Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչպես գումարտակի բուժակը փրկեց դիրքի ավագի կյանքն, ու ինչպես տղաները դուրս եկան շրջափակումից

Հոկտեմբեր 19,2022 20:10

Տղաները դիրքեր էին բարձրացել  սեպտեմբերի 13-ի  մարտական գործողություններից օրեր առաջ: Սովորականի նման յուրաքանչյուրը կատարում էր իր առջև դրված ծառայողական պարտականությունն ու հսկում իրեն վստահված սահմանի անառիկությունը:

Սեպտեմբերի 12-ին՝ կեսգիշերն անց, հանկարծ իրավիճակն  առաջնագծում փոխվեց, հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներով սկսեց գնդակոծել հայկական դիրքերը: Տղաները մի պահ լարվեցին, հետո տագնապ հրամանով  զենքերը վերցնելով՝  շտապեցին  դիտակետերում կանգնած զինակից ընկերներին օգնության: Հակառակորդը  արկակոծում ու կրակում էր  անդադար, մթության մեջ երևում էին դեպի հայկական դիրքերի ուղղությամբ արձակվող արկերից վառվող կրակն ու պայթյունների ձայները:

Տղաներն իրենց դիրքից օգնում էին հարևանությամբ գտնվող հենակետերի զինվորներին, պաշտպանում նրանց թիկունքն ու հակահարված տալիս թշնամու մեծաքանակ զորքին:

Մինչև լուսաբաց տղաները կռվեցին ու պաշտպանեցին իրենց դիրքը: Հանկարծ նկատում են, որ թշնամին մի քանի հարյուր զինվորներով շարժվում է իրենց ուղղությամբ, հրամանը մեկն էր՝անառիկ պահել դիրքն ու կռվել մինչև վերջին փամփուշտը: Առաջադրանքը կատարված է, բայց թշնամու արկի պայթյունից  վիրավորվում են դիրքի ավագ Վլադիմիր Վարդանյանն ու տղաներից մի քանիսը: Հենց վիրավոր վիճակում էլ նրանք շարունակում են կռվել խրամատներում :

Վիրավորներից մեկին տղաներն իջեցնում են ներքև, իսկ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Վարդանյանը մնում է դիրքում ու  վիրավոր վիճակում շարունակում կռիվը, բայց ոտքի ու ձեռքի բեկորային վնասվածքներն արնահոսում են:

Անդադար կրակոցների ու արկերի պայթյունների տակ գումարտակի բուժակ Ռուբեն Բեգոյանը վիրակապում է վերքերն ու լարան տեղադրում, ընթացքում շարունակում են նաև պաշտպանվել: Երբ նկատում են, որ Վլադիմիրն արդեն շատ արյուն է կորցրել, որոշում են նրան ևս հասցնել հոսպիտալ:

«Տղեք, ինձ թողեք այստեղ, դուք գնացեք, ես ձեզ հետ ինքնուրույն ներքև գալ չեմ կարող, գնացեք, գոնե դուք կփրկվեք»- զինակից ընկերներին հրամայում է դիրքի ավագ Վլադիմիրը:

«Նման բան լինել չի կարող, մենք միասին ենք բարձրացել դիրքեր, միասին էլ այստեղից հետ կգնանք, քեզ այստեղ վիրավոր վիճակում ու մենակ թողնել մենք չենք կարող»,-ասում է բուժակ Բեգոյանն ու ընկերոջը բարձրացնում է գետնից:

Բեգոյանը Վլադիմիրին շալակած սկսում է իջնել դիրքից ցած, իսկ զինակից ընկերը՝ Արթուրը, պաշտպանում է նրանց թիկունքը: Հանկարծ նկատում են թշնամու մի  քանի զինվորների: Շրջափակման մեջ չհայտնվելու համար նախ վիրավոր ընկերոջը թաքցնում են մոտակա փոսի մեջ, ապա բուժակը ձևացնում է, թե վիրավոր է, և Արթուրի հետ միասին հաջողվում է ոչնչացնել իրենց մոտեցող հակառակորդի զինվորներին:

Մեծ դժվարությամբ, մի քանի կիլոմետր Բեգոյանը շալակած, գրկած, իսկ երբեմն, հոգնած ժամանակ, գետնին քարշ տալով վիրավոր ընկերոջը՝ հասցնում է ապահով մի տեղ, հետո իրենց մոտեցող ավտոմեքենայով տեղափոխում են Կապանի քաղաքային հիվանդանոց:

Բուժակ Բեգոյանին ու Արթուրին հաջողվում է փրկել գյումրեցի Վլադիմիր Վարդանյանի կյանքը, նրան տեղափոխում են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն ու ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

«Իմ նպատակը մեկն էր՝ փրկել ընկերոջս կյանքը, ում հետ ամիսներ շարունակ ծառայում էինք: Չնայած անդադար կրակոցներին ու արկերի պայթյուններին՝ ինձ դա հաջողվեց: Կարծես մի անբացատրելի ուժով այդքան ճանապարհ կարողացանք հաղթահարել, պաշտպանվել ու փրկվել հակառակորդի զորքերի շրջափակումներից: Ես կուզենայի հնարավորության դեպքում փրկել նաև հարևան դիրքերում գտնվող վիրավոր զինվորներին, բայց ցավոք ժամանակը կարճ էր ու շատ թանկ, բոլորին օգնության հասնել չէի կարող, բայց ուրախ եմ, որ Վլադը հիմա ողջ է ու շուտով կվերադառնա զորամաս ու կմիանա մեզ»-նշում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող, բուժակ Ռուբեն Բեգոյանը, ով այժմ շարունակում է իր ծառայությունը դիրքերում:

Եռօրյա պատերազմով անցած տղան մի քանի ամսից կավարտի իր ծառայությունն ու կվերադառնա տուն, իսկ  ձեռքից ու ոտքից վիրավոր դիրքի ավագ Վլադիմիր Վարդանյանը դեռ շարունակում է ապաքինվել: «Ես շնորհակալ եմ Բեգոյանին և Արթուրին ինձ դիրքում մենակ չթողնելու, շալակած երկար ճանապարհով ցած բերելու, իրենց կյանքը վտանգի տակ դնելով՝ իմ կյանքը փրկելու համար: Եթե նա ու Արթուրը չլինեին, ես արնաքամ կլինեի: Ցավոք, մենք ընկերներ կորցրեցինք այս եռօրյա պատերազմում, հենց նրանց կորստի վրեժն էլ մեզ պարտադրելու է ավելի ամուր կանգնել մեր հողի վրա ու պաշտպանել մեր Հայրենիքը»,-ասում է դիրքի ավագ Վլադիմիր Վարդանյանը:

Տղաները որոշել են՝ պատերազմով ամրացած իրենց ընկերությունը  լինելու է շարունակական:

Ալեքսան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31