Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկել են Մրգավետ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի զոքանչի տունը. թոռան խնամակալության շուրջ վեճը շարունակվում է

Հունիս 19,2022 20:29

Երեկ՝ հունիսի 18-ին, ոստիկանությունը խուզարկություն է կատարել Մրգավետ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի զոքանչի տանը: Պատճառը թոռնիկի շուրջ առաջացած վեճն է:

Գագիկ Սարգսյանի պաշտպանն Aravot.am-ին է տրամադրել տեսանյութ, որում ՀԿԱԾ հոգեբանը երեխային համոզում է, որ գնա մորական պապի՝ Ավետիք Աբրահամյանի մոտ, բայց երեխան չի գնում, փաթաթված է հոգեբան կնոջ վզին: «Այսինքն, հարկադիրը՝ տեսնելով, որ երեխան պապի մոտ չի գնում, բոլոր դեպքերում, վերցնում են եւ տալիս են պապին, կարելի է ասել՝ երեխայի կամքին հակառակ: Այսինքն, հաշվի չեն առել երեխայի լավագույն շահը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երեխան երեք տարուց ավել բնակվել է հորական պապի եւ տատի տանը՝ Նարեկ Սարգսյանի եւ Տաթեւիկ Աբրահամյանի հետ: Տաթեւիկին ձեռնպահ եմ մնում «սպանված» ասել, քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չունենք: Ու այս պայմաններում, զուտ դատարանի՝ բնակության վայրը որոշելու հայցի ապահովման շրջանակներում, երեխային տալիս են մորական տատին-պապին, այն էլ այն դեպքում, երբ դատարանի այդ որոշումը Նարեկ Սարգսյանի փաստաբանը վիճարկել է»,- Aravot.am-ին կատարվածի մասին մանրամասներ ներկայացրեց պաշտպան Աննա Ծառուկյանը:

Հիշեցնենք, մայիսի 5-ին ոստիկանները Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերել էին 35-ամյա Տաթեւիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով: Տաթեւիկ Աբրահամյանը Ավետիք Աբրահամյանի դուստրն է: Տաթեւիկի սպանության մեջ կասկածվում է նրա նախկին ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104-րդ հոդվածի առաջին մասով, նա կալանավորված է, իսկ Նարեկ Սարգսյանի եւ Տաթեւիկ Աբրահամյանի ծնողների միջեւ վեճ է առաջացել՝ Նարեկի եւ Տաթեւիկի դստեր խնամակալության հարցով :

