Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է շարունակենք մեր համատեղ ջանքերը և հավաստիանանք, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ծառայում է քաղաքացիներին և բիզնեսին». Անդրեա Վիկտորին

Հուլիս 21,2022 20:40

Այսօր՝ հուլիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Դատաիրավական բարեփոխումների և արդարադատության մատչելիությունը» խորագրով համաժողովը:

Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» երկամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական բիզնես ասոցացիայի (ԵԲԱ) հետ համագործակցությամբ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

«Մենք պետք է շարունակենք մեր համատեղ ջանքերը և հավաստիանանք, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ծառայում է քաղաքացիներին և բիզնեսին։ Նույնքան կարևոր է, որ շարունակենք ստեղծել բարենպաստ միջավայր Հայաստանում տնտեսական աճի և աշխատատեղերի համար», – նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը համաժողովի բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ծրագրի թիմի ղեկավար Փիթեր Գյորթլերին, ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցության համար, և կարևորեց ծրագրի շրջանակներում փորձագետների կողմից տրամադրված աջակցությունը հաշտարարության ոլորտում իրականացվող բարեփոխումների, և Հայաստանում արբիտրաժային կենտրոն հիմնադրելու կարիքների գնահատման ուղղությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացված Հայաստանում դատական համակարգի և դատախազության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները:

Հայաստանի բնակչության 65%-ը համարում է, որ դատարաններին բնորոշ է պրոֆեսիոնալիզմը, 66%-ը պրոֆեսիոնալիզմ է վերագրում դատախազությանը:

Հարցվողների 70%-ը գտնում է, որ Հայաստանում դատավորները պրոֆեսիոնալ են, 74%-ն էլ դատավորներին համարում է բարեկիրթ:

Ծրագրի շրջանակներում Արինսայթս հետազոտական ընկերության կողմից անցկացված հանրային կարծիքի հարցումները անցկացվել են 3000 քաղաքացիների շրջանում 2022թ ապրիլ և մայիս ամիսների ընթացքում:

Հետազոտության համաձայն բնակչության 52%-ը տարբեր պատճառներով վստահում է Հայաստանի դատական համակարգին, իսկ 40%-ը այնուամենայնիվ չի վստահում դատական համակարգին, հարցվածների 8%-ն էլ դժվարացել է գնահատել դատական համակարգի նկատմամբ իր վստահության մակարդակը: Դատական համակարգի նկատմամբ միջին վստահությունը 1-4 բալով կազմում է 2.55:

Չնայած դատական համակարգի նկատմամբ աճող վստահությանը այնուամենայնիվ դեռ մտահոգիչ են մնում դատարաններում արդարություն գտնելու մարդկանց ընկալումները:

Հայաստանի քաղաքացիների 61%-ի կարծիքով մարդիկ չեն դիմում դատարան քանի որ հույս չունեն այնտեղ արդարություն գտնելու, իսկ 60%-ի համաձայն դատարանում հաղթում է այն կողմը, որը ֆինանսապես ավելի ապահովված է:

Համաձայն նույն հետազոտության արդյունքների Հայաստանի բնակչության 56%-ը տարբեր պատճառներով վստահում է դատախազությանը, հարցվածների 32%-ը չի վստահում, հարցվածների 12%-ն էլ դժվարացել է գնահատել դատախազության նկատմամբ իր վստահության մակարդակը:

Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի գործընկերներից Էքսպերտիզ Ֆրանսի ներկայացուցիչ Աուրելիա Շաֆի կարծիքով դատարանների նկատմամբ վստահության աճին կնպաստեն դատարանների գնահատման կայուն գործիքների ստեղծումը: «Դատարանների աշխատանքի գնահատումը կնպաստի հանրային վստահության բարձրացմանը արդարադատության համակարգի նկատմամբ», – նշեց տիկին Շաֆը:

Եվրոպական բիզնես ասոցացիայի նախագահ Դիանա Սարումովան անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին և տնտեսական ներդրումների միջև փոխկապակցվածությանը, նշեց, որ արդյունավետ դատաիրավական համակարգը արտաքին ներդրողների հիմնական առաջնահերթություններից է և դրա հետագա բարելավման ուղղությամբ տեսանելի ապագայում կատարվելիք քայլերը շատ կարևոր են:

Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում ծրագրի տնօրեն Թերեզա Թալհայմերը ևս բարձր գնահատեց դատաիրավական համակարգի հայաստանյան գործընկերների հետ համատեղ ջանքերը, նշելով, որ «Այս ծրագրի ձեռքբերումները ծրագրի թիմի և դատաիրավական հաստատությունների համատեղ ջանքերի արդյունքներն են։ Մենք արդարադատության ոլորտը բարեփոխելու շատ բարձր հանձնառություն ենք ունեցել, և համոզված ենք, որ դա շարունակական կլինի նաև ապագայում»:

«Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագիրը իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ)-ի կողմից՝ Էքսպերտիզ Ֆրանսի և Լատվիայի դատական իշխանության կառավարման մարմնի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Եվրոպական բիզնես ասոցացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031