Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Փաշինյանը նեղանում է «հողատու» բառից, իմ մոտ լավատեսություն է ներշնչում»․ Արծվիկ Մինասյան

Մարտ 03,2022 15:48

«Զարմանալի է, որ Հակոբ Արշակյանը երեկ հետեւողականորեն ընդդիմության հանդեպ կիրառում էր ապօրինի սանկցիաներ, մինչդեռ նման փորձ չէր անում կառավարության անդամների հանդեպ՝ այն դեպքում, երբ ԱԺ կանոնակարգ օրենքը դա ներառում է իր պարտականությունների մեջ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանին։

Հիշեցնենք՝ երեկ միջադեպ էր եղել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պնդել էր, որ իրեն «հող տվող» ասողներին ի պատասխան մատ թափ կտա, իսկ եթե պետք լինի՝ նաեւ «ուրիշ բան», ինչից հետո վեճ էր սկսվել, Հակոբ Արշակյանն էլ ձայնի իրավունքից զրկել էր ընդդիմադիր մի քանի պատգամավորների, ապա՝ դահլիճից դուրս հրավիրել։

«Սկսած վիրավորական արտահայտություններից, վերջացրած թեմայից շեղվելը կամ ժամանակացույցը չպահելը»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։ Այդ պահին նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը կատակեց․ «Փաստորեն՝ թաքուն հետեւել եք նիստին»։

Արծվիկ Մինասյանը շարունակեց․ «Երբ Նիկոլ Փաշինյանը նեղանում է «հողատու» կամ «հող հանձնող» արտահայտություններից, մի կողմից իմ մոտ լավատեսություն է ներշնչում․ նշանակում է՝ մարդը հասկանում է, թե դա ինչքան վատ բան է, եւ փորձ է արվում հակադարձել։ Բայց խնդիրը նրանում է, որ «հող հանձնել», «հող տալ», «հող վերադարձնել» արտահայտություններն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղթում, որի մասին անընդհատ խոսում են Փաշինյանն ու ՔՊ-ն․ նոյեմբերի իննի թղթի մասին է խոսքը, որում նշված է, որ Արցախի իրավասության ներքո գտնվող մի շարք շրջաններ ՀՀ-ն փոխանցում է կամ վերադարձնում է Ադրբեջանին։ Սրանք հողեր են, տարածքներ են, տնտեսական կարողություններ, որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը»։

Մինասյանի խոսքով՝ իշխանությունը բերում է հակափաստարկ, որ հանգիստ նստած չեն հանձնել, այլ պատերազմի հետեւանքով․ «Բայց անգամ եթե պատերազմի հետեւանքով է, ընդունում եք, որ հանձնել եք։ Ընդ որում, խոսքն այն մասին չէ՝ համաչա՞փ եք հանձնել, թե ոչ։ Բացի այդ, Փաշինյանն այս ամբիոնից արձանագրել է, որ ինքն է տվել զորքերի հետքաշման հրամանը, եւ ՀՀ իրավասության ներքո գտնվող տարածքներն անցել են թշնամուն։ Դուք հարցադրում եք անում, թե այդ նույն հանձնելու գաղափարախոսությունը դրված է եղել նաեւ նախկինում։ Դուք չորս տարի իշխանություն եք, այս ընթացքում որեւէ քրեական գործ հարուցվե՞լ է այդ նույն հիմնավորմամբ։ Ոչ։ Ավելին՝ մենք ենք պահանջել, որ հարուցեք, ինչո՞ւ չեք անում եւ բացահայտում, թե ովքեր են եղել պետական դավաճանները, որոնք հանձնել են։ Քննիչ հանձնաժողովը չի կարող այս հարցերի պատասխանները տալ»։

Արծվիկ Մինասյանը նաեւ շեշտեց, թե ըստ բառարանների՝ ի՞նչ է նշանակում «հողատուն» եւ ասաց, որ դա պարզից էլ պարզ է․ «Սա անձնական վիրավորանք ընդունելու իմաստը ո՞րն է։ Սա քաղաքական գնահատական է։ Պատգամավորի կարծիքը մի շփոթեք հայհոյանքի հետ։ Այն, ինչ երեկ մենք լսեցինք, հայհոյանք էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031