Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի ինչ հայեցակարգ են առաջարկում Մոսկվան և ԵՄ-ը. «Կոմերսանտ»

Հոկտեմբեր 10,2022 16:08

Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը իր անանուն դիվանագիտական աղբյուրներին հղում տալով՝ ներկայացրել է, թե ինչ հայեցակարգեր են առաջ քաշում Մոսկվան ու Եվրամիությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործում:

Ըստ թերթի՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա խնդիրների լուծում, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի: Կարգավիճակի հետաձգման թեման արտացոլված է եղել պայմանագրի այն տարբերակում, որը Խովաևը ներկայացրել է կողմերին: Հայկական կողմը համաձայնություն է տվել այդ տարբերակին, մինչդեռ Ադրբեջանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղի հարցը Բաքուն լուծված է համարում և նրա կարգավիճակի հարցին Ադրբեջանում չեն ցանկանում վերադառնալ: Դրանից հետո, Մոսկվան, ըստ թերթի աղբյուրների, թարմացրել է պայմանագրի իր տարբերակը. այժմ առաջարկվում է Ղարաբաղի հարցը շոշափել ոչ թե հենց պայմանագրում, այլ դրան կից լրացուցիչ արձանագրություններում: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են դրան արձանագրել Բաքուն ու Երևանը:

Եվրոպական բանաձևը, ըստ թերթի աղբյուրների, առավել համապարփակ է, և դրանում որևէ կերպ արձանագրված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բրյուսելը հանդես է գալիս Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության օգտին՝ առաջարկելով դրանում միջազգային դերակատարների ներգրավվածության որոշակի մեխանիզմներ: Սակայն թե ինչպես պետք է դա իրականացվի՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղում տեղակայված են ռուս խաղաղապահներ, և Ռուսաստանը կտրուկ դեմ է հանդես գալիս դրան, հասկանալի չէ:

«Ես համոզված եմ, որ եթե խաղաղության պայմանագիրն իսկապես կնքվի Եվրամիության հովանու ներքո, ապա դա կլինի միայն հաղթանակի խաբկանք,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը: – Ոչ մի բարդ բան չկա նրանում, որ երկրները հռետորական տիրույթում ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Դա կարել էր անել նաև մեկ տարի առաջ: Բայց ամենահետաքրքիրը կսկսվի հետո, քանի որ սահմանների ճշգրտումը ոչ պակաս խնդրահարույց հարց է, քան Ղարաբաղի կարգավիճակը: Սահմանազատում հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի, քանի որ հենց նրա Գլխավոր շտաբում են պահվում տարածաշրջանի խորհրդային քարտեզները»:

Ըստ փորձագետի՝ «եթե Ադրբեջանի գործողություններում կա որոշակի տրամաբանություն, ապա Հայաստանը պարզապես ինքն իրեն է վնասում՝ մի բանակցային սեղանից մյուսը ցատկելով: «Եթե իրադարձությունները զարգանային մեկ դիվանագիտական ուղղությամբ, Երևանի համար պայմանները շատ ավելի շահավետ կլինեին»,- ասել է Պրիտչինը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31