Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կարեւոր ասելիք ունենք ձեզ մեր վաղվա եւ առաջիկա օրերի հետ կապված». Իշխան Սաղաթելյանը՝ ցուցարարներին

Մայիս 05,2022 19:45

«Դիմադրության» շարժման հանրահավաքն այսօր սկսվեց 1 րոպե լռությամբ հարգելով այսօր սրտի կաթվածից մահացած ցուցարարի հիշատակը:  Չնայած Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ շտապօգնության մեքենան տեղում է եղել 7 րոպե անց, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Քաղաքացին մահացել է, որովհետեւ տարածքում նաեւ շտապօգնության մեքենա չկար: Այս տարածքում բազմաթիվ անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ կան, բայց տարրական շտապօգնության մեքենա չեն ապահովում օրվա իշխանությունները»:

Նա պահանջեց, որ այս պահից սկսած՝ տարածքում մշտապես լինի շտապօգնության մեքենա. «Քաղաքացին դուրս է եկել պայքարի, իր կյանքի վերջին ժամերն անցկացրել է այս հրապարակում: Մենք պայքարի ենք դուրս եկել ու գիտենք ինչի համար, ինչ նպատակով, ժողովրդի կամքը անկասելի է»:

Նա ասաց, որ այսօր առավոտվանից ՀՀ տարբեր քաղաքներում, մայրաքաղաքում փակ են եղել բազմաթիվ ճանապարհներ, փողոցներ. «Մեր մարզային բնակիչները փակ են պահել Երեւան-Արտաշատ մայրուղին, Գեղարքունիքի մարզի Սեւան-Երեւան մայրուղին, Մարտունի-Գավառ մայրուղին, Կոտայքի մարզի Երեւան-Աշտարակ խճուղին, Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ավտոերթ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում եղել է ավտոերթ: Այս պահին փակ է Երեւան-Իջեւան միջպետական ճանապարհը: Առավոտվանից Երեւանի տարբեր փողոցներում մեր հայրենակիցները, մենք բոլորս սկսել եւ շարունակել ենք անհնազանդության ցույցերը: Որքան էլ ոստիկանությունը պնդի, թե փողոցները բաց են, բայց դուք տեսաք, թե ամբողջ օրը ինչ է կատարվում քաղաքում: Իրոք, ժողովուրդը ոտքի է կանգնել, մեր պահանջը հստակ է, հանրային պահանջը՝ ձեւավորված»:

Իշխան Սաղաթելյանն առաջարկեց Սայաթ-Նովա փողոցով սկսել անհնազանդության երթ, հետո վերադառնալ հրապարակ, նոր ելույթներ ունենալ. «Կարեւոր ասելիք ունենք ձեզ մեր վաղվա եւ առաջիկա օրերի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031