Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ակումբից առաջարկեցին երեկոյան խորովածանոց, ուտուշ-խմուշ…Ես վրդովված եմ, նրանց ասացի՝ ջնջեք իմ հեռախոսահամարը եւ այլեւս ինձ չզանգեք». Ազատ Արշակյան

Օգոստոս 24,2022 16:22

Երեկ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ անցկացվեց ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշանական նիստ, որին հրավիրվել էին ԳԽ նախկին պատգամավորներ:

Նիստի ժամանակ որոշում կար ԳԽ պատգամավորական ակումբի անունից հայտարարություն տարածել, բայց ԳԽ նախկին պատգամավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարեց, որ դեմ է, քանի որ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահությունը իրեն ամբողջությամբ վարկաբեկել է:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն առաջարկում էր, որ հայտարարության փաստաթուղթն այնուամենայնիվ ընդունվի:

Aravot.am-ի հետ զրույցում նա իր վրդովմունքը հայտնեց ու նոր մանրամասներ ներկայացրեց ԳԽ պատգամավորական ակումբի ներքին խժդժությունների հետ կապված. «Հայտարարության տեքստը պատրաստել էր Արա Սահակյանը, շատ նման էր հռչակագրին եւ գնահատականն էր անցած 32 տարվա: Շատ մեղմ, բարյացակամ գնահատական էր: Մենք կարդալուց հետո առաջարկեցինք Արա Սահակյանին, որ այն դարձնի ավելի պոզիտիվ, որպեսզի իշխանությունը, Աղազարյան Հովիկը ներկա էր, չհամարի դա հակառակորդի թռուցիկ, այսպես ասած բարեկամական քննադատություն լինի: Քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ եղան: Տարեցների բանավեճ տեղի ունեցավ ու մենք խնդրեցինք Արա Սահակյանին, որ մեր դիտողությունները հաշվի առնի ու եթե հարմար է գտնում՝ ներկայացնի խորհրդանշական նիստին: Նրան խնդրեցինք, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չգա, ինքն էլ հենց վարի խորհրդանշական նիստը:

Բայց այստեղ կա նրբություն. Գերագույն խորհուրդ կոչված ակումբը բյուրոկրատական ծանր հիմքեր ունի: Քվորում չկար, այսինքն, դա արդեն չէր կարող լինել ակումբի նախագահության որոշում, ուստի որոշեցինք, որ ներկա գտնվող պատգամավորները, որպես պատգամավորների խումբ, բարելավված տեքստը այդ օրը դնեն քվեարկության ու մեր կարծիքն այդպես կարտահայտեինք: Որոշեցինք, որ հենց այդպես էլ կողմ ենք, որ քվեարկվի, բայց եթե տեքստը բարելավվի՝ հաշվի առնելով ասածները, ուրեմն առավել եւս գեղեցիկ կլինի: Ներկա գտնվողներից որեւէ մեկը չհայտարարեց, որ չի մասնակցելու այդ խորհրդին:

Օրինակ, մենք Աղազարյան Հովիկին դրական կարգով խնդրեցինք, որ կազմակերպի, մեծ դահլիճում լինի: Ասեց՝ պրոբլեմներ կան: Դե, ասեցինք, հաղթահարիր այդ պրոբլեմները: Պայմաններից մեկը, որ բավարարեր բոլորիս, այն էր, որ Էդգար Ղազարյանը պետք է ելույթ չունենար, ընդամենը որպես ծրագրի հեղինակ պետք է համառոտ բացման խոսք ասեր: Դա հարգանքի տուրք էր նախաձեռնության հեղինակին՝ ինքը բացումն անում է ու տեղավորվում է շարքերում: Մնացածը ԳԽ պատգամավորները իրենց տրադիցիայով պետք է քննարկեին:

Պայմանավորվեցինք, որ շատ ելույթներ չլինեն, ուղղակի ակցիա անենք, հիշեցնենք հռչակագրի խորհուրդը:

Ակումբի պատասխանատուներից մեկն ինձ զանգեց, շնորհավորեց, ասեցի՝ բա ո՞ւր եք, ասաց՝ մենք որոշել ենք բացակայել ակցիայից: Դուք ո՞վ եք: Մենք հավաքվել, որոշել էինք ներկա լինել, հիմա դուք որոշեցիք բացակայե՞լ, բա ինձ էլ տեղյակ պահեիք, որովհետեւ ես մասնակցել եմ, որովհետեւ ինձ ակումբն է հրավիրել, ոչ թե Էդգար Ղազարյանը: Ակումբի ոչ ֆորմալ որոշումով ինձ հրավիրել եք հավաքույթին ու դուք հետո որոշել եք, որ ներկա չե՞ք լինելու»:

Ազատ Արշակյանը ավելի շատ նեղսրտել էր այլ փաստից. «Ձեզ ասեմ ավելի տխուր բան: Անկախության հռչակագրի օրը հանրային նշանակությամբ ակցիայով նշելու փոխարեն ինձ ակումբից առաջարկեցին երեկոյան խորովածանոց, ուտուշ-խմուշ: Հանրային ակցիայի ժամանակ կարելի էր գնալ ու դեմ խոսել, բայց նրանք հանրային հրապարակային ակցիան փոխարինեցին ինչ-որ մեկի խոհանոցում ուտուշ-խմուշով: Ես վրդովված եմ, նրանց ասացի՝ ջնջեք իմ հեռախոսահամարը եւ այլեւս ինձ չզանգեք ձեր կազմակերպած որեւէ միջոցառման համար, ես չեմ գա, կբացակայեմ»:

Կիմ Բալայանն ասել էր, որ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահությունը դավաճանական քայլ է կատարել, իշխանությունների կողմից ճնշումներ են գործադրվել ակումբի անդամների վրա, հարցին՝ դուք նկատե՞լ եք նման ճնշումներ՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Որոշումները ֆորմալ չէին, որովհետեւ ակումբի ղեկավարության քվորում չկար, որոշեցինք, որ Ռուբեն Թորոսյանը skype-ով նարնջի տաշտակի կողքը նստած հետեւի այդ իրադարձությանը ԱՄՆ-ից: Մենք իրեն խոստացանք ապահովել կապը դահլիճի հետ: Ուզում եմ ասել, որ մենք համերաշխ ձեւով որոշել էինք ոչ միայն ներկա լինել, այլեւ կապն ապահովել ԱՄՆ-ի հետ, որտեղ Ռուբեն Թորոսյանը նարինջ է կլպում, որ ինքն էլ մասնակցի: Ու հանկարծ իրենք իրենց մեջ ծրագիրը փոխում են: Համերաշխության, կոլեկտիվ պատասխանատվության խնդիր կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031