Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը պետական դավաճանության հերթական քայլն է թույլ տալիս»․ Մինասյանը հերքում է հայ դատի մասին վարչապետի պնդումը

Հունվար 25,2022 14:43

Երեկ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ ՀՀ որեւէ իշխանություն երբեւէ կասկածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա բնորոշմամբ․ «Սա կարելի էր որակել որպես չիմացության դրսեւորում եւ անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում ենք որպես հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ ուղղված հայտարարություն, ապա առնվազն Նիկոլ Փաշինյանն առերեւույթ պետական հանցագործության, պետական դավաճանության հերթական դրսեւորումն է թույլ տալիս»։

Արծվիկ Մինասյանը հավելեց․ «Հիշեցնեմ, որ 2011թ․-ին հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների առնչությամբ պետական հանձնաժողով էր ստեղծված, որում ներգրավված էին վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, այլ բարձր պաշտոնյաներ, ամենայն հայոց կաթողիկոսը, սփյուռքյան կառույցները։ ՀՀ անունից հանձնաժողովն ընդունել է հռչակագիր, որում գրված է, որ հռչակագիրն արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը՝ հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու, ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների վերականգնման գործընթացի մեկնարկ»։

Պատգամավորը նաեւ շեշտեց․ «Հռչակագրում հանձնաժողովը՝ նախագահի գլխավորությամբ, արժեւորում է նաեւ իրավարար վճիռը՝ Սեւրի դաշնագիրը։ Այլ կերպ ասած՝ պահանջատիրությունը ձեւակերպված է եղել պետական մակարդակով։ Հայ դատի օրակարգի կարեւոր տարրերից մեկը սա է։ Երբ Նիկոլ Փաշինյանը նման բան է ասում եւ փորձում պայքարը տեղափոխել միայն սփյուռքի դաշտ, հիշեցնեմ նրան նաեւ անկախության հռչակագիրը, ՍԴ համապատասխան որոշումը։ Ուստի ասել, թե իր ասածը ՀՀ-ի տեսակետն է արտահայտում, հերթական ծանր հանցագործության մասին է խոսում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31