Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հերթական փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթներին:
«Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց խաղաղություն՝ հիմնված միմյանց ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը երկու պետությունների սահմաններում ճանաչելու և հարգելու վրա: Սկսվեցին երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ: Նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը Հայաստանին ներկայացրեց վերանայված առաջարկները: Ակնկալվում է, որ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթներում»,- ասել է Բայրամովը Բրյուսելում՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» անդամ-երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությունը խթան է հաղորդել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետպատերազմական կարգավորմանը: «Մասնավորապես, արդյունավետ էին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումները: Ադրբեջանը շարունակում է սատարել այդ ձևաչափը և պատրաստ է այդ ուղղությամբ փոխադարձ գործողությունների»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ չեզոքությունը և անկանխակալությունը, միջազգային իրավունքին անշեղորեն հետևելը և կողմերի համաձայնությունը ցանկացած միջնորդական նախաձեռնության կամ օգնության հիմքն են, և այդ սկզբունքները պետք է պահպանվեն ցանկացած դեպքում:
Կարդացեք նաև
Բայրամովի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ որպես երկու իրավահավասար ինքնիշխան պետություն, հիմք կստեղծի փոխադարձ շահ ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար:
«Չնայած երկկողմ բանակցությունների բարձրացված դինամիզմին, ձեռք բերված առաջընթացը բավականին սահմանափակ է, քանի որ Հայաստանը շարունակում է իմիտացիան: Հայաստանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները միջպետական կարգավորման երեք ուղղություններով, այսինքն՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանազատում և տարածաշրջանային հաղորդակցություն»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մինչ այժմ լիարժեք դուրս չի բերել «իր անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից»: Այդպիսով, Հայաստանը արհեստականորեն ձգձգում է հաղորդակցությունների վերականգնումը, այդ թվում հրաժարվում է անխոչընդոտ կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև:
«Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև որոշ երրորդ երկրների դերը Հայաստանի ռևանշիստական վարքն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ դա Երևանին մղում է ուժեղացնել ռազմական սադրանքը և ռազմական հռետորաբանությունը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































