Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կնոջ հետ համատեղ տուն է գնել ԱՄՆ-ի Մերիսվիլ քաղաքում. «Հետք»

Հուլիս 19,2022 20:30

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:

Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Բարձր պաշտոններում Բագրատ Բադալյանի կարիերան սկսվել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: 2018թ.-ի հունիսին նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, իսկ մեկ տարի անց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: 2020թ. փետրվարին նշանակվել է այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ամիսներ անց՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար:

Բագրատ Բադալյանը 2021թ. օգոստոսին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ երկու ամիս անց՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Պետական պաշտոնյան «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում բաժնեմասը ձեռք է բերել 2020թ.-ի ապրիլի 16-ին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը:

Բագրատ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը, ըստ պետռեգիստրի տվյալների, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոն է զբաղեցրել 2003-2020թթ. ապրիլի 6-ը: Այդ ժամանակահատվածում, որոշ ընդհատումներով, ՍՊԸ-ի փոխտնօրենը եղել է որդին՝ Բագրատ Բադալյանը: Վերջինս փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010թթ. և 2015-2018թթ.՝ մինչև փոխնախարար նշանակվելը:

Բագրատ Բադալյանին է պատկանում նաև «Դոռզնակ» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում շինարարական ոլորտում:

«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն՝ պետական գնումներում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031