Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյան․ «Որակազրկվել է օրենսդրական նախագծերի քննարկման, ընդունման և մասնավորի հետ երկխոսության մշակույթը»

Փետրվար 05,2023 12:00

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՓՄՁ ասոցիացիայի համահիմնադիր, Հանրային Ասամբլեա ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը։

 -Վերջերս հաճախացել են փոքր ձեռնարկատերերի դժգոհությունները: Ի՞նչ է կատարվում փոքր և միջին ձեռնարկություններին վերաբերող օրենսդրական դաշտում: Կբերե՞ք մի քանի կոնկրետ օրինակ ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխություններից, որոնք, ըստ ձեզ, ի նպաստ նրանց չեն եղել։

 Օրինակները շատ են՝ փոքրերի համար նոր կարգավորումը, որ վերաբերում է ՀԴՄ կտրոնի վրա անվանացանկի ավելացմանը կամ կանխիկի սահմանափակումների թերի կարգավորումը կամ թեկուզ տեղական տուրքերի կարգավորումները հանրային սննդի օբյեկտների համար։ Ամենացցուն օրինակը հենց վերջերս ընդունված և 2023թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած, մեր ՓՄՁ-ների գերփոքր խմբին վերաբերող միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմի փոփոխությունն էր։

Եթե կհիշեք, 2014թ-ին այդ ժամանակ գործող վարչապետին կից ՓՄՁ խորհրդի կողմից հավանության արժանացավ և մեր երկրում ներդրվեց, կարելի է ասել, առաջին հարկազատման մեխանիզմը՝ ընտանեկան ձեռնարկատիրությունը՝ որպես հարկման արտոնյալ ռեժիմ։ 2018թ-ի աշնանը բերվեց հարկային փոփոխությունների մի մեծ փաթեթ, որ ներառում էր եկամտային հարկի համահարթը, հարկման ռեժիմների կրճատումները և այլն։ Այս փաթեթով ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմը և ինքնազբաղ ֆիզիկական անձանց համար սահմանված հարկման ռեժիմը միավորվեցին միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի մեջ։ Այս և դրան նախորդող ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործողների համար սահմանվում էր, այսպես ասած, սկսնակների համար հեշտացված հարկային ռեժիմով բիզնեսը սկսելու, հաշվառվելու, ստվերից դուրս գալու հնարավորություն։

Այստեղ, իհարկե, կային սահմանափակումներ որոշ բիզնեսի խմբերի համար, որոնք ի սկզբանե չէին կարող այս արտոնյալ ռեժիմից օգտվել. օրինակ՝ առևտրականները։ Սրա հետ մենք հաշտ էինք և հասկանում էինք, որ մեր երկրի համար կարևոր են սկսնակ արտադրողները և որակյալ ծառայություններ մատուցողները։ Սա վերաբերում էր բառացիորեն գերփոքր սկսնակներին՝ տարեկան մինչև 24,0 մլն շրջանառությամբ։ Այս շարքում էին հենց իմ հիշատակած ընտանեկան բիզնեսները՝ ասենք, դարբինն իր տղայի հետ, փայտյա արտադրամաս, խմորեղենի արտադրություն կամ մարզային հյուրատուն (B&B), որոնք, որպես կանոն, հենց ընտանիքի անդամներով իրականացվող բիզնեսներ են։ Վերջիններիս համար սահմանվել էր նաև արտոնյալ հարկման մոդել՝ իրենց ընտանիքի անդամների համար հաշվարկվող եկամտային հարկի համար։ Անցած տարեվերջին՝ հոկտեմբերի 6-ի կառավարության որոշմամբ, ընդունվում է նախագիծ, ըստ որի 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործողների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերը իրենց պատվիրատուների կամ գնորդների համար այլևս ծախս չեն համարվում։

Օրինակ՝ ինչ-որ փայտամշակող ձեռնարկություն, եթե ինչ-որ ապրանք վաճառի այլ ընկերության, ապա տվյալ ընկերության համար դա հիմնավոր փաստաթուղթ չի համարվի: Բնական է՝ սա արդեն բերում է նրան, որ բոլոր ընկերությունները սկսում են հրաժարվել միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում աշխատող անհատ ձեռնարկատերերի հետ գործարքների մեջ մտնելուց:

-Ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում գործողները սրանից ավելի շատ կտուժեն:

Ակնհայտ է, որ կտուժեն օրինակ հյուրատները, զբոսավարները, մանր ծառայություն մատուցողներն ու փոքր արտադրողները: Առավել ստույգ գնահատական տալու համար պետք է թվեր վերցնել պատկան մարմիններից, նորմալ վերլուծել և նոր գնահատական տալ թվերով:

-Իսկ նախագիծն ընդունելիս այդ վերլուծությունը չի՞ արվել։

Ո՛չ իհարկե։ Երբ ուսումնասիրում ենք նոր հարկային փաթեթի նախագծի հիմնավորումը և կարծիքների ամփոփաթերթը՝ ակնհայտ է դառնում մեր երկրում որոշումների ընդունման որակը։ Նախագծի հեղինակը՝ ֆինանսների նախարարությունը, հիմնավորման մեջ նշել է, որ նախագծի հիմնական նպատակն է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումը, այնպես, որ այն ծառայի համակարգի սկզբնական նպատակներին: Նախագծում մեջբերվում է, որ այս համակարգից սկսել էին օգտվել ոչ միայն արտոնյալ համակարգից օգտվելու իրական իրավունք ունեցողներն, այլ, այսպես կոչված, խոշորները, ինչը ենթադրում է, որ բերելու էր հարկերից խուսափելուն։ Բայց չկա որևէ հիմնավորված հաշվարկ, թե այդ ի՛նչ մեծ ծավալի խուսափումներ պետք է այստեղ գեներացվեին, ինչը, բնական է, խիստ կասկածելի է։ Բայց այստեղ ինձ կրկին ավելի շատ մտահոգում է բիզնեսի, մասնավորապես՝ փոքր բիզնեսի, շահերի պաշտպանության պատասխանատու էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը: Վերջիններս, ըստ ամփոփաթերթի, ընդամենը մեկ նախադասություն են գրել և մտահոգության են հայտնել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ներկայացված փաստաթղթերը կարող են չընդունվել որպես ծախսագրում։ Ֆինանսների նախարարությունը դիտողությունը չի ընդունել և պարզապես հղում է արել նախագծի նպատակներին։ Ի վերջո` էկոնոմիկայի պատասխանատուն կողմ է քվեարկել այս նախագծին։

Մինչդեռ, եթե միայն զբոսաշրջային ոլորտում նայենք, այս տարվա սկզբից արդեն խնդիրներ ունեն մարզային հյուրատները, որոնք, օրինակ, սպասարկում էին մայրաքաղաքից մարզեր գործուղված աշխատակիցների և հաշիվներ ներկայացնում վերջիններիս գործատու կազմակերպություններին կամ տուր օպերատորներին: Նման հաշվարկային փաստաթղթեր այլևս ընդունելի չեն դիմացի կողմի համար:

Մյուս օրինակը զբոսավարի ծառայություն մատուցողներն են, որոնք այլևս չեն կարողանում աշխատել տուր օպերատորների հետ։ Իսկ սրան ի պատասխան էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պատասխանատու պաշտոնյան ասում է՝ թող զբոսավարները լուծեն իրենց հարկման ռեժիմի խնդիրները։ Եթե մենք խոսում ենք մի ոլորտի մասին, այս դեպքում զբոսաշրջության, պետք է իրատեսական հաշվի առնենք այդ ոլորտի ողջ շղթայի դերակատարների շահերն ու հնարավորությունները։ Նույն զբոսավարները և հյուրատները եկան հարկային դաշտ հենց ի շնորհիվ նախկինում մեր կողմից ներդրված ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմի։

Ի վերջո` օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, այստեղ ևս քննարկումներ չե՞ն լինում

-Մենք (նկատի ունեմ ՓՄՁ շահերը ներկայացնող միությունները և առևտրի պալատը) նախկինում ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծեցինք ԱԺ ՓՄՁ խորհուրդ, հենց նման դեպքերի համար, որպեսզի բոլոր չքննարկված, չլսված հարցերի քննարկումը տեղափոխեինք այս հարթակ։ Բայց այս հարթակն էլ այլևս չի գործում, նիստեր չեն հրավիրվում։ Տնտեսական հանձնաժողովը, այո՛, պարբերաբար հրավիրում է տարբեր խմբերի տարբեր հարցերով քննարկումների: Ինքս էլ վերջերս եղել եմ եկամուտների հայտարարագրման հարցի շուրջ քննարկմանը։ Բայց ակնհայտ է, որ այն նախագծերը, որոնք գալիս են գործադիրի կողմից, այստեղ համարյա թե անխոչընդոտ ընդունվում են և գնում ստորագրման։

