Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան ձգտում է ամեն գնով ձերբազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, այն աստիճանի, որ պատրաստ է նույնիսկ աչքերը փակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա. Արտակ Զաքարյան

Հունիս 10,2022 22:44

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվրոպան ձգտում է ամեն գնով ձերբազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, այն աստիճանի, որ պատրաստ է նույնիսկ աչքերը փակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկվում է, որպես ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մեկը:

Պատահական չէր, որ 2018թ.-ին ակտիվ աջակցություն ստացած, իսկ հետագայում նաև ողջունված «թավշյա հեղափողությունը» ԵՄ-ի սրտով էր: Պատահական չէր, որ Նիկոլի քաղաքական հիմարությունների և դրա արդյունքում Ադրբեջանի ստացած քարտ բլանշով հրահրված 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդավարական Եվրոպան առ այսօր չի դատապարտել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված անմարդկային ագրեսիան: Պատահական չէր, որ Հայաստանի իշխանությունը զավթած մի շարք սորոսածին պաշտոնյաներ, պատերազմի նախօրեին, “կրծքով” պաշտպանում էին ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը: Պատահական չեն այն խոսակցությունները, որ 2021թ. արտահերթ ընտրություններում, ՀՀ-ում ԵՄ դեսպանները շունչները պահած հետևում էին Նիկոլի հաղթանակին, որպեսզի շարունակեն ԵՄ շահերից բխող և Ադրբեջանին սիրաշահող քաղաքականությունը: Պատահական չէ, որ բրյուսելյան բանակցություններով ստիպում են, որպեսզի դավադրության մեջ թաթախված Նիկոլը հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցից ու կեղծ խաղաղության պայմանագիր ստորագրի: Պատահական չէ, որ ոստիկանները բիրտ ուժով ճնշում են Արցախի և Հայաստանի շահերի համար պայքարող քաղաքացիներին, իշխանության քննադատները բանտարկվում են, երկրում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվում է պատվիրված դատավարություններ իսկ ԵՄ ներկայացուցչությունը ողջունում է ՀՀ կառավարությանն ու հայկական «ժողովրդավարությունը»:

Այս ամենն իհարկե մենք շատ լավ հասկանում ենք, որովհետև մի փոքր պատկերացում ունենք աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներից, բայց մեր խնդիրն է դիմանալ և մինչև վերջ չզոհաբերվել օտար քաղաքական, էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական շահերին: Պատմության ընթացքում շատ ենք տուժել՝ հենց զոհաբերվելու պատրաստակամության արդյունքում, ինչպես նաև ներքին դավաճանների շնորհիվ: Բավական է, որքան զոհաբերվեցինք՝ տարածքներ, մարդկային կյանքեր, սեփական անվտանգություն և այլն:

Ուկրաինայի պատերազմից հետո, այս գործընթացն ավելի ցայտուն է դարձել: ԵՄ-ում գտնում են, որ Ադրբեջանը կարող է փոխարինել ՌԴ-ից ստացվող գազի որոշ ծավալը: Մինչ այս ձմեռ, Ադրբեջանի պատճառով Արցախը շուրջ երկու շաբաթ սառչում էր առանց գազի, այդ ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է 30%-ով ավելացնել դեպի Եվրոպա գազամատակարարումը: Միայն այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 2,6 մլրդ խ/մ:

Բրյուսելի համար ադրբեջանական այդ առաջարկը գտնված երազ էր: Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովի նոր էներգետիկ պլանով առաջարկվում է 30%-ով կրճատել Ռուսաստանից ստացվող գազի ծավալները, այն փոխարինելով այլ աղբյուրներով:

2021թ-ին ԵՄ-ն ՌԴ-ից ստացել է 155 մլրդ խ/մ գազ: Ադրբեջանը մոտակա տարիներին, դեպի ԵՄ իր գազային մատակարարումները կարող է հասցնել մինչև 20 մլրդ խ/մ, ինչը կազմում է ՌԴ-ից ԵՄ գազի կախվածության 1/8-րդ մասը, այնուամենայնիվ ԵՄ-ն կարծես թե պատրաստ է հանուն դրա կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները և համագործակցել դիկտատոր Ալիևի հետ, ինչպես նաև աջակցել դիկտատորի վերածված Նիկոլին:

Երկու ամիս առաջ Եվրախորհրդարանը 635 կողմ ձայնով դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար, սակայն կարճ ժամանակ հետո՝ մայիսին այդ բանաձևը մոռացվեց, ԵՄ-Ադրբեջան բարձր մակարդակով անցկացված էներգետիկ քննարկումների ֆոնին: Ադրբեջանն անկասկած շարունակելու է օգտագործել էներգետիկ լծակները՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ իր բոլոր պահանջները մեկ առ մեկ կատարելու համար: ԵՄ-ն հանուն գազի և հանուն ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ:

44-օրյա պատերազմից մեկ տարի հետո, 2022թ. Բաքուն ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ հասցնելով այն 2,6 մլրդ դոլարի, ինչն իր ՀՆԱ-ի 5%-ից ավելի է: Այսօր էլ մեծ թափով այն վերազինվում է, ձեռք բերելով սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակվելու և օգտվելով իր դերակատարությունից ու Թուրքիայի անմիջական աջակցությունից՝ շարունակելու է անմիջական սպառնալիք հանդիսանալ նիկոլիզմի պատճառով թուլացած ու անօգնական դարձած Հայաստանի ու Արցախի համար»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930