Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղավնոյի բնակիչները լքում են բնակավայրը, ուրիշ ելք չունեն, մնան բոլորը զոհվե՞ն, հանուն ինչի՞, «հանուն ոչնչի», որ համարեն այդ զոհվածներն է՞լ են ոչնչություն». Աղավնոյի համայնքապետ

Օգոստոս 05,2022 18:47

«Մենք դեռ ժամանակ ունենք՝ ե՛ւ ճանապարհի մասով, ե՛ւ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի դեռ ունենք: Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»,- մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսպես էր հայտարարել՝ Բերձորի եւ Աղավնոյի հետ կապված:

Իսկ այսօր Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց համայնքը:

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հարցին՝ Խանումյանը դա ասելիս պարզաբանումներ չի՞ տվել, թե ի՞նչ փոխվեց այս մեկ ամսվա ընթացքում, որ շտապ տարհանում են բնակիչներին, պատասխանեց. «Ինչ-որ թուղթ են ստորագրել, նամակով ասել են, որ պետք է միջանցքը լքեք, քանի որ նոր ճանապարգը մենք կառուցել ենք Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի ագրեսիան իմանալով՝ իրենց մոտ մտահոգություն է ձեւավորվել: Տարհանման պլանի պես կատարում է այդ մարդը (Խանումյանը-խմբ.), ի՞նչ անի: Հստակ է ամեն ինչ՝ Նիկոլի՝ Արցախից ժամկետային զինծառայողներին հանելուց: Հիմա ինչի՞ հիման վրա մնան: Ժողովուրդն ազնիվ է, ուզում է պայքարել, դուրս չգալ, բայց մնալու է շրջափակման մեջ, խառնվելու է: Հաղթանա՞կ ենք պարգեւելու ազերիներին: Փաշինյանը հասցրել է այս ամեն ինչին, հիմա էլ ասում է՝ դուք որոշեք: Կամ մնում եք՝ մնացեք ադրբեջանական կազմում: Այսինքն, պետական մակարդակով պետք է հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին, որն ասում էիք՝ միջանցքի հետ կապ չունի, կպայքարենք, կփորձենք, հիմա ի՞նչ եղավ: Բնակիչն ի՞նչ պետք է անի: Այնքան է թուլացրել Փաշինյանը, լուծարել, հիմա  էլ գցում է ուրիշի վրա՞: Նորություն չէ, որ հայ ժողովուրդը անտեր է մնացել»:

Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ Աղավնոյի բնակիչները անտրամադիր են, անհեռանկար, պատրաստվում են լքել իրենց բնակավայրը. «Ի՞նչ անեն, ուրիշ ելք չունեն, մնան բոլորը զոհվե՞ն, հանուն ինչի՞, «հանուն ոչնչի», որ համարեն այդ զոհվածներն է՞լ են ոչնչություն: Բնակիչներն ազնիվ են, թող բերեին լուրջ զորք, պաշտպանեին, պետությունը պիտի պաշտպանի իր հայրենակիցներին, եթե չի անում, բնակիչն ի՞նչ պետք է անի, եթե շատ ուզենա էլ»:

Բնակավայրը լքելուց հետո թե ուր են գնալու Աղավնոյի բնակիչները՝ անհայտ է, առայժմ տալիս են 40 հազար դրամ, օգնում տան վարձի վճարման հարցում եւ վերջ:

Ի դեպ, այսօր նաեւ Բերձորի բնակիչները փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը եւ իրենց հստակ երաշխիքներ տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031