Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքն է եղել, որ ադրբեջանցու հետքի վրա ենք դուրս եկել և ձերբակալել»․ Արփինե Սարգսյանը՝ Շաքիի դեպքի մասին

Հոկտեմբեր 26,2026 15:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ Շաքիի դեպքին, երբ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն և զենքով հարձակվել ընտանիքի անդամների վրա՝ ծանր վիրավորում հասցնելով Անի Ավետիսյանին։

«Դեպքի առնչությամբ կինն ի սկզբանե ահազանգել է համայնքային ոստիկանին, և ես նախկինում նշել եմ, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ։ Նախորդ օրը այդ ոստիկանը եղել է հերթապահության մեջ, մեր ստանդարտ գրաֆիկով այդ օրը նա եղել է հանգստի մեջ։ Փոխարինող, իհարկե, եղել է, Սիսիանի բաժնում մեր ամբողջ անձնակազմն աշխատել է, ուղղակի կինը ունեցել է տվյալ ոստիկանի բջջայինը։ Եվ զանգել է այն համայնքային ոստիկանին, ում ճանաչել է, այսինքն՝ ոչ թե ուղղակի ոստիկանական համակարգ ահազանգ է ուղարկել, այլ իրեն ծանոթ ոստիկանին է զանգել։ Ստացել է ահազանգը, և չանցած 10 րոպե, ես չեմ ուզում րոպեի ճշգրտությամբ հիմա որևէ բան նշել, որովհետև վարույթ իրականացնող մարմինը պատեհ պահին հանդես կգա կոնկրետ րոպեի մատնանշմամբ, բայց չանցած 10 րոպե՝ ոստիկանը եղել է դեպքի վայրում արդեն, երբ դեպքը տեղի ունեցած է եղել»,- ասաց նա։

Նա հավելեց, որ ոստիկանը ճիշտ է վարել պրոցեսը, դրանից ավելի արագ հնարավոր չէր հասնել և որևէ բան կանխել։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ կինն ավելի շուտ է հասել տուն, քան ոստիկանը, Արփինե Սարգսյանն ասաց․ «Ես չեմ ուզում մեկնաբանել տուժողի խոսքերը՝ հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը և ողբերգական դեպքը, որը տեղի է ունեցել իր հետ, բայց ես պիտի փաստեմ, որ ոստիկանն ավելի հեռավոր տարածության վրա է եղել, քան կինը։ Եվ կինը ոստիկանին զանգահարել է արդեն գրեթե տան մոտակայքում լինելու պայմաններում»։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ոստիկանը, հասնելով դեպքի վայր, ուղղորդել է տղային, որպեսզի ահազանգի 112 ծառայություն, որպեսզի ուժեր գան օգնության։

«Մեր ստանդարտով՝ եթե 112 ծառայություն ահազանգ է ստացվել, 10 րոպեում օպերատիվ խումբը պիտի մեկնի։ Բայց 10 րոպեում ամբողջ բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ եղել է տեղում։ Ընդ որում, հենց ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքն է եղել, որ անձի հետքի վրա ենք դուրս եկել։ Եվ հնարավորինս կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել հայտնաբերել և ձերբակալել»,- հավելեց նա։

Արփինե Սարգսյանն ասաց, որ այս դեպքով այլ նոր հանգամանք դեռևս չկա։

«Ես վստահ եմ, որ երբ նախաքննական մարմինն ավարտի աշխատանքները, կիրազեկի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել