Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմական հարձակման հետեւանքով ՀՀ երեք մարզերում վնասվել են 192 բնակելի տներ, որոնցից 60-ն՝ ամբողջությամբ

Սեպտեմբեր 15,2022 15:20

Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով Հայաստանի երեք մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի համայնքներում վնասվել են 192 բնակելի տներ, որոնցից մոտ 60-ն՝ ամբողջությամբ։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Տարածքային եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Նրա փոխանցմամբ՝ գույքագրվել են պատերազմական գործողությունների հետեւանքով վնասված քաղաքացիական օբյկետները, սակայն դրանք մոտավոր տվյալներ են, ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար կձեւավորվի հանձնախումբ, որը իրավիճակը հանդարտվելուց հետո կսկսի աշխատանքները։

Ըստ փոխնախարարի, հրետակոծության հետեւանքով վնասվել են օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, կենդանիներ, գյուղտեխնիկա, ինչպես նաեւ՝ շտապ օգնության 2 մեքենա։

«Եղել են հոսանքազրկումներ՝ հրետակոծության հետեւանքով, դրանք օպերատիվ կարգով վերականգնվել են։ Այս պահին միայն խնդիր կա Ներքին Շորժայի հատվածում՝ հասկանալի պատճառներով, այստեղ էլէկտրաէներգիայի մատակարարումն ու բջջային կապը չի վերականգնվել։ Այլ ենթակառուցվածքների խնդիրներ չկան՝ ճանապարհների կամ ջրամատակարարման խաթարում չկա։ Կան լոկալ բնույթի վնասներ, որոնք հընթացս կարգավորվում են կամ կկարգավորվեն հարմար պահին»,-ասաց Տերտերյանը։

Թե ամենաշատը որ մարզն է տուժել, փոխնախարարը դժվարացավ ասել, նշելով՝ նման գնահատականի համար խորը վերլուծություն է պետք, սակայն մասնավոր տնտեսությունների, բնակելի շենքերի մասով Գեղարքունիքի մարզի համայնքներն են ավելի շատ վնասներ ունեցել։

Նա ասաց, որ Սյունիքի մարզում գործող ճոպանուղին էլ որոշակիորեն վնասվել է․ «Ոչ մեծ ծավալի են վնասները՝ շենքի ֆասադային մասերը, ապակիները․․․ թե ինչ աստիճանի է՝ դեռ պարզված չէ։ Ջերմուկում 3 հյուրատուն եւ 1 առողջարան վնասներ են կրել, բարեբախտաբար, ոչ կառուցվածքային մասերի առումով»։

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն էլ ասաց, որ սոցիալական աջակցություն է տրամադրվում հրետակոծությունից տուժած քաղաքացիներին․ աջակցության փաթեթում ներառված են սնունդ, հագուստ, կոշիկ, այն, ինչ անհրաժեշտ է․ «Այս պահին սոցաջակցության ամբողջ ծավալը համայնքների միջոցով է իրականացվում»։

Դիտարկմանը՝ հրետակոծության հետեւանքով Սոթքից տեղահանված բնակիչները պատմում էին, որ մեքենայի մեջ են գիշերել, գնալու տեղ չունեն, համապատասխան մարմիններից էլ որեւէ մեկը աջակցություն չի ցուցաբերել, փոխնախարարը պատասխանեց․ «Նախարարության թեժ գծի տասը զանգից որեւէ մեկը չի ասել, որ դրսում է։ Վստահեցնում եմ, որ որեւէ քաղաքացի դրսում չի մնացել, որեւէ հարց անարձագանք չի մնացել։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»։

Սեպտեմբերի 13-ից ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ ։

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Երեկ, ուշ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է՝ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930