Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ո՞ր Փաշինյանին հավատա, հիմա «ԵՏՄ տարածքի մի խղճուկ տնվո՞ր ենք», թե՞ Ռուսաստանի «դաբրոն» ստացող

Սեպտեմբեր 09,2022 23:44 Share

Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանը  Վլադիվոստոկում մասնակցեց «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Խոսելով ԵԱՏՄ-ի մասին՝ Փաշինյանը ԵԱՏՄ-ն բավականին կայացած միություն ներկայացրեց, որը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին:

Խոսելով Հայաստան տեղափոխված ռուս մասնագետների մասին՝ նա ասաց. «ԵԱՏՄ–ն հենց այդ նպատակով էլ ստեղծվել է, որ ազատ տեղաշարժ ապահովի` ապրանքների, ծառայությունների, աշխատուժի համար, մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն»: Փաշինյանը նշեց, որ ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում Հայաստանում էապես բարձրացել են անշարժ գույքի վաճառքի ու վարձակալության գները, ու դա միաժամանակ նաև բնակարանային շինարարության ակտիվացման առիթ է դարձել ինչի մասին վկայում է շինարարության այս տարվա 13% աճը: Նա վստահեցրեց, որ շատ ուրախ է, որ ռուսները գալիս են Հայաստան:

Քանի որ Փաշինյանի՝ Պուտինի ու հատկապես ԵԱՏՄ-ի ստեղծած հնարավորությունների մասին գնահատականները 180 աստիճանով տարբերվում են տարիներ առաջ պատգամավոր Փաշինյանի վերլուծություններից, հիշեցնենք, թե ինչ էր ասել նա՝ խորհրդարանում ԵԱՏՄ անդամակցությանը իր «դեմ» քվեարկելը հիմնավորելու համար. «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ինտեգրացիան պրոցես է, իրականում սա մեկուսացման գործընթաց է Հայաստանի համար: ԵՏՄ-ն Հայաստանը մեկուսացնում է Հյուսիսից ու Հարավից: ԵՏՄ-ին անդամակցելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող ազատ առևտրի պայմանագիր կնքել Իրանի հետ, չի կարող իրանական գազի տարանցիկ երկիր դառնալ, իսկ իրանական գազի տարանցումը տնտեսապես կամրապնդի Հայաստանի անկախությունը:

ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարները՝ դառնալով ԵՏՄ տարածքի մի խղճուկ տնվոր…Ասում են, որ այս պայմանագրով վերացվում են բոլոր խոչընդոտները ԵՏՄ տարածքում մարդկանց կապիտալի, աշխատուժի եւ բիզնեսի տեղաշարժի համար: Նրանք սա ասում են, իբր թե ՌԴ-ից, Բելառուսից ու Ղազախստանից բիզնեսներ են գալու ու Հայաստանում հաստատվեն: Չեմ բացառում, որ ՌԴ-ից, Բելառուսից մարդիկ գան ու ՀՀ-ում հաստատվեն, բայց այս թափանցիկության արդյունքում ինչ է տեղի ունենալու հայաստանցիների հետ: Կարող է տեղի ունենալ աղետալի մի բան՝ եթե նախկինում վերմակ-դոշակ ունեցողներն էին թողնում հեռանում Հայաստանից, այդ ժամանակ արտադրամաս ունեցողներն են արտագաղթելու՝ իրենց հետ տանելով արտադրամասերն ու աշխատողներին: ԵՏՄ-ին միանալով՝ օտարները գալու են Հայաստան, հայաստանցիները հեռանալու են Հայաստանից՝ սրանից բխող քաղաքական ու դեմոգրաֆիական հետեւանքներով: Ես դեմ եմ քվեարկում այս պայմանագրին, ոչ թե նրա համար, որ չեմ սիրում ՌԴ-ն, այլ հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային»:

Փաշինյանը նույն ելույթում նաեւ ասել էր, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում շատ չեն այն գործիչները, որոնք իրենց գործունեության ընթացքում հովանավորներ չեն փնտրել Մոսկվայում, չեն մուրացել ՌԴ դաբրոն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930