«Աշխարհն անհանգիստ է: Վերջերս Սանկտ Պետերբուրգում մասնակցում էի ՀԱՊԿ-ի անվտանգության մարմինների քննարկմանը, հյուպատոսական ծառայությունում տեսա՝ հերթ էր, այսինքն, գրավիչ է դարձել նույնիսկ պատերազմի վտանգի տակ գտնվող Հայաստանը: Գալիս են ընտանիքներով, որակյալ զանգված է, մի մասը կմնան: Շատերը երկրորդ քաղաքացիություն կստանան, դա էլի ռեսուրս է»,-այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ երբ 27 տարին լրացած, բանակում չծառայած քաղաքացիներին համաներել են, հազարավոր տղաներ են եկել: Հայկ Սարգսյանն էլ ուղղեց. «Ցավոք, նրանցից շատերը ուղղակի եկել, իրենց անձնագրերի, կալանքի հետ կապված հարցերը լուծել են, հետո լքել են հայրենիքը, արտագաղթել են էլի»:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ առողջական հիմքով բանակից ազատման խնդրին. «Մոտ 400 հիվանդություններ կան, այդ ցանկը պետք է կարգի բերել: Ես այն տեսակետին եմ, որ մեր ապագա բանակը պետք է կատարյալ առողջ լինի, բայց պետք է նայենք մեր համազգային առողջության խնդիրներն ինչ վիճակում են, որովհետեւ այդտեղ խնդիր ունենք: Չեմ ուզում թվերը բարձրաձայնել: Օրինակ, այդ հիվանդությունների ցանկի մեջ մի հիվանդություն կա՝ հաճախամիզություն, չի կարելի տանել բանակ, ամենավտանգավոր բաներից մեկն է: Կեղծ է արված, թե կեղծ չի՝ երբ որ մարդը այդ խնդիրներով հայտնվում է բանակում՝ ինքը թիրախավորվում է»,- դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին՝ նա ասաց, որ սրան պետք է ուշադրություն դարձնեն ու լուծեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































