44 օրյա դաժան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանի բանտերում գտնվող շիրակցի գերիների ծնողները կառավարության դիմաց Ամանորի գիշերը նստացույց էին անում ու այս տոնական օրը ուշադրություն հրավիրում իրենց տղաների կարգավիճակի վրա։ «Մեր երեխեքը երկրորդ Ամանորն է՝ Բաքվի բանտում են»,- ասում էին նրանք: «Ամանորն անցկացնելու ենք այստեղ՝ տուն չենք կարող գնալ»,- ասաց գերիների հարազատներից մեկը:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այս առնչությամբ գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի՛ ծնողներ, միանում եմ ձեր պահանջներին եւ կիսում շարունակվող ցավը… բոլոր գերիները օր առաջ պետք է հայրենադարձվեն: Հայաստանի Հանրապետությունը պետք է իր բոլոր քաղաքացիներին տեր կանգնի՝ չքննարկելով, թե երբ, ինչպես, ինչ հանգամանքներում են նրանք հայտնվել թշնամու տիրապետության տակ: Դա է ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության իմպերատիվ պահանջը»:
Գերիների հարազատներին կառավարությունից այդպես էլ ոչ ոք չընդունեց: Բողոքի գործողությունից հետո նրանք հեռացան:


















































