«Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, եթե այնպիսի կուլտուրա լինի Հայաստանում, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը պետք է հայտնվի բանտում՝ ով մեղավոր է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ից դուրս եկած նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին։
Նա նշեց, որ Հայկ Սարգսյանին երեխա ժամանակվանից է ճանաչում․ «Բայց նաեւ պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսեւորումներից մեկն է»։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը բացահայտումներ արեց Հայկ Սարգսյանի մասին։
«ՔՊ-ի ու նրա հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, այդ բացահայտումները հիմա արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված, քրեական գործեր կան հարուցված։ Հարաբերությունները լարվել են նրանից, որ երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ։ Լարվել է այն պատճառով, որ պարզվել է՝ ապօրինի պետհամարանիշներով շրջել է ՀՀ-ում՝ որպես արտոնյալ։ Իր օգնականը, վարորդական իրավունք չունենալով, շրջել է։ Եվ երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անվան շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել։ Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Լարվածություն է առաջացել այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցույց տվել, եւ ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը։ Եվ էլի եմ ասում՝ ես կարծում եմ, որ այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց կոռուպցիայի ու իր թիմակիցների ունեցվածքի մասին։ Հարցին, թե իր մոտ հարց չի՞ ծագում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ըստ հայտարարագրերի՝ իր թիմակիցները բնակարաններ ու միլիոններ են նվեր ստանում, օրինակ՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը, Փաշինյանը պատասխանեց․ «Կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարեւոր նախապայմանը թափանցիկությունն է։ Այդ տվյալները, որոնք դուք վերցրել եք, վերցել եք հայտարարագրերից, այսինքն՝ այդ մարդիկ հայտարարագիր են տվել եւ պատասխանատվություն են ստանձնում այդ տվյալների համար»։
Նա նշեց, որ Հայաստանում օրենսդրություն է ընդունված, որն արգելում է պաշտոնյաներին նվեր ստանալ։ «Չենք կարա մենք նվեր ստանանք, հասկանո՞ւմ եք։ Եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվյալները տեսնում է, անհամապատասխանություններ է հայտնաբերում եւ չի ուղարկում իրավապահ մարմիններին, ուրեմն այդ չուղարկող պաշտոնյաները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Իսկ եթե ուղարկում է, քրեական հետապնդման մարմինը պետք է գնահատի՝ կա այդտեղ բան, թե՞ չէ»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ Գարիկ Սարգսյանին վաղուց է ճանաչում, նրանք ընտանիքով մեկնում էին արտագնա աշխատանքի, բիզնես ունեին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































