Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարելի լարում՝ համոզիչ շանտաժի համար

Հոկտեմբեր 07,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հաճախ է հնարավոր լսել՝ հիմնականում Հայաստանի իշխանության կամ մերձիշխանական քարոզչական շրջանակից, որ Ալիեւի կամ Ադրբեջանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների, կամ պետական ակնառու հովանու ներքո գործող տարբեր ոչ կառավարական նախաձեռնությունների խոսույթին, հայտարարություններին մեծ ուշադրություն դարձնելով, դրանք բերվում են Հայաստան եւ դառնում Հայաստանում օրակարգ թելադրող։

Առնվազն տարօրինակ է այդ «հակափաստարկը» լսելը այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է պաշտոնապես օրակարգ ներառել Ադրբեջանի տարատեսակ պահանջները եւ անգամ սպառնում է հանրությանը, որ դրան դեմ արտահայտվելը կբերի պատերազմ։ Դե, իսկ Ադրբեջանի թելադրանքով Սահմանադրություն փոխելն ու Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը այդ ամենի «պսակն» է։ Ու այդ պարագայում փորձել Ադրբեջանի հավակնոտ հայտարարությունների հանդեպ հանրային ուշադրությունը փակել պատճառաբանությամբ, թե ադրբեջանական նարատիվները բերվում են հայաստանյան օրակարգ՝ կամ քաղաքական ու ինֆորմացիոն անմեղսունակություն է, կամ դրա վրա հաշվարկված նենգափոխում։

Իրերի այդ դրության պարագայում մասնավորապես հանրությունն ուշադրությամբ հետեւում է վերջին շրջանում Բաքվի վարքագծում որոշակի կոշտացումների հանգամանքին։ Դա տարակույս է առաջացնում, որովհետեւ Ադրբեջանը փաստորեն անհարմարություն է ստեղծում Հայաստանի իշխանության համար, կասկածի տակ դնելով «խաղաղության» խոսույթի հիմնավորվածությունը։ Ուշադրությամբ հետեւում է, որովհետեւ առերեւույթ այդ տպավորությունը թողնող վարքագծի խորքում կարող է լինել այլ մոտեցում՝ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման դեպքում հանրությանը շանտաժելու համար անհրաժեշտ հողի նախապատրաստում, «գործնական հողի» նախապատրաստում։

Պաշտոնական Երեւանը գրեթե չունի սահմանադրական հանրաքվեն անցկացնելու որեւէ իրատեսական շանս։ Հույսը թերեւս այն է, որ աշխատի շանտաժը՝ եթե չքվեարկեք նոր, առանց Անկախության հռչակագրի հղումի սահմանադրության օգտին, ապա կլինի պատերազմ։ Ու որպեսզի այդ շանտաժը լինի համոզիչ, հետեւաբար արդյունավետ՝ Բաքուն կարող է մտորել իրավիճակի «կառավարելի լարման» քաղաքականության մասին։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Գերմանիան համաշխարհային պատերազմներում պարտվեց եւ շատ հնարավոր է բոլոր կանցլերները կանցլերակտ են ստորագրում, որը որոշ պետական ռազմավարական հարցերում կանցլերներին զրկում է ինքնիշխանությունից, որքան էլ նրանք արդար ժողովրդավարական ընտրություններում են ընտրված: Մենք էլ Խորհրդային Միության կազմում սառը պատերազմում պարտվեցինք եւ շատ հնարավոր է բոլոր հետխորհրդային պետությունների ղեկավարները համապատասխան կանցլերակտ էլ նրանք են ստորագրում, որով հրաժարվում են որոշ պետական ռազմավարական հարցերում ինքնիշխանությունից՝ անկախ ընտրությունների արդար կամ ոչ արդար արդյունքներից:
    Սա նրա համար, որ ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ չմտածենք, թե իբր հետխորհրդային մեր ղեկավարները որոշ ռազմավարական հարցերում ինքնուրույն որոշումներ են կայացնում: Ինքնուրույն որոշում կարող են կայացնել միայն միասնական կամքի տեր ժողովուրդները՝ անկախ նրանց չափերից, զենքի քանակից: Միայն ազգի միասնական կամք եւ հավատ Արարչի հանդեպ եւ մեր ազգային տիեզերական հավաքական բնական բանականության միջոցով Արարիչը մեզ կհուշի ինչ եւ ինչպես անել, որ մեր կամքը ազգովին ներդաշնակ լինի Արարչի կամքի հետ:
    Դրա համար մեզ կամավորներ են պետք, քաղաքական կամավորներ, ովքեր ազգային հայեցակարգային եւ հոգեւոր խնդիրներ կառաջարկեն, որոնք միայն ազգովին է հնարավոր լուծել: Վարդան Հակոբյան, Նինա Կարապետյանց եւ էլի լիքը հին ու նոր քաղաքական կամավորներ, թող նման կամավորներ շատ լինեն, ովքեր ունեն մեկ միասնական քաղաքական ռազմավարություն եւ այդ ռազմավարությունը իրագործելու տարբեր մարտավարություններ: Ջահելություն, ապագան ձերն է, կամավորագրվեք քաղաքական պայքարին մեկ միասնական քաղաքական ռազմավարության շուրջ: Ես, օրինակ, կսկսեի նրանից, թե ինչպե՞ս ստեղծել մեխանիզմ ժամանակակից տեխնոլոգիաներով, որ ընտրությունների ժամանակ մեր շատ թանկարժեք ընտրողի ձայնը չվարկաբեկվի, իսկ վարկաբեկողը հեռացվի քաղաքական դաշտից: Բոլորիս հաջողություն հայրենանվեր քաղաքական պայքարում:

Պատասխանել