Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտաբում որեւէ մեկի օգնականը լինելով՝ զինծառայողը երկրի մարտական խնդիր չի լուծելու, հավելյալ արժեք չի ստեղծելու». Հայկ Սարգսյանի նախագծի քննարկումը

Ապրիլ 04,2022 18:25

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծով առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի անդամին՝ եղբորը, որդուն:

Առաջին ընթերցումից հետո առաջարկ է եղել հնարավորություն տալ հրաժարվել այդ իրավունքից՝ իր դիմումի համաձայն ու զորակոչվել: Այսինքն, այն զոհվածների ընտանիքի անդամները, եղբայրները, ովքեր կցանկանան ծառայել, չի լինի խոչընդոտ օրենքով: Այս առաջարկն ընդունվել է, բայց պայմանով՝ եթե զոհված զինծառայողի որդին, օրինակ, ուզում է հրաժարվել իր իրավունքից ու գնալ բանակ՝ ծառայության, չի կարող մեկ ամիս ծառայությունից հետո ասել՝ մտափոխվել եմ, գնում եմ տուն:

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է ոչ թե ազատել այդ անձանց պարտադիր զինծառայությունից, այլ ՊՆ նախարարի հրամանով զորակոչել ՀՀ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներ: Այս առաջարկը չընդունվեց: Հայկ Սարգսյանն ասաց, որ շտաբային ծառայությունը ոչ մի հավելյալ արժեք չի ստեղծի. «Մնալով իրենց տանը՝ այս տղաները կարող են աշխատել ու հոգալ իրենց ընտանիքի հոգսերը: Իսկ շտաբում որեւէ մեկի օգնականը լինելով՝ որեւէ հավելյալ արժեք այս զինծառայողը չի ստեղծելու: Կարող է ուսում ստանա, աշխատի ու նպաստ բերի իր ընտանիքին: Ծնողն էլ կտեսնի որդուն, որը ոչ թե երկու տարի կանցկացնի մեկի շտաբում համակարգչի առաջ նստած, այլ կլինի տանը»:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկել է պարտադիր զինծառայությունից ազատել նաեւ ոչ մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին: Հայկ Սարգսյանն ասաց, որ կլսի ՊՆ-ի տեսակետը՝ ինքը սկզբունքորեն դեմ չէ:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ տիկին Թովմասյանի առաջարկը Հայկ Սարգսյանի նախագծի սկզբնական տարբերակն է ենթադրում, երբ հնարավորություն էին տալիս բոլորին այս տարբերակով ազատվել, բայց քննարկումների ընթացքում եկել են եզրակացության, որ մարտական հերթապահության ժամանակ զոհվածներին միայն պետք է թույլ տան օգտվել:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ այն երիտասարդներին, որոնք 18 տարեկանում չեն ենթադրել, որ պարեկային ծառայող կամ ԱԱԾ ծառայող կարող են դառնալ, 27 տարեկանում զրկում են այդ հնարավորությունից:

Գեղամ Նազարյան

Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ այն ընտանիքներում, որտեղ որդի է զոհվել, տարբեր էմոցիոնալ ֆոն ունեն: Ընտանիքներ կան, որ գտնում են՝ իրենց որդիները պետք է անպայման ծառայեն, կան ընտանիքներ, որ ասում են՝ էլ երբեք թույլ չենք տա: Նա կողմ էր, որ բոլորը ծառայեն:

Հայկ Սարգսյանն ասաց, որ բանակում դեպքեր են լինում, երբ ծառայակիցը կրակում ու սպանում է իր ընկերոջը: Նշված զինծառայողները չեն օգտվի այս հնարավորությունից, ուստի Թագուհի Թովմասյանի առաջարկը չի ընդունվում: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930