Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում մի քանի դեպք է եղել, երբ կինը գնացել է ծայրահեղ քայլի». ինչո՞ւ են կանայք սպանում. JAMnews

Օգոստոս 29,2022 12:47

JAMnews. Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն երբևէ չի իրականացվել: 2019 թ.-ին հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները ցույց են տվել, որ ամեն 4-րդ կինը ընտանիքում ենթարկվում է բռնության:

«Կանանց աջակցության կենտրոնի» տվյալներով՝ 2010-2020 թթ.-ին շուրջ 100 կին սպանվել է ընտանիքում՝ զուգընկերոջ, ամուսնու կամ ընտանիքի մյուս անդամների կողմից: Խոսքը միայն բացահայտված դեպքերի մասին է:

Վերջին 10 տարիներին, սակայն, գրանցվել է առնվազն 5 դեպք, երբ ընտանեկան բռնությունն ավարտվել է կնոջ կողմից կատարված սպանությամբ, հուսահատության հասցված զոհը սպանել է ամուսնուն։

Երբ մեկնաբանություններն ավելորդ են վիճակագրություն

2021 թ. Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից

  • 13-ը՝ սպանության,
  • 5-ը՝ ինքնասպանության հասցնելու,
  • 2-ը՝ ինքնասպանության հակելու,
  • 12-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
  • 285-ը՝ ծեծի վերաբերյալ:

Քննվել են նաև բռնաբարության, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի զրկելու ու առևանգման դեպքեր:

Այս գործերից միայն 129-ն են ավարտվել մեղադրական եզրակացությամբ, իսկ 252 քրեական գործի վարույթ կարճվել է:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 169-ը եղել է բռնություն տղամարդու կողմից՝ կնոջ նկատմամբ, 7-ը՝ կնոջ կողմից՝ տղամարդու:

Հայաստանում անցկացված «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն, 2021թ.» համաձայն՝

  • երբևէ զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 14.8 %-ը երբևէ կյանքի ընթացքում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության;
  • սեռական բռնության ենթարկված կանանց 62.5 %-ը ենթարկվել է նաև ֆիզիկական բռնության;
  • ֆիզիկական բռնության ենթարկվածների 27.8 %-ը՝ նաև սեռական բռնության։

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 43.3 %-ը լռում է բռնության մասին։ Սեռական բռնության ենթարկված կանայք հիմնականում են գերադասում լռել այդ մասին։ Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 44.7 %-ը որևէ մեկին չի պատմել բռնության մասին, սեռական բռնության ենթարկվածների՝ 48 %-ը։

Բռնության ենթարկված կանանց 23.5 %-ը երբևէ հեռացել է տնից՝ բռնության պատճառով։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված և տանից հեռացած կանանց 63 %-ը հետ է վերադարձել ամուսնու տուն։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 76.5 %-ը շարունակում է ապրել բռնարարի հետ՝ երբևէ չլքելով տունը։

Ըստ հետազոտության՝ բռնարարի գործողություններին արձագանքելու երկու հիմնական մոտեցում կա՝

  • կա՛մ ոչինչ չանել և սպասել մինչև բռնարարն ավարտի իր գործը,
  • կա՛մ պաշտպանվել, պատասխանել նրա վարքագծին։

Հայաստանում կանանց 67 %-ը, նախընտրում է առաջին տարբերակը։ Միայն 33 %-ն է երբևէ հակահարված տվել զուգընկերոջ բռնությանը։ Ընդ որում, հակահարված տվող կանանց մեծ մասը դա արել է միայն 1 անգամ:

2022 թ.-ի առաջին 8 ամիսներին Հայաստանում գրանցվել է կնասպանության 7 դեպք:

Երբ կանայք այլևս ելք չեն տեսնում

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ ընտանեկան բռնության վիճակագրության մեջ կանանց կողմից տղամարդու նկատմամբ կիրառված բռնության ցուցանիշներն անհամեմատ ցածր են: Որպես կանոն, դրանք ինքնապաշտպանության փորձեր են լինում։

«Հայաստանում մի քանի դեպք է եղել, երբ կինը գնացել է ծայրահեղ քայլի և սպանել է ամուսնուն: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ուսումնասիրված բոլոր այս դեպքերում պարզվել է, որ կանայք շարունակական բռնության են ենթարկվել ընտանիքում:

Մեկ դեպքով անգամ արդարացման դատավճիռ եղավ՝ կնոջ նկատմամբ, քանի որ ապացուցվեց, որ նա սպանությունը գործել է աֆեկտի ազդեցության տակ։ Ամուսինն իր վրա էր պահել ատրճանակը, և կինը ինքնապաշտպանության համար սպանել էր ամուսնուն: Բայց բոլոր այս դեպքերում, պարզվել է, որ բռնությունը սկսվել է տղամարդուց»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը համոզված է՝ այս սպանություններից հնարավոր կլիներ խուսափել, եթե ընտանիքն ու շրջապատը բավարար ջանքեր գործադրեին՝ կնոջն աջակցելու համար, բռնարարի նկատմամբ պատիժը համաչափ լիներ.

«Մենք պետք է հիշենք, որ ընտանիքում բռնության ենթարկված կանայք, որպես կանոն, անտեսանելի են լինում շրջապատի համար: Տղամարդիկ հիմնականում ավելի զորեղ են համայնքում՝ իրենց ֆինանսական կարողություններով, տնտեսական և սոցիալական կապերով, իրենց ներգրավվածությամբ, ինչն անմիջականորեն ազդում է խնդրի հանգուցալուծման վրա: Սակայն գործնականում, կանայք ուղղակի այլ ելք չեն տեսնում՝ իրենց պաշտպանելու համար: Նրանք հասկանում են, որ իրենց ոչ ոք չի օգնելու»:

Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ վերջին տարիներին շատացել են նաև կանայք, որոնք բռնությունից փրկվելու համար ստիպված են լինում լքել երկիրը:

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031