Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերներին ամեն ինչ թույլատրվում է, հակառակորդների համար կան օրենքներ». ըստ Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանում Մուսոլինիի սկզբունքն է գործում

Օգոստոս 12,2022 17:22

«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը բերեց Լեհաստանի օրինակը, որտեղ իշխանությունները, երբ փորձեցին ազատվել որոշ դատավորներից՝ նրանց վաղաժամկետ թոշակի ուղարկելով, հանրությունը բողոքեց, ինչին էլ արդեն արձագանքեցին միջազգային կառույցները։ «Մեր Սահմանադրական դատարանի հետ կապված իրադարձությունների հետ կապված նման ընդգծված երեւույթ մենք չենք ունեցել։ Սա իշխանություններին հաջողվեց անել ՍԴ-ով, կարողացան հարձակում կազմակերպել դատավորներ Ազարյանի եւ Բախշյանի վրա, իսկ հասարակությունը լռեց։ Այս հարցի մասին ես բարձրաձայնել եմ 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ կասկածելով, որ երկրում ժողովրդավարության մակարդակը թույլ կտա իջեցնել դատավորների անձեռնմխելիության շեմը։ Փորձը ցույց տվեց, որ մենք այս մակարդակին չենք հասել, եւ դատավորները սկսեցին զգուշավորություն դրսեւորել»,- ասաց Ալվինա Գյուլումյանը՝ հավելելով, որ դրա համար է պետք, որ մենք աշխատենք հասարակության հետ։

Իր գնահատմամբ, Հայաստանում, անկախ այն ժամանակվա գործող իշխանություններից, դատավորների նկատմամբ վստահության պակաս միշտ է եղել։ Թերեւս դա արվել է դատավորներին իրենց ազդեցության գոտում թողնելու համար։

«Ցույց տվեք ինձ գոնե մեկ դատավճիռ՝ բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերով։ Չեք կարող ցույց տալ, որովհետեւ դրանք չկան։ Մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ձերբակալվում են, ժամանակն անցնում է, քրեական գործերը չեն փակվում։ Ու հետո, ինչ-որ պահի, մարդուն կարող են նորից ձերբակալել։ ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանի դեմ գործը կարող եմ օրինակ բերել։ Բոլոր նման դեպքերը շինծու են»,- իր ելույթում կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա հորդորում է Հայաստանում իրավապաշտպան հզոր շարժում սկսել։

«Ընկերներին ամեն ինչ թույլատրվում է, իսկ հակառակորդների համար կան օրենքներ։ Սա Մուսոլինիի սկզբունքն էր, իսկ Հայաստանում այժմ գործում է հենց այդ սկզբունքը։ 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո իրավապահները բերման են ենթարկել ու տարել Սամվել Ալեքսանյանին, իսկ որոշ ժամանակ անց նա սկսել է տարբեր հիմնադրամներ ֆինանսավորել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առնչությամբ նույնպես քրեական գործ է հարուցվել, եւ նա կալանավորվել է։ Իսկ ի՞նչ եղավ հետո. գործը սառեցվեց։ Սա է մեր իրականությունը։ Այս ամենը վրեժ է», – կարծում է Ավետիք Իշխանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ նկատեց, որ Հայաստանում ստեղծվել է ընդդիմության եւ իշխանության ոչ թե դասական հարաբերակցություն, այլ վարվում է պայքար ընդդեմ հանցավոր բանդայի, որն օկուպացրել է հայկական պետականությունն ու առաջ է տանում թուրքական օրակարգը. «Իրականում միամտություն է սպասել որեւէ գործուն արձագանքի միջազգային հանրության կողմից, գործուն արձագանքի հանցավոր բանդայի շահերը սպասարկող քաղաքացիական հասարակությունից։ Նման սպասումներ մենք չունենք, իսկ այս ընթացքում դարձել ենք իլյուստրացիայի վկաներ։ Այո, մենք հստակ տեսել ենք, թե ով է դեմոկրատիայի ու մարդու իրավունքների իսկական կողմնակիցը, ու ով է երկար ժամանակ պարզապես կեղծ դեմոկրատիա քարոզել։ Պետությունում չի կարող իսկական դեմոկրատական համակարգ լինել առանց անվտանգության կայուն մեխանիզմի»:

ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն էլ, անդրադառնալով Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց, որ բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ՝ սեփական կառավարության դեմ, կամ փոխհատուցում պահանջել, բայց եթե կա հայրենազրկման գործընթաց, ապա սա, ըստ նրա, այլ խնդիր է։ Նրա կարծիքով՝ պետք է սպասել օգոստոսի 25-ին եւ տեսնել, թե ինչպե՞ս կզարգանա իրավիճակը: Խնդրի համատեքստում, Ալվինա Գյուլումյանը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների նպատակն իրենց գործունեության ողջ ընթացքում, եղել է իշխանության հասնելը. «Այժմ նրանք դարձել են իշխանության մաս եւ, բնականաբար, իրավապաշտպան գործունեություն չեն ծավալում։ Ուստի կարեւոր է ձեւավորել քաղաքացիական հասարակություն, որն իշխանափոխությամբ չի դառնա նոր իշխանության մաս, այլ կմնա իր տեղում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031