Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքի փակման փորձերը Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է»․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբեր 12,2022 17:55 Share

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցության կապակցությամբ, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը: Այս առումով կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։

Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն մտքեր են փոխանակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի վերաբերյալ, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում: Ընդգծվել է ֆորումի անցկացման կարևորությունը` հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դա Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել