Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի Տիկնիկային թատրոնը 30 տարեկան է

Նոյեմբեր 12,2022 20:51

Վանաձորի Տիկնիկային թատրոնը նշում է իր ստեղծման 30-ամյակը: Ծննդյան օրվա կապակցությամբ թատրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Թատրոնի տնօրեն Սեւակ Սարգսյանն ասում է, որ տիկնիկային թատրոնն իր առջեւ դրված կարեւոր խնդիրն այս 30 տարիների ընթացքում կատարել է, այն է՝ մանուկների գեղագիտական դաստիրակությամբ զբաղվելն ու նրանց ճաշակով արվեստ մատուցելը. «Ես կարծում եմ` մեր թատրոնը կարողացել է այդ խնդիրը կատարել: Մեր առջեւ ապագա բոլոր տարիների համար այդ խնդիրն է առաջնահերթը՝ ստեղծել այն հրաշալի տպավորությունը, որ պետք է ստանա երեխան Տիկնիկային թատրոն մտնելու պահից սկսած»:

Հոբելյանական միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ծննդով լինելով վանաձորցի, հիշում է, թե 90-ական թվականներին ինչ ջերմությամբ է իրենց օրը լցրել Տիկնիկային թատրոնը. «Այն հաստատությունը, որտեղ հիմա գտնվում ենք մենք, ինձ համար բարոյական սխրագործության, բացառիկ նվիրումի, մասնագիտական նվիրումի եւ բարձր քաղաքացիական գիտակցության դրսեւորում է եւ խորհրդանիշ: Այն, ինչ արել է թատրոնի նախկին տնօրեն պարոն Մելիքյանը, քիչ է թե ասել արժանի է հիացումի եւ խոնարհումի: Ես հիշում եմ 90-ականների խավար, ցուրտ, դժնդակ օրերը, եւ մեր՝ երեխաներիս համար սա այն եզակի կղզիներից էր, որ թույլ էր տալիս այլ իրականություն տեսնել, շփվել այլ միջավայրի, այլ զգացմունքների, առօրյա խոսակցություններից ու հոգսերից հեռու այլ իրականության հետ»:

Տիկնիկային թատրոնը ստեղծվել է 1992 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մելիքյանի ջանքերով: Թատրոնը ստեղծելու նպատակով քաղաքային խորհուրդը հատկացնում է ծաղկի խանութի նախկին շենքը. «Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ մեր թատրոնը նորամանուկ էր, եւ մենք տոնելու էինք մեր թատրոնի 1-ամյակը, այդ դաժան եւ մութ ու ցուրտ տարիներին եղան մարդիկ, որոնք կասկածանքով ասացին, որ այս թատրոնը մեկ կամ երկու տարի չի ձգի: Բայց մենք կարողացանք Աստծո կամոք ուժ հավաքել, եւ ոչ միայն ձգեց 2 տարի, այլ ապրեց ու արարեց 30 տարի շարունակ»,- ասում է Սերգեյ Մելիքյանը:

Տիկնիկային թատրոնն իր 30 տարիների ընթացքում բեմադրել է շուրջ 50 ներկայացում: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս:

Տիկնիկայինի 30-ամյա հոբելյանը խորհրդանշող հուշամեդալներ հանձնվեցին թատրոնի նվիրյալներին, որոնք ջանք չեն խնայել թատրոնի կայացման ու զարգացման գործում: Իսկ քաղաքային ու մարզային իշխանությունների կողմից թատրոնի ներկայացուցիչներն արժանացան շնորհակալագրերի ու պատվոգրերի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930