Ես ՔՊ-ին մի բան եմ ուզում ասել՝ նախքան Հայկ Մարությանին ապերախտ ասելը՝ հիշեք՝ ովքեր էին ձեր կողքին, երբ կուսակցությունն էր բարդ վիճակում, ձերբակալված էր կուսակցության ղեկավարը, մյուս կարեւոր դերակատարները։ Ո՞ւր էին այն մարդիկ, որ այսօր նստել են ձեր պատգամավորական աթոռներին ու զբաղեցնում են պաշտոններ։ Այնպես որ, եկեք ուրանալուց և ապերախտ լինելուց չխոսենք, ես շատ բան ունեմ ասելու ձեզ այդ իմաստով»։

Իզաբելլա Աբգարյանը հույս հայտնեց, որ կքվեարկեն իրենց խղճի առաջ պատասխանատվություն կրելով եւ հեռախոսով չեն նկարի իրենց քվեաթերթիկները։

«Ես եկել եմ այն եզրակացությանը, որ ՀՀ-ում եւս մեկ անգամ հաստատվեց այդ պարզ ճշմարտությունը՝ հեղափոխություն անում են ռոմանտիկները, իսկ օգտվում…»,-իր ելույթն այսպես ավարտեց Իզաբելլա Աբգարյանը։

Մանրամասները տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031