Աննա Ծառուկյանը տեղեկացրեց, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նարեկ Սարգսյանի փաստաբանների բողոքը՝ կասեցնելով մայիսի 13-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի որոշումը՝ անչափահաս երեխայի խնամքը Տաթեւիկ Աբրահամյանի հորը՝ Ավետիք Աբրահամյանին հանձնելու մասին: «Նախ՝ նման օրենսդրություն չկա, որ առանց խնամքի մնացած երեխայի խնամքը հանձնեն պապին-տատին, երբ Նարեկ Սարգսյանին ոչ խնամակալության իրավունքից են զրկել, ոչ էլ ծնողական իրավունքից: Սա բացահայտ ապօրինություն է: Օրենքը սահմանում է, որ երեխայի բնակության վայրը սահմանվում է ըստ հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայրը Նարեկ Սարգսյանի ծնողների հասցեն է»,- ասաց Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ Գագիկ Սարգսյանի տան խուզարկության ժամանակ այդ բոլոր փաստերը ներկայացրել է ոստիկաններին, սակայն, նրանք չեն արձագանքել. «Եկել էին խուզարկության որոշմամբ. դատարանի՝ 16. 06. 22, խուզարկության որոշման մեջ սեւով սպիտակի վրա արձանագրված էր՝ համապատասխան հասցեում կատարել խուզարկություն, հայտնաբերել Լ. Ս.-ին եւ իր իրերը եւ վերցնել դրանք: Բայց, քրեական դատավարության մեջ «անձին վերցնել» հասկացողություն չկա, որովհետեւ անձը իր չի որ վերցնեն, անձին պետք է բերման ենթարկեն: Ուստի, իրենք առնվազն պետք է արձանագրեին, որ այդ բնակավայրում հայտնաբերվել է Լ. Ս-ն, նրա իրերը առգրավվեին եւ հեռանային: Այնուհետեւ, այդ արձանագրությունը կարող էին փոխանցել հարկադիր մարմին, հարկադիրը գար եւ երեխային փոխանցեր պապին, թեկուզ, ոստիկանության միջոցով, եթե, իհարկե, դրա իրավական հիմքերը ունենար: Այս պահի դրությամբ, դա վիճարկվում է: Ոստիկանությունը որեւէ կերպ չէր արձագանքում իմ ասածներին, իրենք գտնում էին, որ անչափահասին բերման ենթարկելու հնարավորություն ունեն: Այսինքն, բառացի այդպես չէին ասում, ասում էին, որ բերման չեն ենթարկում, ես էլ հարցնում էի՝ բա ձեր գործողությունն ի՞նչ է, եթե ոչ բերման ենթարկել, երեխան առարկա չէ, որ վերցնեք եւ տանեք: Ամեն դեպքերում, երեխան, Նարեկ Սարգսյանի քրոջ գրկից չիջնելով, վզից կախվելով, տեսանյութը կա ինձ մոտ, թեթեւակի հրելով, գոռգոռալով՝ վերցրեցին ու տարան»: Իրավիճակից ելնելով, ոստիկանության ներկայացուցիչը որոշում է կայացնում՝ բոլորին բերման ենթարկել. «Երեխային էլ՝ Նարեկ Սարգսյանի քրոջ գրկում՝ նստեցրեցին մեքենան, տարան Արտաշատի հարկադիր կատարման մարմին, հետո թե ի՞նչ պատահեց՝ չգիտեմ, որոշեցին, որ ըստ օրենքի, հանձնման տեղը Երեւան քաղաքի Հալաբյան 41 հասցեում գտնվող ՀԿԱԾ գլխավոր շենքում է եւ տեղափոխեցին այնտեղ: Տեսանյութում տեսաք՝ ինչ է կատարվում, երեխան նույնիսկ պապի կողմը չի շրջվում եւ այս պարագայում, երեխային մորական պապին են փոխանցում»:

Տեսանյութը պաշտպանները նաեւ հոգեբաններին են ուղարկել՝ համապատասխան եզրակացության համար: Տեսանյութում նաեւ Ավետիք Աբրահամյանի տղան է երեւում, ով ՊԵԿ պաշտոնյա է եւ կատարման կողմ չի հանդիսանում, ուստի իր ներկա գտնվելը ՀԿԱԾ-ում Սարգսյանները նույնպես ապօրինի են համարում:

