Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մարզահամալիր Կապանում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 15,2023 18:08

«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց մարզային ժամանակակից ամենամեծ սպորտային համալիրը՝ «ԻնՍպորտ Սյունիքը»։ Այս համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1,54 մլդ ՀՀ դրամ, իսկ ծրագիրն իրականացվել է «Արարատբանկի» հետ համագործակցությամբ:

Մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներ, շատ սյունեցիներ են մասնակցում հանդիսավոր բացմանը։ Մարզի հոգեւոր հայրերը օրհնության  կարգ են կատարում։

«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, ծննդով կապանցի Արսեն Քարամյանը նախապես ելույթ էր գրել, սակայն հետո որոշեց չկարդալ ու սրտի խոսքը հղել։ «Ես իմ հող ու ջրում՝ մեծ հպարտությամբ մի փոքրիկ լավ գործ եմ անում։ Ճիշտ է, այստեղ ես չեմ ապրել, բայց իմ քաղցր մանկության հիշողություններն այս քաղաքի հետ են կապված»,-ասաց նա։

Արսեն Քարամյանի խոսքով՝ ինքը իր հասարակական, նախկինում նաեւ քաղաքական գործունեության ընթացքում միշտ հաշվետու է եղել հասարակությանը։ «Այսօր մի այլ հաշվետողականություն էլ է միանում իմ մշտական հաշվետողականությանը։ Ես հաշվետու եմ իմ ծնողների առաջ»,-հուզված նշեց նա։ Արսեն Քարամյանը գրական հայերենից անցավ Կապանի բարբառին՝ ասելով, որ կապանցիները միշտ ուժեղ են եւ ապագայում շատ լավ օրեր են գալու։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի հարավային մայրաքաղաք Կապանում արվեստը, կրթությունը, մշակույթը, ամեն ինչը շատ զարգացած են եւ հիմա էլ սպորտն է զարգանալու։ «Հատկապես այսօր, երբ երեխաներն ու երիտասարդները համացանցային հավելվածների մեջ են լինում, այս համալիրի բացումը շատ կարեւոր է, որ նրանք զբաղվեն սպորտով»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը ուրախ է, որ հետպատերազմյան այս ժամանակահատվածում ծրագիրը կյանքի կոչվեց ու խթան է լինելու առողջ ապրելակերպի համար։

Մարզահամալիրի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելուց հետո՝ մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչները, հոգեւոր այրերը, հավաքվածները ծանթացան համալիրի հնարավորություններին։

Համալիրի թողունակությունը 1 ժամում կազմում է 200 մարդ, գործելու են գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով լողավազաններ՝ մեծահասակների համար եւ մանկական, որոնք հագեցած են ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, բոքսի եւ արեւելյան մարտարվեսների սրահներ:

Ի դեպ, ինչպես նշեց Արսեն Քարամյանը, երեկ՝ հունվարի 14-ին շահագործման է հանձնվել ներդրումային ծրագրի 1-ին փուլը: Երկրորդ փուլը՝ 2,7 մլդ դրամ ծավալով նախատեսված է իրականացնել  2025-2028 թթ.-ին։

Մասնավորապես կկառուցվի սահադաշտ, շատրվաններ, բացօթյա հանգստի գոտի, մանկական երկաթուղի, հյուրատունը, համերգային սրահ՝400 նստատեղով եւ այլն:

Մարզահամալիրում 42 մշտական աշխատատեղ է գործում՝ ամսական միջինը  195.000 դրամով։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031