Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Ծանրամարտը շատ դժվար մարզաձեւ է, որտեղ մեկ ակնթարթի արած սխալը կարող ես ուղղել մեկ տարի հետո»

Հունիս 07,2022 16:43

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարեց, որ լրատվամիջոցներում սխալ տեղեկություն է տարածվել: «Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է ոչ թե 3-րդ, այլ 2-րդ տեղը»,- ասաց նա: Որպես ապացույց, նա իր հետ բերել էր գավաթը:

Այնուհետեւ, պատասխանելով հավաքականի կազմում երիտասարդ ծանրորդների առկայության մասին հարցին, ասաց. «Միշտ ասել եմ, որ ես ընդհանրապես կտրուկ սերնդափոխություն չեմ անում: Սերնդափոխությունը լինում է ընթացքում, ինչպես Ռուբեն Ալեքսանյանի եւ Վարազդատ Լալայանի պարագայում: Սակայն այդ երիտասարդները արդեն փորձառու են, պատահական մարդիկ չեն հավաքականում: Նրանք անցած տարի եղել են տարբեր տարիքային խմբերի չեմպիոններ: Եվ ես իրենցից շատ գոհ եմ, կեցցեն իրենք: Երբեմն ես մեր մարզիկների մասին խոսելիս հուզվում եմ, որովհետեւ շատ ծանր մարզաձեւ է, սառը երկաթ: Ծանրամարտում մեկ ակնթարթի արած սխալը պետք է ուղղես մեկ տարի հետո», ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Իսկ հարցին, թե ո՞ր մարզիկներից ավելի մեծ սպասելիքներ ուներ, պատասխանեց. «Բոլորից: Երբեմն հարցնում են նաեւ, թե գո՞հ եմ արդյունքներից: Պատասխանում եմ. եթե գոհ եղա, այլեւս չեմ աշխատի, այսինքն՝ էլ անելիք չունեմ: Բայց դժգոհ էլ չեմ: Անելիքներ կան: Ծանրորդ կա, որ զբաղեցրել է 3-րդ տեղը՝ նա հաջորդ անգամ պետք է 2-րդ լինի»:

Հարց եղավ նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձի մասին: «Ճիշտ է, ես կանանց հավաքականի գլխավոր մարզիչը չեմ, սակայն նաեւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը լինելով՝ կպատասխանեմ: Հռիփսիմեն առաջին հայ կին ծանրորդն է, որը 2002 թվականին մասնակցել է միջազգային մրցման: Նա այն ժամանակ գրավեց 3-րդ տեղը: Բայց հիմա Հռիփսիմեի համար շատ դժվար է լինելու: Բոլոր մեծ մարզիկներն էլ թողնելուց հետո ուզում են վերադառնալ: Բայց ես դեռ չեմ տեսել, որ վերադառնալուց հետո մեծ արդյունքների հասնեն: Տա Աստված, որ Հռիփսիմեն ապացուցի հակառակը»:

Մասնագետը նաեւ ասաց, որ օլիմպիական խաղերին մեզ տրվել է տղամարդկանց եւ կանանց 3-ական տեղ եւ այսօրվանից պետք է աշխատել, որպեսզի հասկանան, թե որ քաշային կարգերում պետք է մասնակցել: Սակայն տղամարդկանց համար ասաց, որ մեծ է հավանականությունը, որ դրանք կլինեն 89, 102 եւ +109 կգ քաշային կարգերը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930