«Ձեզ նույն ժողովուրդը, որին վարչապետ էիք անվանում, վստահում էր։ Ասում էիք, որ Արցախի հարցը բոլորս միասին՝ հրապարակում ենք լուծելու։ Դուք ոչ կարողացաք բանակցել, ոչ տղերքի կյանքը փրկել, ու այսքանից հետո մեր վրա մատ եք թափ տալիս։ Մատ եք թափ տալիս Աբգարի հոր վրա, զրկում ձայնի իրավունքից եւ դուրս հրավիրում դահլիճից նրա համար, որ կոչ էր անում խորհրդարանը չսարքել ագրեսիայի գեներատոր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պնդել էր, որ իրեն «հող տվող» ասողներին ի պատասխան մատ թափ կտա, իսկ եթե պետք լինի՝ նաեւ «ուրիշ բան», ընդդիմադիրներին անվանել էր դավաճաններ ու թալանչիներ, ինչից հետո վեճ էր սկսվել, Հակոբ Արշակյանն էլ ձայնի իրավունքից զրկել էր ընդդիմադիր մի քանի պատգամավորների, ապա՝ դահլիճից դուրս հրավիրել։
«Ո՞ւմ վրա էիք մատ թափ տալիս՝ Սեյրան Օհանյանի՞, որն Արցախ է ազատագրել, Գեղամ Մանուկյանի՞, որի որդին մինչեւ պատերազմի վերջն ու դրանից հետո Արցախում կռվում էր, Արմեն Չարչյանի՞, որը հազարավոր կյանքեր է փրկել, Սյունիքի մեր ընկերների՞»,-հարցադրումներ արեց Գեղամ Նազարյանը։
Ապա շարունակեց․ «Հայերենը թուրքերենից հատուկենտ փոխառություններ ունի, որոնցից են «թալան», «թալանչի» բառերը։ Հոգնել ենք, անկեղծ, հոգնել ենք այդ բառերից։ Այդքան մի ասեք այս ամբիոնից թուրքերեն այդ բառերը։ Եթե կան հանցագործություններ, թող զբաղվեն դրանով համապատասխան մարմինները։ Անընդհատ մի բղավեք թալանչի, մի կրկնեք այդ գարշելի թուրքերեն բառը։ ԱԺ ամբիոնից մատ թափ չեն տալիս, առավել եւս մուրճ՝ լինի այն պողպատից, թե ոսկուց։ Խորհրդարանը դրա տեղը չի, չի կարելի։ Որեւէ մեկն իրավունք չունի ԱԺ-ն արժեզրկել, ամբիոնից սպառնալ եւ մատ թափ տալ՝ առավել եւս նա, ով երկրի ղեկավար է, ում նայում են նաեւ դպրոցականներն ու ուսանողները»։
Կարդացեք նաև
Պատգամավորի խոսքով․ «Չի կարելի ոտնատակ տալ այն անցյալը, որտեղ եղել են հաղթանակներ, ազատագրում, նաեւ սխալներ, կարելի նենգափոխել իրականությունը։ Չի կարելի արժեզրկել հերոսներին։ 2019թ․-ին, երբ որդիս Աբգարը ծառայում էր, Հադրութի զորամասի մի արահետում սարսափեցի։ Հերոսների նկարներն էին փակցված։ Սարսափեցի, որովհետեւ ովքեր որ ողջ էին, կամ կալանքի տակ էին, կամ քրեական գործերի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































