Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր անգործությունով թույլ եք տալիս, որ ծնողները սամասուդով զբաղվեն». լարված իրավիճակ դատախազության մոտ

Ապրիլ 27,2022 19:15

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին հավաքվել էին գլխավոր դատախազության շենքի մոտ:

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն երեկ հավաք էին նախաձեռնել։ Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, նրանք պահանջում էօն, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում տուժողի  իրավահաջորդի կարգավիճակ ստանան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը իջավ ցուցարարների մոտ եւ նրանց փոխանցեց իրենց պահանջի վերաբերյալ գլխավոր դատախազության կայացրած որոշումը: Ըստ այդմ, դատախազությունը դիմել է Հակակոռուպցիան կոմիտե, որտեղ քննվում է գործը, որպեսզի 44-օրյա պատերազմում զոհված մարդիկ տուժողի կարգավիճակ ստանան, իսկ նրանց հարազատները՝ տուժողի իրավահաջորդի: Դա հնարավորություն է տալու, որպեսզի նրանք հետագայում դատավարությանը մասնակից լինեն: Գլխավոր դատախազությունը բավարարել է նաեւ փաստաբան Արա Զոհրաբյանի միջնորդությունը՝ Նիկոլ Փաշինյանին 44-օրյա պատերազմի քրեական գործով, որպես մեղադրյալ ներգրավելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Հսկող դատախազ Արմեն Մուրադյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ դատախազությունը կաշկանդված չե՞ն Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելու համար, մանավանդ, որ սույն գործը 1,5 տարի շարունակ քննվում է, բայց որեւէ առաջընթաց չկա: Նա հավաստիացրեց, որ կաշկանդվածություն չկա: Պատասխանելով հարցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն արդյոք կկատարի ՀՀ Գլխավոր դատախազության ցուցումները, Արմեն Մուրադյանն ասաց, որ ցուցումներ տալուց հետո քրեադատավարական օրենքով վարույթ իրականացնող քննիչը վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունի ու ինքը չի կարող կանխատեսել՝ վերջինս իր այդ լիազորությունից օգտվելու է, թե ոչ։

Օրենքով սահմանված կարգով, միջնորդությունների քննարկումը պետք է հնգօրյա ժամկետում կայանա: Սա հարուցեց զոհվածների ծնողների զայրույթը: Նրանք պահանջում են որոշում կայացնել 48 ժամում: Իրավիճակը լարվեց, ծնողները լեզվակռվի մեջ մտան դատախազության ներկայացուցիչների հետ, ապա նաեւ միմյանց: Դատախազության պաշտոնյան ոստիկանների օգնությամբ հեռացավ:

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Նազարյանը ծնողներին խնդրեց՝ զուսպ լինել եւ սադրանքների չտրվել, թույլ չտալ, որ ինչ-որ մեկն իրենց օգտագործի եւ առաջնորդվել սահմանված ընթացակարգերով: Զոհվածների ծնողները չէին հանդարտվում: Արսեն Ղազարյանը Գոռ Աբրահամյանից պահանջեց երաշխիքներ տալ, որ այդ հինգ օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի հեռանա Հայաստանից: «Ձեր անգործությունով թույլ եք տալիս, որ ծնողները սամասուդով զբաղվեն»,- Գոռ Աբրահամյանին ասաց նրանցից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

Զոհվածների ծնողները հայտարարեցին, որ հնգօրյա նստացույց են իրականացնելու դատախազության շենքի մոտ եւ եթե իրենց թույլ չտան վրան տեղադրել, պատրաստ են բերման ենթարկվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930