Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նպատակը հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, հավանական է՝ ճյուղավորեն դեպի ՀՀ սահման». Շիրազ Խաչատրյան. «168 ժամ»

Հունվար 26,2023 10:41

Վերջին օրերին մամուլում և տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ «Ադրբեջանը Քարվաճառի կողմից թունել է փորում դեպի ՀՀ ինքնիշխան օկուպացված տարածքներ, որպեսզի հարմար պահի նոր հարձակում նախաձեռնի և փորձի կտրել Սյունիքը ՀՀ-ից: Մեկ այլ տեղեկություններով, Ադրբեջանը ՀՀ զավթած տարածքներում 4-5 բարձր որակի ճանապարհ է կառուցել, նաև՝ ապահովման խնդիրներ լուծելու նպատակով:

Այս թեմայի շուրջ 168.amը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Անկեղծ ասած, չեմ հասցրել ծանոթանալ տելեգրամյան ալիքների այդ տեղեկատվությանը, բայց կարող եմ մի բան ասել՝ ադրբեջանական զինված ուժերը և՛ 44-օրյա պատերազմից, և՛ հատկապես 2022թ. սեպտեմբերյան էսկալացիայից անմիջապես հետո ՀՀ օկուպացված տարածքներում անմիջապես սկսել են ինժեներական աշխատանքներ, և այդ աշխատանքները շարունակվում են, ադրբեջանական կողմը շարունակում է ամրանալ ՀՀ օկուպացված տարածքներում:

Արդանիշից մինչև Նռնաձոր ընկած շփման գծի հատվածներում գնալով ամրանում են, ՀՀ գրաված տարածքների կարևոր ռազմավարական կետերում Ադրբեջանը ենթակառուցվածքներ է կառուցում, և նրանց կողմից հետ քաշվելու որևէ հավանականություն չկա, քանի դեռ այս իշխանությունները մեզ այսպիսի անօգնական վիճակի մեջ են դրել։

Ես ձեզ հետ զրույցների ժամանակ տարբեր առիթներով խոսել եմ Սյունիքը կտրելու հավանական ուղղությունների մասին, նշել եմ, որ Վարանդայից (Ֆիզուլի) Շուշի տանող թունելները կիսատ են, և դրանց նպատակը Ադրբեջանի հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, ամենայն հավանականությամբ, ճյուղավորելու են նաև դեպի արևմուտք, ՀՀ սահման՝ Նախիջևանին միանալու հեռանկարով։

Այնպես որ՝ զարմանալի չէ, և միանգամայն հավանական է, որ Քարվաճառի ուղղությամբ թունելներ կփորվեն ՀՀ սահմանի ուղղությամբ, ռազմական կամ մեկ այլ եղանակով հետագայում խնդիր կատարելու նպատակով։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը երկարատև հեռանկարում ոչ միայն թիրախային հարվածի ուղղություններ է մշակում, այլև ամենահավանական ուղղություններից մեկը հենց ՔարվաճառԳորայքՆախիջևան ամենակարճ տարածությամբ սահմանի ուղղությունն է, հատկապես այն պարագայում, որ Մեղրիի մայրուղով, այսպես կոչված, միջանցք բացելու, սահմանները փոփոխելու մասին Ալիևի պրովոկացիոն հայտարարություններին Իրանը միշտ շատ խիստ է արձագանքում։

Դուք հիշատակեցիք մեր նախորդ հարցազրույցները, այո, Ձեզ հետ միասին առնվազն մեկ տարի առաջ ենք ասել, որ տարբեր ժամանակահատվածներում ադրբեջանական զորքերը Սյունիքի սահմանային հատվածներում առաջխաղացումներ են ապահովել, մասնավորապես՝ Ջերմուկի, Իշխանասարի, Սև լիճԽոզնավար հատվածի, Արավուսի, Ճակատենի, Ներքին Հանդի, Նռնաձորի ուղղություններում կարևոր ռազմավարական կետեր են գրավել, և, որ գնալով ամրապնդվում են հայկական օկուպացված այդ տարածքներում: Այսինքն, Սյունիքը հայտնվել է աքցանի մեջ, և Ալիևը, որը խոսում է «Զանգեզուրի միջանցքից», երկարաժամկետ հեռանկարում ավելի մաքսիմալիստական պլաններ ունի:

 – Ալիևը չի էլ թաքցնում իր մինիմալիստական կամ մաքսիմալիստական պլանները: Վերջին օրինակը՝ մեկ շաբաթ առաջ Ալիևն ասուլիսի ընթացքում ասաց, որ եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը ճիշտ կհամարի։ Ժամանակ առ ժամանակ նույն բովանդակությամբ սպառնալիքներ և պայմաններ են հնչում նաև, այսպես կոչված, «միջանցքը» ստանալու ուղղությամբ, ես Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած տասնյակ նման սպառնալիքներ եմ հիշում։ Եվ այդ սպառնալիքներն ու սադրիչ հայտարարությունները լոկ խոսքեր չեն, դա արդեն Ադրբեջանի ծրագրերի, նպատակների իրագործման լեգիտիմ հիմքեր ստեղծելու մի ամբողջական պլան է։ Մենք մի բան պետք է գիտակցենք, որ ադրբեջանցիներն ու թուրքերը շարունակական ձևով էսկալացիա ստեղծելու նպատակներ ունեն։ Նույնիսկ Փաշինյանն է իր խոսքում նշել՝ կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց մեկ շաբաթ հետո ստանալ նոր պատերազմ կամ էսկալացիա, մյուս կողմից՝ նշում է, թե Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից, և այլն։

Հարց՝ այդ դեպքում դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում այդ ուղղությամբ։ Ըստ իս՝ ադրբեջանցիների կողմից երկարաժամկետ հեռանկարներում ոչ միայն Արցախի հայաթափման, Արցախն իրենցով անելու խնդիր է դրված, այլև ավելի շատ Սյունիքը պարալիզացնելու, իր ազդեցության գոտիով Նախիջևանը Ադրբեջանին կապելու խնդիր է դրված։ Իսկ բանավոր պայմանավորվածությամբ կամ բանակցային մեկ այլ եղանակով այդ խնդիրներին չեն հասնի, ավելի հավանական տարբերակը ռազմական գործողությունների միջոցով հարցը լուծելու մաքսիմալիստական նպատակ է դրված։ Աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների դեպքում նման իրավիճակ առավել քան հավանական է։ Դրա համար երկիրը պետք է շատ արագ ռազմական ռելսերի վրա դրվի՝ հավանական սպառնալիքներին դիմագրավելու համար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»
շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031