«Տեր ենք մեր հայրենիքին, կքշենք ներքին թուրքին», «Նիկոլ, դավաճան», «Միություն, պայքար, հաղթանակ»,- այսօր «Դիմադրության» շարժման երթերն ուղեկցվում էին այսպիսի կարգախոսներով:
Ինչպես տեղեկացրել ենք, Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկին հայտարարեց, որ նախ երթ կանեն, հետո ելույթներով հանդես կգան: Երթի առաջին շարքում երիտասարդներ էին՝ եռագույններով, իսկ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ մյուս կուսակցականները հետեւի շարքում էին գալիս: ՀՀ ոստիկանության շենքի առջեւ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Այսօր Հայաստանում Նիկոլն ունի մեկ հենարան, դա ՀՀ ոստիկանությունն է եւ ուժային կառույցները: Ինքը այլեւս որեւէ հենարան չունի: Իշխող քաղաքական խմբակն ամեն կերպ բրդում է ոստիկանությանը, որպեսզի դիմեն նորանոր բռնությունների, ապօրինությունների եւ հաճախ ոստիկանությունը տեղի է տալիս ՔՊ-ի ճնշմանը»:
Նա հորդորեց հավատարիմ մնալ ուսադիրներին. «Մի՛ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումները եւ հրահանգները: Նիկոլը ձեզ ամեն կերպ ներգրավելու է իր ապօրինի գործունեության մեջ: Դուք հանուն սահմանադրության, հանուն օրենքների, հանուն ձեր ուսադիրների պետք է այդ ճնշումների տեղիք չտաք, հակառակ դեպքում այդ որոշում ընդունողները հատ-հատ պատասխան են տալու, զգուշացնում ենք: Այսօր անհամաչափ ուժ են կիրառել մեր քաղաքացիների նկատմամբ: Վերջ տվեք ապօրինություններին, մի՛ դարձեք այդ խելագարի գործիքը: Այսօրվանից սկսած՝ հատ-հատ ֆիքսում ենք այն դեմքերը, ովքեր ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառել: Հատուկ զգուշացնում եմ Ներքին զորքերի հրամանատարին, ով տարբեր թելերով կապված է Փաշինյանի հետ, իրեն պահի զուսպ եւ օրենքի շրջանակներում: Այս կոչը հիշեք, այս ամեն ինչը պատահական չէր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































