Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

Փետրվար 18,2022 17:57

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Մասիս Գրիգորյանը:

Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թ. սեպտեմբերի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1945 թ. ավարտել է տեղի նկարչական դպրոցը, 1960 թ.-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1974 թ.-ին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում: 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-1991 թթ.` դեկան, 1990 թ.-ից` պրոֆեսոր):

Մասիս Գրիգորյանը աշխատել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում: Նրա մեծածավալ թեմատիկ նկարներն աչքի են ընկնում բազմապլանային խոհափիլիսոփայական բովանդակությամբ: «Ոզնի» ամսագրի համար կատարել է մի շարք ծաղրանկարներ: Գործերից են` «Առաջին դասը» (1967 թ.), «Հեռավոր ձայներ» (1973 թ.), «Հավատարմություն» (1978 թ.), «Կեսօր» (1979 թ.), «Անտարբերություն» (2000 թ.), «Հերթափոխ» (կոմպոզիցիա` նվիրված Մարտիրոս Սարյանին, 2003 թ.), «Հարցի լուծում» (կոմպոզիցիա` նվիրված Հայոց մեծ եղեռնին, 2003 թ.):

Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996 թ.), Մոսկվայում (1999 թ.), Գյումրիում (2001 թ.): 1987 թ.-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1970-1990-ական թթ. Մասիս Գրիգորյանը նաև հանդիսացել է Հայաստանի մշակույթի նախարարության Գեղարվեստական հանձնաժողովի նախագահ:

Մասիս Գրիգորյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան և Պատմության թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1990 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Մասիս Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28