Սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի ժամկետը դեռ որոշված չէ, իսկ գործընթացն, ընդհանուր առմամբ, հեշտ չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ հանձնաժողովն ինքնին հաջողվել է ձևավորել երկար ու բարդ գործընթացի արդյունքում:
«Հայաստանն առաջարկում էր անցկացնել ապաէսկալացման միջոցառումներ և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից: Բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից, քանի որ մեր սահմանների պաշտպանությունը մեր սահմանադրական իրավունքն է ու պարտքը»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է «սահմանները քաղաքակիրթ ճանապարհով որոշելուն՝ հիմնված տարբեր իրավական և պատմական փաստաթղթերի վրա»:
Կարդացեք նաև
«Տարբեր կարծիքներ, իհարկե կարող են լինել, բայց հանձնաժողովն ու դրա գործունեությունը անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք»,- ասել է նա:
Բայրամովի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանազատման գործընթացը «բարդ գործընթաց» է և հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին հարաբերությունները՝ «մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինի»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































