Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանին կալանավորելու՝ դատախազի հակափաստարկն ընդամենն իր տեղեկությունն է. Վարազդատ Հարությունյան

Մայիս 30,2022 22:12

«Մենք մեկ առ մեկ անդրադարձել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման երեք հիմքերին: Դրանցից երկուսն առհասարակ առնչություն չունեն կալանավորման հիմքի հետ, երրորդն էլ ոչ միայն չի պարունակում հիմնավորում՝ Չալաբյանին կալանավորելու, այլ հերքում է նման կասկածի առկայությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը (լուսանկարում)

Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով:

Ըստ Վարազդատ Հարությունյանի՝ դատախազն իր ելույթում բացարձակ չի անդրադարձել Ավետիք Չալաբյանի կալանավորման հիմքերին. «Մենք ասել ենք, որ հուլիսի 1-ից, ուժի մեջ է մտնում նոր ՔՕ-ն, եւ Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը հանցագործություն չի լինելու այլեւս: Դատախազն, իբրեւ հակափաստարկ, ասում է՝ իմ տեղեկություններով, օրենսդրական նախաձեռնություն է նախապատրաստվում, որ նոր ՔՕ-ում փոփոխություն կատարվի, այդ արարքն էլի քրեականացվի: Մի կողմից, մենք ունենք փաստական կոնկրետ տվյալ, որ այդ արարքը հուլիսի 1-ից չի լինելու քրեական, բայց դատախազի տեղեկությունները… չգիտեմ, երեւի պատգամավորների հետ անձնական շփումներից գիտի, թե որտեղից գիտի, կամ, միգուցե Ավետիք Չալաբյանի նկատմամբ այս քրեական հետապնդման շրջանակներո՞ւմ են մտածել, որ կարելի է փոխել, որպեսզի, անպայման, Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակեն, այդ ինչ-որ անհայտ տեղեկությունները դատարանի համար փաստարկ է»:

Պաշտպանը պնդում է, որ ընդհանրապես, դատական ակտի հիմնավորվածության մասին խոսել չենք կարող, որովհետեւ առաջին ատյանի դատարանի դատական ակտում պաշտպանական կողմի անկյունաքարային, հիմնական դիրքորոշումներն անգամ չեն արտացոլվել. «Դատարանը զլացել է անգամ գրի, որ պաշտպանական կողմն այսինչ կամ այնինչ բան ասաց. անգամ այդ վարժությունը չեն կատարել, իսկ նման պարագայում պատճառաբանված դատական ակտի մասին խոսելը խիստ միամտություն է»: Այս համատեքստում, դատախազի բերած հակափաստարկները պաշտպանները սակավաթիվ եւ ոչ ըստ էության են որակում:

Վարազդատ Հարությունյանը հեգնանքով նկատում է. «Ոչինչ, որ հիմնավոր կասկածը հաստատելու փաստարկ չկա, որ որեւէ քննչական գործողություն այդ առիթով չի արվել, կարեւորը, որ դատախազը տեղեկություն ունի, որ օրենքը փոխվելու է, եւ այդ արարքը շարունակելու է մնալ քրեորեն դատապարտելի. այս պայմաններում վաղը բողոքի քննությունը կշարունակվի, տեսնենք, թե Արմեն Դանիելյանն ինչ որոշում կկայացնի»:

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն պաշտպանները չեն ներկայացրել՝ Ավետիք Չալաբյանի խնդրանքով, բայց հիշեցնում են, որ հանրությանը հայտնի չէ Վերաքննիչ քրեական դատարանում որեւէ աղմկոտ գործ, որը չի հանձնվել Արմեն Դանիելյանի քննությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031