Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի և Հայաստանի շուրջ կոնսոլիդացիայի կարիք իրոք կա, բայց ոչ միջազգային հանրության, այլ հենց հայության». Լեւոն Գեւորգյան

Ապրիլ 14,2022 23:13

Մի փոքր երկար և ոչ այնքան իրավական` երեկվա ելույթի մի քանի կետերի մասին.

  1. «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է»… Միջազգային հանրության գնահատականը և դիրքորոշումը Արցախի հարցում ոչ այլ ինչ է, քան ՀՀ կառավարության աշխատանքի անմիջական գնահատական (հանուն արդարության՝ վերջին 30 տարիների աշխատանքի): Վկայակոչել այն, որպես արդարացում որևէ լուծման, նշանակում է կոծկել սեփական ձախողումները և սեփական թիմի պրոֆանպիտանությունը “վաճառել” մեզ որպես անխուսափելի օբյեկտիվ իրականություն: Թե ինչպիսին է եղել ՀՀ գործադիրի և խորհրդարանական դիվանագիտության ակտիվությունը Արցախում և ՀՀ օկուպացված տարածքում ետպատերազմյան շրջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ միջազգային հանրությանը իրազեկելու հարցում, կարծում եմ իմաստ չունի երկար գրել: Պետությունն անգամ փաստացի հրաժարվել է ակտիվ խոսել և դիվանագիտական կռվան սարքել ընթացող դատական գործընթացները: Իր ելույթներում կառավարության ղեկավարը բազմիցս ցույց է տվել, որ Արցախի անվտանգության երաշխավորն այլևս Հայաստանը չէ, իսկ այժմ մեզ համոզում է, որ հայ հասարակությունը պետք է համակերպվի իրենց իսկ անգործության, ձախողումների, անկենսագիր անձանց որպես բարձր մակարդակի բանակցություններում հայ ժողովրդի անունից խոսնակ ուղարկելու և մնացյալի անմիջական հետևանքների հետ…
  2. «… մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ…»: Ո՞վ է ասում, ո՞ր կառույցներն են ասում, ի՞նչ կոնսոլիդացիայի մասին է խոսքը, ինչպե՞ս է ապահովվելու հայության անվտանգությունը «մի փոքր իջեցված նշաձողի» պայմաններում. այս հարցերի պատասխանը կառավարության ղեկավարը բնականաբար չի տալիս: Անձը, ով փաստացի ընդունեց, որ պատերազմի զոհերը տարածքային զիջումների լեգիտիմացման գործիք էին (այսինքն՝ բացառապես ներքին քաղաքական նպատակներին ծառայեցված) և նույն ելույթում իրեն համեմատեց Քրիստոսի հետ (խոսելով իր խաչի մասին), առաջարկում է իրեն հավատալ և համակերպվել ինքնիշխանության հավակնություններից հրաժարման հետ, քանի որ ինչ որ միջազգային խաղացողներ ըստ իրեն առաջարկել են «միջազգային կոնսոլիդացիա…»:

Հավատալ, թե ոչ՝ որոշեք ինքներդ: Ինքս առավել քան համոզված եմ, որ ևս մեկ անգամ փորձ է արվում ամրապնդել ներքին քաղաքական դիրքերը ի հաշիվ արտաքին զիջումների, այս անգամ նոր հովանու ներքո և արդեն իսկ վտանգելով ոչ թե զինվորականների կյանքերն ու առողջությունը, այլ մի ամբողջ 100,000-անոց հայկական համայնք… Իսկ Արցախի համայնքը բնականաբար, թողնված լինելով մեն–մենակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ստիպված է լինելու սեփական անվտանգությունը փնտրել Ռուսաստանի հետ, որից հետո մերձիշխանական «մտքի» կենտրոնները կգան և Ուկրաինայի դրոշը փափուկ հատվածներին դաջված կբղավեն, որ արցախահայությունը դավաճան է՝ ասելով, որ սկզբից էլ նրանց ուզածը դա էր:

  1. «մեզ համար չափազանց կարևոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը … ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան…»: Շատ լավ է, որ կառավարության ղեկավարը սկսել է գիտակցել դատական գործընթացի իրական վեկտորը, սակայն լավ չէ, որ իր իսկ նախորդ թեզերով արդեն իսկ բացառել է գործընթացի նպատակների ամբողջական իրացման բոլոր հնարավորությունները: Խնդրո առարկա դատական գործընթացի նպատակը հենց «նշաձողը» չիջեցնելն է: Մինչդեռ կառավարության ղեկավարը փաստացի իր վրայից գցում է ողջ արցախյան հիմնախնդրի համար պատասխանատվությունը՝ ասելով, որ այլևս այն միայն իրավաբանների բեռն ու խնդիրն է, իսկ քաղաքական և դիվանագիտական աջակցություն չի լինելու… թե մի բան կարող եք անել, արեք…

Հ.Գ. Արցախի և Հայաստանի շուրջ կոնսոլիդացիայի կարիք իրոք կա, բայց ոչ միջազգային հանրության, այլ հենց հայության (ներառյալ սփյուռքը): Եվ այդ կոնսոլիդացիայի առաջնային թիրախը պետք է լինի հենց ներքին վտանգը, ոչ թե արտաքին…

 

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Լեւոն Գեւորգյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930