Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Քաղաքականի» եւ «կենցաղայինի» սահմանը

Հունիս 22,2022 10:00

Ընդդիմությունն ասում է, որ անցած շաբաթվա վերջում Նիգավանում տեղի ունեցած արյունալի փոխհրաձգությունը «քաղաքական» էր, իսկ իշխանությունը (ի դեմս, մասնավորապես, ոստիկանության) պնդում է, որ ոչ՝ «կենցաղային» էր: Պետք է, հավանաբար, պարզել «քաղաքականի» եւ «կենցաղայինի» սահմանները:

Արդյոք քաղաքակա՞ն իրադարձություններ էին «Առագաստ» սրճարանում մարդ սպանելը, «Հարսնաքար» ռեստորանի մոտ նմանատիպ հանցագործությունը, «ՏԷՑ-ի կրուգի» ճակատամարտը կամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մարդուն գնդակահարելը: Եթե «քաղաքականության» տակ հասկանում ենք գաղափարների պայքարը՝ հանուն ավելի լավ ապագայի, ապա նշված բոլոր իրադարձությունները, ներառյալ Նիգավանի փոխհրաձգությունը, քաղաքական չեն: Բայց եթե մենք ուզում ենք իմանալ 30 տարի Հայաստանում տիրող բարքերի եւ իշխանությունների հետ փոխկապակցված մարդկանց  ամբարտավան կեցվածքի մասին, ապա այդ բոլոր դրվագները շատ խոսուն են եւ կապ ունեն այս տասնամյակների ընթացքում վարվող քաղաքականության հետ:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ այդ պաշտոնը նախկինում զբաղեցնողի խնջույքը նույնպես քաղաքական իրադարձություն չէր: Երկու տղամարդ նստել, «մի կտոր հաց են կերել», եւ մեկը մյուսին ձայնագրել է: Բայց այն, ինչ խոսել է Ջհանգիրյանը, անմիջապես առնչվում է քաղաքականությանը: Եվ խոսքն ամենեւին նրա բառապաշարի մասին չէ՝ նման միջավայրում բոլորս կարող ենք մեզ ազատ զգալ: Խնդիրը Ջհանգիրյանի ասածների բովանդակությունն է: Նա եւս մեկ անգամ հաստատել է այն, ինչը մենք առանց նրա էլ գիտենք. իրավապահ մարմիններն ու դատարանները 30 տարի զբաղվել եւ զբաղվում են ապօրինություններով, թույլ են տալիս կամայականություններ, իսկ դրանց համար չպատժվելու գինը քաղաքական իշխանություններին հավատարիմ լինելն է: Ջհանգիրյանը փաստացի խոստովանում է, որ խառնվել է քրեական գործերի ընթացքին, խոչընդոտել է դրանց հարուցմանը եւ ինչ-որ մարդկանց անձեռնմխելիությունն է ապահովել:

Նույնը կարող է խոստովանել իրավապահ համակարգի ցանկացած բարձրաստիճան ղեկավար: Այդ համատեքստում «անցանկալի» մարդկանց վրա գործեր սարքելը եւ քննության պահանջով կալանքի անհիմն սանկցիաներ տալը 30 տարի եղել եւ մնում է սովորական, առօրյա երեւույթ:

Եթե կարծում եք, որ այդ ամենին կհետեւի ինչ-որ քննություն, ապա շատ սխալվում եք: Աննա Վարդապետյանը, վարչապետի օգնականը լինելով, նույնպես, ըստ լուրերի, յուրահատուկ «շփումներ» է ունեցել քննիչների հետ: Գուցե հենց դրա համար էլ նրան նշանակում են գլխավոր դատախազ:

Ինչ մնում է այն հարցին, թե արդյոք այս իրադարձությունները «քաղաքական» են, թե՞ ոչ, ապա եթե «քաղաքականություն» եզրն օգտագործենք ամենայն գիտական ճշգրտությամբ, կարելի է ասել, որ  խորհրդարանում իշխանության եւ ընդդիմության բանավեճը նույնպես քաղաքական չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930