Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախի կարգավիճակի հարցով, անվտանգության խնդիրներով Արցախի իշխանությունները և ժողովուրդը տարաձայնություններ չունեն. Արթուր Թովմասյան

Սեպտեմբեր 16,2022 21:44

Սեպտեմբերի 15-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին

–Պարոն Թովմասյան, նախօրեին դուք հայտարարություն էիք տարածել և նշել, որ Արցախի և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Այսօր Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում է և հետո հայտարարություն տարածվեց, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրքերը հանդարտվե՞լ են Արցախում, ի՞նչ վիճակ է այնտեղ:

– Արցախում այսօր ժամը 11:00-ին տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք: Ես տեղեկացրի, որ Արցախի նախագահը, Արցախի ԱԺ պատվիրակությունը գտնվում են Երևանում: Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվելու։ Արցախի ԱԺ պատվիրակության հանդիպումը Հայաստանի ԱԺ նախագահի հետ քիչ առաջ է ավարտվել: Հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հետ, իսկ վաղը՝ սեպտեմբերի 16-ի,ն հանդիպումները կշարունակվեն քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ: Երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՀՀ անվտանգության խորհրդի նիստին: Տեղի ունեցած քննարկումներից հետո( քանի որ ես նաև ինֆորմացիաներ եմ ստանում) նշվել է, որ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, չի էլ քննարկվում: Արցախի նախագահը և Արցախի ԱԺ պատվիրակությունը, որի կազմում խմբակցության ղեկավարներն են, մշտական հանձնաժողովների նախագահները, պատգամավորներ, անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում կամ դրա շուրջ ցանկացած քննարկում: Ե´վ Արցախի նախագահը, և´ես մեր հայտարարություններով մեկ անգամ ևս վերահաստատել ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

-Բայց այդպիսի վտանգ կա՞ր, որ այսպիսի անհանգստություն եղավ, որովհետև նշվեց, որ ՀՀ վարչապետի խոսքը մանիպուլացվել է: Դուք նման փաստաթղթի վերաբերյալ որևէ լուր ունեի՞ք:

– Փաստորեն, այդ ելույթը երևի մտահոգություն առաջացրեց մեր հայրենակիցների, նաև Արցախի ԱԺ պատգամավորների մոտ: Ուստի կամ ես պետք է գայի Երևան՝ հանդիպումներ ունենալու որպես ԱԺ պատվիրակության նախագահ, կամ՝ Արցախի նախագահը: Հիմա այն ինֆորմացիան, որը ես ստանում եմ և տարածվում է տարբեր լրատվամիջոցներով, մտահոգությունն այն չափի չէ, ինչ եղել է երեկ:

-Հայաստանում, ըստ ամենայնի, բողոքի հավաքները կշարունակվեն, իսկ Արցախում Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո կրքերը հանդարատվե՞լ են:

– Ես արդեն ասացի, որ Ստեփանակերտում հանրահավաք տեղի է ունեցել: Այն կշարունակվի երեկոյան ՝ժամը 7-ին: Մենք տեղեկատվություն կտանք և Արցախի նախագահի,և մեր պատվիրակության հանդիպումների մասին: Ես ընտրել եմ պատմական ակնարկ կատարելու տարբերակը, արդեն պատրաստվել եմ, թե երբ և ինչպես է ծագել արցախյան հիմնախնդիրը: Եթե հիշում եք, ԼՂ հիմնախնդիրը որպես միջազգային վեճ առաջին անգամ ծագել է 1918 թվականին Ռուսական Կայսրության փլուզումից հետո անկախ դարձած Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման անհրաժեշտության կապակցությամբ: Նույնիսկ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածքի կարգավիճակ ընդունեց: Բայց Կարմիր բանակի կողմից բնիկ հայկական երկրամասի բռնազավթումից հետո Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին: Դրանով Արցախյան հիմնախնդիրը հանվեց Փարիզի խաղաղ խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը: Ես այս պատմական ակնարկով ելույթ կունենամ հանրահավաքի մասնակիցների առջև:

-Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասություն կա՞ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված:

