Լրահոս
Օրվա լրահոսը

Փոթորկախառն ձյուն` Գյումրիում․ Աշոցքում ու Ամասիայում բուք է. (ֆոտոշարք)

Փետրվար 02,2023 19:22

Գյումրիում  մի քանի ժամ  է՝ փոթորկախառն առատ ձյուն է տեղում։ Այն  թեև դժվարանցանելի է դարձրել  փողոցները, այդուհանդերձ փոքր-ինչ փոխել է այս քաղաքի բնակիչների տրամադրությունը․ նրանք սկսել են տեսանյութեր ու  լուսանկարներ հրապարակել  սոցիալական ցանցերում՝ քաղաքի տարբեր անկյուններից՝ գրելով․ «Վերջապես»։

«Գյումրվա ավանդական թիփին»,-այսպես է  վերնագրել իր տեղադրած լուսանկարը Շիրակի նախկին  մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Խոսուն մի լուսանկար էլ Գյումրու պատմական Ռուսթավելի փողոցի այսպես ասած՝ եվրոպական հատվածից  հրապարկել է Գյումրիում Իտալիայի  նախկին պատվո  հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն՝ գրելով  «Գյումրի» ու իր հետևորդներին հնարավորություն տալով վայելելու այս քաղաքի գեղեցկությունը։

Տեղումներից զուրկ հունվար ամսից հետո անդադար տեղացող ձյունն անասելի ուրախություն է  առաջացրել․ Գյումրիի որոշ տեղանքներով շրջելիս՝ թվում է, թե հայտնվել ես հեքիաթի մեջ, կախարդական մի բացիկում։

Ձյունն, իհարկե, նաև անհարմարություններ է ստեղծել  վարորդների, Ամասիա, Աշոցք ուղևորվողների համար։

Ինչպես տեղեկանում ենք, Շիրակի մարզպետարանի պաշտոնական լրահոսից, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, ճանապարհները՝ դժվարանցանելի։

«Շիրակի մարզի տարածաշրջանների բոլոր ավտոճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվում են։
Աշոցքում և Ամասիայում բուք է, ճանապարհները` դժվարանցանելի։

Բուք է նաև Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում, Մարալիկ–Լանջիկ–Մաստարա հատվածում։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները դժվարանացանելի են։
Ճանապարհներին առկա է մերկասառույց։
Սպասարկող ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Վարորդներին կրկին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով», գրված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728