Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. Դրանով Փաշինյանն ուզում է մեղքը գցել բոլոր նախորդ իշխանությունների վրա: Ուզում է ասել՝ իմ ոխերիմ «բարեկամ-թշնամի» Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է մեղավոր. «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2022 11:25

Երեկ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի հերթական տարելիցի օրը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները քննարկում էին կազմակերպել՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով։ Քննարկման առաջին բանախոսը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էր, որը խոսեց Հայաստանի Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով ամրագրված Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ նշելով, որ Արցախի ինքնորոշման դեմ ուղղված ցանկացած գործողություն Անկախության հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության խախտում է։

Քննարկումից դուրս մեզ հետ առանձին զրույցում Պողոսյանը մանրամասնեց, թե ինչ ասել է Արցախի ինքնորոշման իրավունք, ինչ է դա ենթադրում: Հարցրինք` արդյոք դա չի՞ նշանակում, որ Արցախն այսօր ինքնաբերաբար ճանաչվում է Ադրբեջանի մաս, որի կազմում էլ խոսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին։

«Ոչ, չի ենթադրում՝ այն պարզ պատճառով, որ Արցախն ինքնորոշվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի գոյության ժամանակահատվածում, երբ որ Ադրբեջանական ԽՍՀ-ն մի առանձին ինքնիշխան սուվերեն պետություն չէր, այլ ընդամենը Սովետական Միության մի մասն էր։ Եվ այդ՝ Սովետական Միության մի մասը հանդիսացող Ադրբեջանական ԽՍՀ-ում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը սկզբից՝ 1988 թվականի փետրվարին, հետո արդեն՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով որոշեց, որ դառնում է անկախ պետություն»,- ասաց Վարդան Պողոսյանը։

– Եթե Արցախը 1991 թվականին արդեն իսկ որոշել է իր ճակատագիրը, որ անկախ պետություն է, մենք 30 տարի էլ ի՞նչ ենք որոշում։

– Մեր էսօրվա քննարկման թեման այն է, որ Արցախն ինքնորոշվել է՝ դա փաստ է, ՀՀ տարբեր իշխանությունները՝ ԽՍՀՄ վերջին շրջանում եւ անկախ Հայաստանի իշխանությունները, ճանաչել են այդ փաստը, այն ամրագրված է Հայաստանի անկախության հռչակագրում, հռչակագիրը ներառված է Սահմանադրության մեջ հղման, հիշատակման միջոցով, եւ, հետեւաբար, ՀՀ ցանկացած իշխանական մարմին, լինի դա Ազգային ժողովը, կառավարությունը, թե Սահմանադրական դատարանը, իրավունք չունի արհամարհելու այդ փաստը, որ Արցախն ինքնորոշվել է, եւ հրաժարվի ինքնորոշման այդ փաստից։ Այսինքն՝ ճանաչի, որ չկա Արցախի Հանրապետություն, ինքնորոշված Արցախ, եւ ճանաչի Արցախն Ադրբեջանի Հանրապետության կազմում։

– Բայց ՔՊ-ականների մի մասն էլ, ինչպես նշեցի, ինքնորոշման իրավունքի վրա է շեշտը դնում։

– Ինքնորոշման իրավունքի վրա շեշտը չպետք է դնել այն իմաստով, որ ինքն Ադրբեջանի կազմում է, բայց իրավունք ունի ինքնորոշվելու։ Ես ասում եմ, որ Արցախը եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում եւ Սովետական Միության ժամանակահատվածում արդեն իսկ ինքնորոշվել է՝ դառնալով անկախ պետություն։ Եվ մեր ներպետական փաստաթղթերը հստակ խոսում են Արցախի ինքնորոշման փաստի ճանաչման մասին։

– Իսկ այն, որ Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ ձեւաչափով հղում արվեց 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի՝ ԱՊՀ երկրների հռչակագրին, սա ի՞նչ էր նշանակում։ Այդ հռչակագիրը, ի դեպ, Հայաստանի ԳԽ-ն ընդունել է Արցախի հետ կապված վերապահումով։

– Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը խաղում է ադրբեջանական խաղերը, Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է մեղքը գցել բոլոր նախորդ իշխանությունների վրա, որ դեռեւս 1991 թ․ դեկտեմբերին, երբ մենք ստորագրել ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, ճանաչել ենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, որը բացարձակ անհեթեթություն է։ Բայց նպատակը դա է, որպեսզի ասի՝ նախորդներն արդեն տվել են, ես չեմ տվել, հիմա ես անելիք չունեմ։

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նախկինների վրա մեղքը բարդելու հարցում ավելի հեռո՞ւն է գնում՝ հասնելով ընդհուպ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

– Այո, հասնելով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ միայն իմ ոխերիմ թշնամիները չեն մեղավոր, իմ ոխերիմ «բարեկամ-թշնամի» Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մեղավոր, որովհետեւ ինքն ուզում է էդպես մեկնաբանել, որ 1991 թ․ արդեն Հայաստանը հրաժարվել է Ղարաբաղի ինքնիշխանությունից, ինքնորոշումից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930