Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում. Մհեր Գրիգորյան

Մայիս 11,2022 23:55

Երևանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահ, մեծարգո՛ պարոն Մեհրաբիան,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախևառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո այսօր Երևանում գումարվում է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։ Հատկանշական է, որ նիստը ընթանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։

Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար։ Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը ամբողջապես իրացնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների համար։

Վստահաբար կարող եմ նշել, որ մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։

Հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ ինտեգրման հարցում՝ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպես նաև բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն։

Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը՝ կցանկանայի նշել, որ մեծապես կարևորում ենք էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես՝ գազ- էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-Հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ:

Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում։

Կշեշտեմ նաև, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման, սահմանային և մաքսային վարչարարության լավարկման ուղղությամբ համագործակցությունը իր հերթին կնպաստի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Հարգելի՛ ներկաներ,

Ցանկանում եմ կարևորել այն փաստը, որ մեր փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում մշակվել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ուղենիշները: Արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների փորձագիտական պատվիրակություններին կատարված նախապատրաստական արդյունավետ աշխատանքի համար:

Ուրախ եմ արձանագրել, որ առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատվիրակությունների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է այսօր ստորագրվելիք համապարփակ փաստաթուղթը:

Պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը իրենց հարաբերություններում մշտապես առանձնահատուկ կարևորություն են տալիս գործարարների միջև համագործակցության խթանմանը, և այս ուղղությամբ հատկանշական է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նաև տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Վստահ եմ, որ տնտեսական այս կարևոր միջոցառումը ևս հարթակ կդառնա հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։

Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները արդյունավետ կերպով կշարունակեն համագործակցությունը՝ այսօր ստորագրվելիք փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Ամփոփելով թույլ տվեք վստահություն հայտնել, որ ստորագրվող փոխըմբռնման հուշագիրը կբացի նոր հնարավորություններ երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ ի բարօրություն հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների։

Շնորհակալություն»:

Նիստից առաջ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ Մհեր Գրիգորյանը և Ալի Աքբար Մեհրաբիանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031