Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք ոստիկան ծեծել են 15-ամյա անչափահասին, սեռական հայհոյանքներ տվել. Սերգեյ Հարությունյան

Մայիս 18,2022 23:03

«Իմ փաստաբանական գործունեության եւ իրավաբանի կենսագրության ընթացքում ես նմանատիպ դեպք չեմ լսել, որ անչափահաս, 15-ամյա երեխային, երեք ոստիկան՝ գետնից գցեն եւ ծեծեն. ոչ հանցագործ, ռեցիդիվիստ էին էլի, սովորական, լավ ընտանիքից, իր իրավունքներն իմացող, հայրենիքի համար պայքարող երեխա, որն ընդամենն իրազեկման գործողություն է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Խոսքը 15-ամյա Ալեքսանդր Խաչատրյանի մասին է, ով այսօր, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում իրազեկման գործողության է մասնակցել: Ալեքսանդր Խաչատրյանին եւ 17-ամյա Ալեքսանդր Քոչարյանին ոստիկանները բերման էին ենթարկել՝ բռնի ուժ կիրառելով: Պարզվում է, դա նրանց չի բավարարել:

«Երկու անչափահաս ակտիվիստ երեխաներ, մետրոպոլիտենում, իրազեկման խաղաղ գործողություն են իրականացրել, որտեղից իրենց բռնի կերպով եւ անհամաչափ ուժ կիրառելով բերման են ենթարկել՝ ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին: Երեխաների ձեռքից վերցրել են հեռախոսները՝ թույլ չտալով նրանց զանգահարել ոչ ծնողներին, ոչ փաստաբանին: Այնուհետեւ, երբ տղաները պնդել են, խնդրել են՝ ասելով, որ դա իրենց իրավունքն է, ոստիկանության աշխատակիցը՝ բաժնի պետի տեղակալը, սեռական հայհոյանքներ է տվել տղաներին, հարվածել: Ապա 15-ամյա Ալեքսանդր Խաչատրյանին երեք ոստիկան ծեծի են ենթարկել, իսկ երբ 17-ամյա Ալեքսանդր Քոչարյանը փորձել է պաշտպանել ընկերոջը, ոստիկանները ոտքերով են հարվածել գլխին եւ մարմնին»,- մանրամասներ ներկայացրեց փաստաբանը:

Երբ փաստաբանը եւ ծնողները հասել են դեպքի վայր, ոստիկանները նրանց փորձել են համոզել, թե ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չկա, մի կես ժամից տղաներին կթողնեն: Պաշտպան Սերգեյ Հարությունյանը պատմեց՝ նկատել են, որ տղան կաշկանդված է եւ այլայլված, առանձնազրույց է փորձել ունենալ հետը, ոստիկաններն իրար են խառնվել՝ փորձելով թույլ չտալ. «Բայց երբ տղան պատմեց, թե ի՞նչ է եղել, ոստիկանները փորձում էին համոզել, որ դիտավորություն չկա՝ դեպք է, եղել է, քաշքշոցի մեջ եւ այլն»: Ավելի ուշ, երբ փաստաբանն ավելի կոպիտ է պնդել, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու, ականատեսները պատմել են դիպվածի մանրամասները:

Դեպքի առիթով հանցագործության մասին հաղորդում արդեն ներկայացվել ՀՔԾ հակակոռուպցիան կոմիտե: Թե ի՞նչ ընթացք կստանա՝ ժամանակը ցույց կտա:

Ի դեպ, օրենքը չի արգելում անչափահասներին նման գործողություններ իրականացնել: Ավելին, երբ 16 տարին չլրացածին բերման են ենթարկում, նրա նկատմամբ վարչական վարույթ էլ չեն կարող հարուցել. անմիջապես պետք է ծնողին տեղեկացնեն, եթե ծնողը համաձայնություն է տալիս՝ ազատ են արձակում, հակառակ պարագայում, ծնողը ներկայանում եւ տանում է երեխային:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031