Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանվող անձի կոշիկի եւ հագուստի չափսերը պետական գաղտնիք չեն. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Արծվիկ Մինասյանին

Հունվար 11,2023 16:39

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նորերս համալրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ լրատվամիջոցների համար ինչպե՞ս եւ ո՞վ է որոշելու՝ տվյալ տեղեկությունը ստանալը ազգային անվտանգության գաղտնիք պարունակո՞ւմ է, թե՞ ոչ, այս նախագծի արդյունքում լրատվամիջոցների աշխատանքը բարդանալո՞ւ է, թե՞ հակառակը:

Հիշեցնենք, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը պարզաբանեց, որ գործող ընթացակարգերում եւ առաջարկվողում, այդ ուղղությամբ փոփոխություններ չկան, իսկ գաղտնի տեղեկությունների ցանկը բաց է եւ լրագրողները կարող են դրանց ծանոթանալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանի, առաջարկվող փոփոխությունները անհրաժեշտ են՝ 21-րդ դարում, թվային տեխնոլոգիաներին համապատասխանեցնելու օրենսդրությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նաեւ հարակից զեկուցողին մի շարք հարցեր ուներ: Մասնավորաբար, նրա դիտարկմամբ, շատ դրույթներ ավելի շատ կրկնաբանություն են՝ «տաֆտալոգիա», քան սահմանումներ: Կենտրոնանալով ԱԺ պատգամավորի՝ գաղտնի տեղեկատվության հասանելիության առաջարկվող սահմանափակումներին, նա նկատեց, որ ըստ Սահմանադրության, օրենսդիրը պետք է գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնի՝ տարբեր ձեւերով եւ հարցրեց, թե նման սահմանափակման դեպքում, ինչպե՞ս է դա հնարավոր լինելու:

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ սահմանումների հետ կապված ինքը ևս փորձելու է հիմնական զեկուցողից պարզաբանումներ ստանալ: Պատգամավորների՝ տեղեկատվության հասանելիության սահմանափակման մասով էլ ասաց, որ գործադիրի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ոչ թե պատգամավորն, այլ ԱԺ-ն կամ ԱԺ հանձնաժողովը, ուստի, ինքը փոխկապակցվածություն չի տեսնում եւ գտնում է, որ հարցը ավելի լայն՝ հանձնաժողովի, կուսակցության կամ ԱԺ-ի համատեքստում պետք է դիտարկել, ոչ թե անհատի, որը կարող է անբարեխիղճ լինել, խնդրահարույց լինել:

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, Վլադիմիր Վարդանյանն իր ոչ բոլոր պատասխաններում էր անկեղծ: Նա Վլադիմիր Վարդանյանին հիշեցրեց Սեյրան Օհանյանի հետ կատարվածը, երբ վերջինիս մերժել էին տեղեկատվություն տրամադրել, այն դեպքում, երբ մարդը երկար տարիներ պաշտպանության նախարար է եղել եւ տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք նրա ակնկալած տեղեկության հետ համեմատ առավել ծանրակշիռ են, մինչդեռ մերժվել է այն պատճառաբանությամբ, թե իր նկատմամբ հարուցված քրեական գործ կա, որը պետական գաղտնիքի օգտագործման խախտման հետ որեւէ կապ էլ չունի:

«Բոլոր ծանր կամ առանձնապես ծանր, ենթադրյալ հանցագործությունների մեջ քրեական վարույթի շրջանակներում արգելելը, նաեւ անմեղության կանխավարկածի խախտում է: Ի վերջո, չունես օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, բայց արդեն մարդուն համարում ես հանցագործ: Այսօրվա իրավիճակում, երբ քաղաքական հետապնդումներն այնքան շատ են, հատկապես մեր երկրում, ցանկացած անձի կարող եք արգելել: Եվ երբ ասում եք բողոքարկել՝ դուք շատ լավ գիտեք, թե մեր դատական համակարգում, հատկապես ԱԱԾ մարմիններին վերաբերվող հարցերով, բլոկ է արվում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Արդեն իր ելույթում, Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ականների նկատմամբ քաղաքական հետապնդումների նոր փուլ է սկսվել՝ քրեական շարժառիթներով:

Իսկ քննարկվող նախագծի վերաբերյալ ասաց, որ այսպիսով հնարավորություն է բացվում՝ պետական գաղտնիքը ոչ պետության շահերին օգտագործելու համար: Այդ դրույթին, ըստ նրա, նպաստում է, գիտական հետազոտությունների համար պետական գաղտնիքի հասանելիությունը, քանի որ ինչ-որ մեկը կարող է դրամաշնորհ ստանալ եւ դրա հիման վրա ուսումնասիրություններ իրականացնել: Նա տարակուսեց՝ օրենքի ուժով պետական գաղտնիքին տիրապետելու հասանելիություն ունեցող անձանց դեպքում ինչպե՞ս է պարզվելու, ասենք շիզոֆրենիայով կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու հանգամանքը, եթե դա պարզելու մեխանիզմ սահմանված չէ: Նա վստահ է, որ այս նախագծով պաշտպանվող անձի, ոչ թե քաղաքացու ամեն ինչը, անգամ կոշիկի չափսը համարվում է պետական գաղտնիք եւ մենք մի նոր շփոթի մեջ ենք հայտնվելու, քանի որ քաղաքական իշխանության եկած ցանկացած անձ կարողանալու է իր շրջանակներում օգտագործել այս օրենքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Վլադիմիր Վարդանյանը հակառակ տեսակետին է՝ նախագիծը հնարավորություն է տալիս առավել հստակեցումների:

Պաշտպանվող անձի կոշիկի չափսին իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ նկատելով, որ հստակ սահմանված են այն տեղեկությունները, որոնք պետական գաղտնիքի շարքին են դասվում եւ այդ շարքում կոշիկի կամ հագուստի չափերի վերաբերյալ ամրագրումներ չկան: Նա տեղեկացրեց, որ փոփոխությունների համար ուսումնասիրության հիմք է դարձել Էստոնիայի օրենսդրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախագիծն առաջին ընթերցմամբ ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ 7 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Հարցը կընդգրկվի նաեւ առաջիկա լիագումար նիստի օրակարգ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031