Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք միայնակ կդիմանա՞նք

Հուլիս 02,2022 10:00

Այնպես ստացվեց, որ ես վերջին օրերին հնարավորություն ունեի շփվելու մի քանի սփյուռքահայի հետ։ Իհարկե, «շփում» ասելով, ես նկատի ունեմ առերես հաղորդակցությունը, որովհետեւ վիրտուալ տարածքն, իմ կարծիքով, ոչ այնքան մարդկային շփումների, որքան անպտուղ լեզվակռվի համար է։

Ներկայացնեմ նրանց հետ զրույցից ստացած տպավորություններս, եւ սկսեմ լավ լուրից՝ Սփյուռքում, ըստ իմ զրուցակիցների, չկա ազգային ինքնության հետ կապված ինչ-որ նահանջ՝ պատերազմում կրած պարտության պատճառով: Փոխարենը կան հարցեր, որոնց պատասխանը նրանք չեն ստանում՝ կապված պարտության պատճառների եւ արդյունքների հետ: Մենք այստեղ՝ Հայաստանում, տարված ենք իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների քննարկմամբ, այնինչ մեր հայրենակիցներին ավելի շատ հետաքրքրում է Հայաստան պետության կայունությունը եւ Արցախի ճակատագիրը: Ներքաղաքական լարումները նրանց նույնպես մտահոգում են՝ նրանց հետաքրքիր է, ո՞վ կարող է միջնորդ հանդիսանալ իշխանության եւ ընդդիմության միջեւ, որպեսզի թե՛ քաղաքական եւ թե՛ հասարակության երկու «անհաշտ» մասերը շփման եզրեր գտնեն եւ համախմբվեն համազգային օրակարգի շուրջ: Ես կարծում եմ, որ այդ հարցում որոշակի դերակատարություն կարող է ունենալ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Որքան էլ մենք քննադատում էինք (շատ դեպքերում՝ տեղին) Հայաստան-Սփյուռք համաժողովը եւ ընդհանրապես Սփյուռքի նախարարության աշխատանքը, մեր հայրենակիցներն այդ գործունեության մեջ որոշակի լիցքեր էին տեսնում՝ այդ միջոցառումները նպաստում էին, որ մենք «խոսենք մեկ լեզվով»: Խոսքը, բնականաբար, հասարակական, քաղաքական «լեզվի» մասին է: Միաժամանակ, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի որոշ նախաձեռնությունները նույնպես հավանության են արժանանում:

Ոչ միայն այս զրույցներից, այլեւ դրանից առաջ էլ շփումներից եւ այլ նշաններից ես տպավորություն եմ ստացել, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անջրպետն այս 4 տարիների ընթացքում խորացել է: Խնդիրը ոչ միայն Դաշնակցության հետ հարաբերությունների վատթարացումն է՝ սխալ, որն, ի դեպ, գործել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկա իշխանությունն այնքան անհեռատես է գտնվել, որ գժտվել է նաեւ Մայր Աթոռի հետ, ինչը Սփյուռքում բացասաբար է ընկալվում:

Բայց ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ այսօրվա կառավարիչների որոշակի սնափառության եւ գոռոզամտության պատճառով Սփյուռքի գործոնը գործնականում (ոչ թե խոսքի մակարդակով) թերագնահատվում է:

Մինչդեռ կասկածում եմ, որ անկախ նրանից, թե ինչ իշխանություններ կամ արտաքին դաշնակիցներ ունենք, կարող ենք միայնակ՝ 2,5-3 միլիոնով դիմագրավել այսօրվա մարտահրավերներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Եթէ դուք սփիւռքահայերու հետ խօսած էք եւ չէք լսեր թէ այս իշխանութիւնը պէտք է օր առաջ հեռանայ (մէկ կողմ ձգենք “ով է այլընտրանք”ի հարցը)՝ դուք առաւելագույնը երկու կամ երեք հոգու հետ էք խօսեր. (նուազ վստահութեամբ՝ ԱՄՆ քաղաքացիներ են եղել, հա հա հա):

