Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանն այդպես դուռ է բացում Ադրբեջանի շինծու քաղաքական պահանջների առաջ»․ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 15,2022 23:04

«Ալեն Սիմոնյանն ասել է՝ չի կարծում, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր կնքվելիք պայմանագրի մեջ պետք է որեւէ հիշատակում լինի Արցախի մասով։ Ըստ Ալենի՝ եթե նման բան լինի, դա կարող է հայելային պահանջ եւ ցանկություն առաջացնել Ադրբեջանի մոտ։ Եկեք հասկանանք։ Նիկոլի քաղաքականությունն ամբողջությամբ նրա մասին է, որ Արցախն Ադրբեջան է եւ վերջ։ Ալենի, Նիկոլի եւ մյուսների խոսույթը բացառապես այդ մասին է, որ իրենց ընկալումներում Արցախն այլեւս Ադրբեջան է, եւ նրանք փորձում են այդ ընկալումը փաթաթել նաեւ հանրության վզին»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետեւյալ հայտարարությանը՝ «խաղաղության կնքվելիք պայմանագրում Արցախի տարածքների մասին շեշտումը կբարդացնի, միգուցե առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը»։

Արմեն Աշոտյանը նշեց․ «Որտե՞ղ է մեզ խաբում Ալեն Սիմոնյանը։ Ամեն տեղ։ Հայելային նշանակում է նույն բանը՝ հակառակ հարթությունում։ Ըստ Ալեն Սիմոնյանի, եթե մենք պնդենք Արցախի հարցը, ադրբեջանցիները մի ուրիշ հարց են բերելու։ Բայց ի՞նչ ուրիշ հարց են ունենալու, եթե ՀՀ տարածքում երբեւէ չեն ունեցել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր։ Երբ մենք պնդում ենք, որ Արցախը պետք է լինի այդ պայմանագրում, նշանակում է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ կարգավիճակի խնդիրը պետք է ամրագրել համաձայնագրում։ Երբ նա ասում է, թե Ադրբեջանը հայելային պահանջ կներկայացնի, ապա դուռ է բացում Ադրբեջանի շինծու քաղաքական պահանջների առաջ։ ՀՀ տարածքում ադրբեջանցիներն այդ ե՞րբ են պատմական հայրենիք ունեցել։ Նրա բառերի խորքում կա ստորություն եւ սրիկայություն, որովհետեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը չի կարող կախվածության մեջ լինել Ադրբեջանի հայելային՝ նմանատիպ պահանջների հետ»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ իշխանությունը որպես մեծ նվաճում է ներկայացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունների հնարավորությունը․ «Նման սրիկայությո՞ւն։ Եթե Ադրբեջանն իսկապես բանակցելու էր Արցախի հետ, թող բանակցեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափում՝ հավասարը հավասարի հետ։ Հիմա մեծ ՀՀ-ն Արցախին նետում է վիշապի՝ Ադրբեջանի բերանը։ ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է, իսկ Արցախը, ցավոք, ոչ։ Այս հարցում Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը տեղին էր։ Նիկոլը, Ալենը եւ մյուսներն այնքան են լեզու դրել Ալիեւի բերանը, որ նա բաց տեքստով ասում է՝ Արցախի բնակիչներն ունենալու են նույն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները՝ Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Ու հայկական կողմից չկա մեկ իշխանավորիկ, դեսպանիկ կամ պատգամավորիկ, որ սրանց ու միջազգային հանրությանն ասի՝ այդ դուք եք ձեր միջազգային զեկույցներում գրել, որ այսօրվա իրավիճակում էլ Ադրբեջանը խախտում է իր ազգային փոքրամասնությունների իրավունքները։ ԵՄ-Ադրբեջան պաշտոնական փաստաթուղթ կա, որում գրված է, որ Ադրբեջանը չի ապահովում ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ բացառությամբ ռուսական եւ վրացական համայնքների։ Ադրբեջանն անգամ ադրբեջանցի համարվողների իրավունքները չի ապահովում, բայց Նիկոլն իրեն այնպես է պահում, որ Ալիեւի լեզուն երկարում է»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ստացվում է, որ իշխանությունը փաստում է՝ լավ է, որ Արցախն Ադրբեջանի դեմ մեն մենակ է մնում․ «Եվ բոլորիս մատուցում են այնպես, որ «թող իրար հետ Արցախն ու Ադրբեջանը բարիշեն»․․․ Կներեք օրինակի համար, բայց դա նույն է, որ մարդասպան պեդոֆիլի հետ երեխային մենակ թողնես, որ զոհին թողնես ագրեսորի դիմաց։ Ու սրանով հպարտանո՞ւմ են։ Եթե այո, թող դա քաղաքական իմաստով գա դրանց գլխին»։

Արմեն Աշոտյանը նաեւ շեշտեց՝ իշխանությունը գլուխ է գովում, թե միջազգային մոնիթորինգային խումբ է բերելու ՀՀ սահմաններ․ «ԵՄ-ն իր պատմության ընթացքում իրականացրել է երկու մոնիթորինգային առաքելություն, որից մեկը Հարավսլավիայում, որտեղից դուրս է եկել 2007 թ․-ին։ ԵՄ մոնիթորինգային գործունեությունն այդտեղ չի կանխել եղած մարդասիրական աղետները, որովհետեւ Հարավսլավիայում եղած այդ առաքելությունը 16 տարի չի կանխել Հարավսլավիայի պատմությանը վերագրվող որեւէ հումանիտար աղետ կամ ռազմական ագրեսիա, փոխարենն արձանագրել է, թե ում են սպանել։ Հետեւաբար, ԵՄ-ից մեզ «գրչակներ» են ուղարկում եւ համոզում, որ նրանք հարց են լուծելո՞ւ։ Շատ լուրջ կասկածներ ունեմ։ Ողջ աշխարհը գիտի, որ սեպտեմբերին Ադրբեջանն է հարձակվել մեր վրա եւ այդ մասին հայտարարում են։ Եթե իրոք ուզում են պաշտպանել ՀՀ-ին եւ հայ ժողովրդին, ապա ինչո՞ւ չկան թեկուզ ամենապարզունակ սանկցիաներն Ադրբեջանի հանդեպ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31