Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Անահիտ Աբրահամյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը հանդիպել են «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի իրականացումը գնահատող փորձագիտական թիմի ղեկավար Բունաֆշա Գուլակովայի և փորձագետ Արմեն Մելքումյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու արձանագրված առաջընթացը:
Քննարկման առանցքում են եղել բյուջետային աջակցության ծրագրով իրականացված դատաիրավական բարեփոխումները, մասնավորապես՝ քաղաքացիական դատավարության օրենսդրական էական փոփոխությունները, որոնց շնորհիվ զգալիորեն նվազել է քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը, մտքեր են փոխանակվել նաև հակակոռուպցիոն քաղաքականության և դատավորների սոցիալական երաշխիքների բարելավման մասին:
Քննարկման առարկա են դարձել դատարանների շենքային պայմանների բարելավման, հենաշարժողական կարիքների համապատասխանեցման և տեխնիկական վերազինման հարցերը։
Կարդացեք նաև
Անդրադարձ է եղել նաև դատական համակարգի թափուր հաստիքների համալրման գործընթացին, քաղաքացիական դատարանի էլեկտրոնային համակարգի ներդրմանը, ինչպես նաև՝ դատավորների թեկնածուների քննությունների անցկացման համար նախատեսված հատուկ կարգի կիրառմանը:
Կողմերը վերահաստատել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կարևորությունը դատաիրավական համակարգի հետևողական բարելավման գործում՝ բարձր գնահատելով ձևավորված գործընկերային հարաբերությունները և երկարաժամկետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Հիշեցնենք, որ ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրով իրականացվում են բարեվարքության ստուգումներ, վերապատրաստումներ և ճանաչողական այցեր, ինչպես նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ՀՀ շահագրգիռ մարմիններին՝ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով:
Բարձրագույն դատական խորհուրդ


















