Աննա Ծառուկյանը ստանձնել է նաեւ Նարեկ Սարգսյանի պաշտպանությունը: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՔՕ-ի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ նախկին կնոջը սպանելու համար, բայց, ըստ պաշտպանի, Տաթեւիկը Նարեկի նախկին կինը չի. «Նարեկ Սարգսյանը պնդում է, որ տուժողի կենդանության օրոք՝ մինչեւ վերջ, եղել է նրա ամուսինը, իրենք ակտիվ ընտանեկան կյանքով են ապրել: Ճիշտ է՝ ասում է, որ եղել է նաեւ, որ ծնողների տուն է այցելել գիշերակացով, բայց հետո եկել է կնոջ եւ երեխայի մոտ: Բացի այն, ՔԿԱԳՎ-ի համապատասխան գրանցման պարագայում, քննիչը որոշել է մեղադրանքի մեջ օգտագործել «նախկին» բառը, առաջադրված մեղադրանքի պարագայում, իմպերատիվ է նաեւ հանցագործության կատարման շարժառիթի եւ նպատակի ամրագրումը, այդ մասին կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, ավելին, դա հանցակազմի պարտադիր տարր է, սակայն, մեղադրանքում, կնոջը ենթադրյալ խեղդամահ անելու ոչ շարժառիթ, ոչ նպատակ նշված չէ»: Փաստաբանը սա դասում է այս գործի ապօրինությունների շարքին: Նաեւ, դեռեւս չկա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, բայց նման պարագայում ՔՕ համապատասխան հոդվածով է որակվել կատարվածը, երբ, ըստ պաշտպանի, չի բացառվում, որ կարող է փորձաքննությունն այլ եզրակացություն տա. «Օրինակ, բժշկական անփութություն, որովհետեւ շտապ բուժօգնությունը հենց Նարեկ Սարգսյանն է կանչել՝ ասելով՝ հասեք, ուշագնաց վիճակ է… Ձեռքիս տակ կան փաստական տվյալներ, որոնք նախաքննությամբ պայմանավորված, որոշակի գաղտնիություն են պարունակում, չեմ կարող հրապարակել, բայց Նարեկ Սարգսյանն է զանգահարել շտապ բուժօգնություն, իսկ նման պարագայում, նույնիսկ տրամաբանություն չկա, եթե ինքը սպանած լիներ՝ ինչո՞ւ պիտի զանգեր. Նարեկ Սարգսյանին հիմա անգամ ՀՀ-ում չէինք գտնի, անմիջապես տոմս կգներ եւ կհեռանար Հայաստանից, եթե ինքը կատարած լիներ այդ արարքը»:

Ի սկզբանե, լրատվամիջոցներում շրջանառվեց, որ Նարեկ Սարգսյանը ոստիկանության բաժին է ներկայացել՝ բացատրական աշխատանք տանելուց հետո: Պաշտպանն ասում է. «Գործի նյութերին ծանոթանալուց հետո, նկատել ենք, որ Նարեկ Սարգսյանը ստորագրել է մի արձանագրման տակ, որ իբրեւ իր հետ բացատրական աշխատանք տանելուց հետո ներկայացել է եւ տվել է իբրեւ խոստովանական հայտարարություն, որ ինքն է կատարել հանրորեն վտանգավոր արաքը: ՔԿՀ-ում, քննիչի ներկայությամբ, ցույց ենք տվել եւ հարցրել՝ տեղյա՞կ է, թե ինչի՞ տակ է ստորագրել. կարդացել է եւ ասել, որ այդ ժամանակ իրեն ասել են՝ սա քո ներկայանալու թուղթն է, ստորագրի, քանի որ կին էի կորցրել շատ հուզված էի, ոչ մի բանի չեմ նայել, չեմ տեսել, թե ինչի տակ եմ ստորագրում, դրանք նույնիսկ իմ բառերը չեն: Հետեւաբար, իր կողմից հանրայնորեն վտանգավոր արարք կատարելու մասին խոսք անգամ գնալ չի կարող, նման մեղադրանքն իրականության հետ աղերս չունի»:

Նարեկ Սարգսյանը պաշտպաններին պատմել է, որ հարեւաններից մեկն իրեն ասել է՝ իրեն ոստիկանությունից են հարցրել եւ ինքը գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, հասկանալու համար, թե ինչու են իրեն հարցրել. «Արաբկիրի ոստիկանությունն է քննում գործը, բայց ինքը Արտաշատ է ներկայացել, այսինքն, կարծում եմ, մտքով անգամ չի անցել, թե ինչի համար է գնում: Ինքը օրինապաշտ քաղաքացի է եւ անվախ տղա. հետեւաբար, կանչել են՝ գնացել է, խնդիր չի սարքել ու տեղում է կասկածել, որ գնում է դեպի ձերբակալման»:

Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հանցակազմի բացակայությամբ պայմանավորված Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, որովհետեւ շարժառիթը եւ նպատակը մեղադրանքում առկա չէ: Նաեւ միջնորդել են, որ մեղադրողը պարզաբանի, թե ո՞րն է նպատակը եւ շարժառիթը, որ Նարեկ Սարգսյանը սպաներ կնոջը:

Նարեկ Սարգսյանը հոր Գագիկ Սարգսյանի հետ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին եւ 44-օրյա պատերազմին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930