– Խնդրի կարգավորման մասով բանակցություն չկա, իսկ ընդհանրապես, երբ մենք հռչակել ենք Արցախի անկախությունը, այս տարիներին տարաձայնություններ եղել են, բայց ոչ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև: Ես գտնում եմ, որ դա օրինաչափ է և օրինական, այդպես էլ պետք է լիներ: Այսինքն` տարաձայնություններ եղել են, կան և լինելու են, բայց այդ տարաձայնությունները չպետք է լինեն գլոբալ, ռազմավարական առումներով: Մարտավարական հարցերում միշտ էլ մեր վերջնական երազանքին հասնելու համար ճանապարհները տարբեր են, և մենք միշտ նշաձողը բարձր ենք պահել, քանի որ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Իսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ են նաև կայանում տարաձայնությունները: Արցախի սուբյեկտայնությունը հենց նրանում է, որ Արցախի իշխանությունները և ժողովուրդը ներկայացնում են իրենց հստակ դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ ևս հայտարարել են, որ առանց Արցախի իշխանությունների ու ժողովրդի տեսակետը հաշվի առնելու ոչ մի հիմնարար փաստաթուղթ չի ստորագրվելու:

-Ստեփանակերտում բողոքի ակցիաները որքանո՞վ են ինքնաբուխ: Տեսակետ կա, որ դրանք քաղաքական ուժերի, ընդհուպ մինչև Երևանից են ուղղորդվում:

– Այդ հարցը պետք է ուղղվի կազմակերպիչներին: Հանրահավաքը տեղի է ունենում ԱԺ նախագահի նստավայրից մի քանի մետր հեռավորության վրա, և ես լսում եմ, որ ինձ հրավիրում են ելույթ ունենալու: Քանի որ Արցախի նախագահը հանրապետությունում չէ, իր բացակայության դեպքում Արցախի ԱԺ նախագահն է երկրի պատասխանատուն: Սա ես նորմալ եմ համարում: Արցախի կարգավիճակի հարցով, անվտանգության խնդիրներով Արցախի իշխանությունները և ժողովուրդը տարաձայնություններ չունեն:

– Իսկ այս պահին Արցախն ինչ-որ առաջարկ ունի՞ Հայաստանին, օրինակ, ինչ ռազմավարություն, ինչ մեթոդաբանությունի ունի Արցախի ղեկավարությունը:

– Այսօր Հայաստանը գտնվում է պատերազմի վիճակում, բազմաթիվ զոհեր ունեցանք: Ադրբեջանը ևս զոհեր ունեցավ: Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհերի հարազատներին, ընտանիքներին: Այս պայմաններում մեր մտահոգիչ հարցերը կապված են Արցախի ժողովրդի ապագայի հետ, Արցախի կարգավիճակի հետ, անվտանգության հարցերի հետ: Արցախի կարգավիճակի հարցում անընդունելի է առանց Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու որևէ դիրքորոշում ասելը կամ հայտարարություններ անելը:

Եվ ՀՀ-ում, և Արցախի Հանրապետությունում այս ծանր պայմաններում մենք ցանկացած պահի պետք է կանգնենք բանակի կողքին,որովհետև եթե մենք միասնական չլինենք բանակի կողքին լինելու հարցում, մեզ լավ բան չի սպասվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Չհասկացա, ինչ էր նշանակում ադրբեջանի զոհերի կապակցությամբ ցավակցելը, այն էլ՝ Արցախի ժողովրդի անունից։
    Ո՞վ է տվել ձեզ իրավունք տվել նման բաներ ասել։ Կարող էիք առանձին զանգել և ցավակցել, եթե այդքան շատ էիք ցավում։ Ձեր անունից, իհարկե։

  2. Անի says:

    Վարչապետ կոչեցյալի դավաճանական ելույթից հետո ինչ է փոխվել,որ Արցախում մտահոգությունը նվազի։ Հարցում եք կատարել? Իսկ նշված հանդիպումներում ինչ ցնցող բան ասվեց,որ նույնիսկ մարդասպան թուրքին եք ցավակցում? Երբևէ թուրքը ցավակցել է հային? Կամ ով կհամարձակվի? Իսկ ձեր սպասվող ելույթը կապ չունի Արցախի շահերի հետ,այն դավաճանական հակառուսական ծրագրի շրջանակում է։Ում ցուցումով?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930