    Գալով մնացածին, ճիշդ էք, եւ այդ անջրպետը կամրջել կարենալու համար մեզ պէտք է տեսլական ունեցող իշխանութիւն, որ հայութեան, Հայաստանին եւ Արցախին կը վերաբերի իբրեւ մէկ այլազան բայց անբաժան միաւոր։

  2. Լավատես says:

    Օրգանիզմում երկու տոկոս քաշով ուղեղը օգտվում է ողջ օրգանիզմի քսան տոկոս թթվածնից, բայց սրան ուղեղ կասեն: Ուղեղը օրգանիզմի ամենաաշխատասեր օրգանն է, նյութափոխանականության ամենաբարձր աստիճանը նրա մոտ է եւ եթե կրճատվի թթվածնի մատակարարումը, ուղեղը նվազ կաշխատի եւ արագ կդեգրադացվի: Մկանները եթե նվազ կամ սխալ մարզվեն, սրանք էլ քիչ թթվածին կստանան, կդեգրադացվեն ու կթուլանան եւ ցանկացած օրգան ամենաշատ նյութափոխանակություն ապահովում է, երբ իր ֆունկցիան է կատարում: Սովետի քանդվելուց ընտանիքները հնարավորություն ունեցան իրենց բնակարանները օրենքով սեփականացնելու, սա ընտանեկան հարստությունն է, բացի ընտանիքի հարստությունից կա համայնքային հարստություն սեփականությունը եւ համայնքի ընտանիքների ստորագրությամբ համայնքն էլ օրենքով իր հարստության սեփականատերը պետք է դառնա եւ ոչ թե մասնավոր սեփականությունը սրբության սրբոց դարձնելով զրկել համայնքներն ու պետությունները իրենց սեփականություններից: Ընտանիքի սեփականությունը պետք է ղեկավարի ընտանիքի ուղեղը, համայնքի սեփականությունը պետք է ղեկավարի համայնքի ուղեղը, պետությանն էլ’ քաղաքական ուղեղը, գենշտաբը: Հարստությունը՝ դա թթվածինն է, առանց թթվածնի խոսել ինչ որ կառույցների մասին անիմաստ է: Թթվածնի աղբյուրը պետք է պատկանի ժողովրդին եւ ով շատ աշխատեց, նրան էլ տոկոսային հարաբերությամբ շատ թթվածին բաժին կհասնի:

    • Հայկ համբարձումեան says:

      Հա հա, իսկ դուք այսօր քիչ մը շա՞տ բիւրեղ թթուածին էք շնչեր, որ այսքան անկապ է յօդուածին հետ ձեր գրառումը։

      • Լավատես says:

        Ես օգտագործում եմ այս հարթակը ոչ այնքան հոդվածները կամ մարդկանց քննարկելու, ինձ հետաքրքրում են թարմ մոտեցումները, գաղափարներն ու լուծումները մեր խնդիրների, դրանով չարաշահում եմ իհարկե մարդկանց համբերությունը, բայց համոզված եմ, մեզ այսօր ավելի շատ սառը դատողություններ են անհրաժեշտ, քան արդարացի, բայց բացասական էմոցիաներ: Չնայած, հասկանում եմ, եթե ես էլ եմ բացասական էմոցիաներ առաջացնում, կաշխատեմ քիչ գրել:

  3. «…Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անջրպետն այս 4 տարիների ընթացքում խորացել է: Խնդիրը ոչ միայն Դաշնակցության հետ հարաբերությունների վատթարացումն է՝ սխալ, որն, ի դեպ, գործել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկա իշխանությունն այնքան անհեռատես է գտնվել, որ գժտվել է նաեւ Մայր Աթոռի հետ…» Իրավացի եք:
    Կարդացեք “How to Bring Down a Nation”,
    Colonel Dan-ից հոդվածը, բերված https://arisebharat.com/2012/06/13/how-to-destroy-a-nation-without-firing-a-bullet/: Ուշադրություն դարձրեք արձանագրված քայլերը 1.To shape truth, control the media; 2.To shape future generations, control the schools; 3.To shape the political philosophy, infiltrate the government; 4.To shape the sense of nationalism, dilute the culture and the language; 5.To shape the economy, spend, spend, spend and tax, tax, tax: Լրացուցիչ` https://www.youtube.com/watch?v=IHgYPDvQFU8&t=31s

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031