Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայազետ» կենտրոնը երիտասարդների համար նոր հնարավորություններ է ստեղծում

Նոյեմբեր 23,2022 15:46

«Բայազետ» կենտրոնը Գեղարքունիքի մարզի այն եզակի հասարակական կազմակերպություններից է, որն իրականացնում է վերլուծական-հետազոտական գործունեություն, կատարում գրադարանագիտական աշխատանք, ինչպես նաև հրապարակում թարգմանություններ։

-Գիտեք, շատերը լքում են իրենց ծննդավայրը ավելի լավ կրթություն և աշխատանք ստանալու նպատակով։ Եվ ուղեղների արտահոսքը միայն մեզ չէ բնորոշ, նույնիսկ զարգացած քաղաքներից են մարդիկ հեռանում։ Գնում են բնակավայրեր, որտեղ կարող են հաջողության հասնել, որտեղ կարող են ավելի բարեկեցիկ կյանքով ապրել։ Մեր երազանքն է համախմբել տարածաշրջանի ինտելեկտուալ ներուժը և ուղղել դեպի համայնքներ,- այս գաղափարով է առաջնորդվում Վահրամ Հովեյանը, որը Երևանում ուսումնառության 6 տարիներից հետո վերադարձել է իր ծննդավայր՝ Գավառ, և հիմնել «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնը։

Վահրամը մասնագիտությամբ սոցիոլոգ է, սովորել է Երևանի պետական համալսարանում, դեռ ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել է համայնքանպաստ նախաձեռնությունների և միշտ մտքում ունեցել այն գաղափարը, որ հետ է գնալու իր ծննդավայր և ջանք չի խնայելու այն զարգացնելու քայլեր ձեռնարկել և իրագործել։ Դրա վառ ապացույցը չուշացավ․ 2021թ․-ի փետրվարին Գավառում հիմնվեց «Բայազետ» կենտրոնը։ Կազմվեց կազմակերպության կանոնադրությունը, մշակվեց ռազմավարական ծրագիրը, սահմանվեցին երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ։

Վահրամը անկեղծանում է՝ առանց գաղափարակից ընկերների՝ Մարուսյայի ու Տիգրանի, չէր հաջողվի կյանքի կոչել «Բայազետը»։ Մարուսյան մասնագիտությամբ տնտեսագետ է, Տիգրանը՝ քաղաքագետ։ Դեռ վաղուց է միտք եղել շարժվել երեք ուղղություններով՝ սոցիոլոգիա, քաղաքագիտություն և տնտեսագիտություն։ Եվ այդպես էլ եղավ։

Ներկայումս «Բայազետ» կենտրոնի հրատարակած գրքերը, կատարած հետազոտությունները և վերլուծությունները նպաստում են Գեղարքունիքի մարզում փաստահեն որոշումների կայացմանը՝ ՏԻ և պետական մակարդակներում։

«Բայազետը» հիմնադրման պահից չի ունեցել, ոչ՛ մի տեսակ նյութական ռեսուրս, բայց կարողացել է ստեղծել և ընդլայնել ստեղծարար ու գաղափարակից թիմ։ «Մենք ունենք հստակ նպատակ, որին հասնելու համար միասին հաղթահարել և հիմա էլ շարունակում ենք հաղթահարել խոչընդոտներ»,- ասում է Վահրամը։

Իր գործունության 19 ամիսների ընթացքում Կենտրոնին են միացել 17 երիտասարդներ։ Նրանք ոգևորությամբ են պատմում իրենց մուտքը «Բայազետ», ասում են, որ նրանց լավագույն որոշումներից մեկն է եղել, որոշներն էլ կարծում են, որ «Բայազետում» գտել են այն ինչ երկար ժամանակ է՝ փնտրում էին։ Մեծ ցանկությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին։

«Բայազետն» իր շուրջն է համախմբել Գավառի տարածաշրջանի առողջ գաղափարներով, հետաքրքրասեր, պրպտող, նորարար երիտասարդների, ովքեր ոգեշնչված են համայնքների ապագայով և կօգնեն դրա կառուցման գործում։ Հիմնադրման պահից մինչ այսօր «Բայազետը» ընդունում է կամավորների, նրանք համախմբվել են՝ իրականացնելու նախագծեր, որոնք կարող են փոխել իրենց հայրենի Գավառը։

«Բայազետը» հիմնելուց մենք մեր առջև 5 նպատակ ենք դրել, որոնցից մեկը կրթության զարգացումն էր, այս կոնտեքստում քննարկեցինք ու հասկացանք, որ չկա ինչ-որ միջավայր, որտեղ երիտասարդը կարող է գնալ, նստել, գիրք կարդալ ու ընթացքում էլ ապահովել ժամանցը։ 2021-ի հունիսից սկսեցինք հիբրիդային գրադարանի հավաքումը՝ մարզում միակը, որին մասնակցում են ՀՀ ամբողջ շրջանի քաղաքացիներ․ այս պահին մոտավոր 6800 կտոր գրականություն ունենք»,- պատմում է գլխավոր քարտուղարի օգնական Անի Թադևոսյանը և հավելում, որ այժմ «Բայազետ» կենտրոնում մշակվում է գրադարանավարների աշխատանքը թվայնացնող և ընթերցողի կյանքը հեշտացնող բջջային հավելված, և մոտակա ժամանակում իրականացնելու են բետա փորձարկումը։

Կազմակերպությունն արդեն հասցրել է իրականացնել և հրապարակել 13 թարգմանություններ։ Կենտրոնի թարգմանչական և խմբագրական բաժնի ղեկավար Ստելլա Շահինյանի կարծիքով՝ հաճախ մեր հասարակությանը հասանելի չեն օտարալեզու հոդվածները` օտար լեզուների ոչ այնքան լավ իմացության պատճառով: Թարգմանություններ կատարելով ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից` հասարակության համար ընդլայնում են օգտակար տեղեկատվական նյութերի շրջանակը, ինչպես նաև զարգացնում քննադատական մտածողությունը և թույլ տալիս խորհել այն մասին, թե ինչպես են տվյալ հարցին մոտենում Հայաստանից դուրս:

Մեզ հետ զրույցում «Բայազետ» կենտրոնի խորհրդի անդամ Հասմիկ Իսրաելյանը պատմեց, որ նրանք որոնում են մենթորներ, ովքեր կօգնեն նրանց բարդ հարցերին ավելի պատրաստ լինել, «Այս պահին 9+ մենթորներ ունենք»,- հավելեց նա։

«Բայազետը» բաց է քննարկելու համագործակցության ցանկացած առաջարկ, որն առնչվում է Գավառի տարածաշրջանի ավելի լավ ապագային։

Կենտրոնը շարունակում է մնալ անկախ և ապաքաղաքական կառույց, որն իր ընթերցողին մատուցում է օբյեկտիվ տեղեկատվություն՝ տարածաշրջանի անցուդարձի վերաբերյալ։

ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի Մարինե Դվոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930