Ինձ համար նաև շատ կարևոր է երկրի Նախագահի մոտեցումը, ում հետ ևս ժամանակին առիթ ունեցել ենք աշխատել հենց փորձագիտական մակարդակում, ով շատ լավ տեղյակ է ՓՄՁ խնդիրներից։ Նախագահը ստորագրել է այս փոփոխությունները 2022թ-ի դեկտեմբերի 14-ին, ինչով իմ կողմից արդեն նշված վատթարացնող նորմերը ուժի մեջ պետք է մտնեին մի քանի օրից։ Այսինքն, այստեղ նույնիսկ հաշվի չի առնվել իրավական ակտերի կարևորագույն պահանջներից մեկը՝ վատթարացնող նորմերը ուժի մեջ չեն կարող մտնել վեց ամսից ոչ շուտ։

Ի դեպ, շատ հատկանշական է, որ այս նախագծի ամփոփաթերթում արդարադատության նախարարությունը ևս անդրադարձ է արել դրան, հղում անելով հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածին, որով հաստատվում է ընդհանուր սահմանափակումն առ այն, որ վատթարացնող նորմերը չեն կարող ուժի մեջ մտնել յոթ ամսից շուտ։ Բայց Արդարադատության նախարարության դիտողությանը ո՛չ նախագծի հեղինակներն են համաձայնել, ո՛չ ԱԺ-ում են դրան ուշադրություն դարձրել և ո՛չ էլ օրենք ստորագրողն է հաշվի առել, ում ստորագրությամբ մի քանի օրվա ընթացքում մի քանի հազար գերփոքր բիզնեսի կյանք կոնկրետ վատթարացել է։

Կա՞ արդյոք երկխոսություն այս խնդիրների շուրջ:

-Եթե կարճ պատասխանեմ, ո՛չ: Հակառակը, վերջին շրջանում ընդունված օրենսդրական փոփոխությունները, կարգավորումները փաստում են հակառակի մասին։ Ամբողջովին արժեզրկվել է պետություն-մասնավոր հատված երկխոսությունը: Նախկինում ներդրված երկխոսության հարթակները կամ խեղաթյուրվել են կամ ընդհանրապես չեն գործում։ Այստեղ շատ կարևոր է նաև այն, որ որակազրկվել է օրենսդրական նախագծերի քննարկման, ընդունման և, նորից շեշտեմ, մասնավորի հետ երկխոսության մշակույթը։ Նույն ՓՄՁ-ների դերը տնտեսության մեջ չթերագնահատելու համար, թե՛ առաջատար երկրներում, թե՛ մեր երկրում ներդրվել էին ՓՄՁ երկխոսության հարթակներ՝ 2011-ից սկսած վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհուրդը, որը նորմալ գործել է նախորդ երեք կառավարությունների օրոք, ֆինանսների նախարարին, ՊԵԿ նախագահին կից խորհուրդները, որոնք կանոնավոր գործում էին։ Այդ քննարկումները նպաստում էին առավել որակյալ նախագծեր ստանալուն, իսկ նվազագույնը՝ տվյալ ոլորտի բիզնես համայնքը առնվազն տեղյակ էր լինում սպասվելիք փոփոխություններից։ Իհարկե, այստեղ մեր բացթողումն էլ կա: Որպես բիզնես ասոցիացիաներ և միություններ՝ մենք վերջին շրջանում շատ ենք պասիվացել: Պետք է նորից մենք նախաձեռնողական լինենք և մեր միությունների, ասոցիացիաների անդամներին համախմբելու միջոցով քաղաքականություն մշակողներին ետ բերենք երկխոսության դաշտ։

Իսկ Վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհուրդը այլևս չի՞ գործում։

-Այն վերափոխվեց 2018թ-ին: Հաշվի առնելով, որ այսօր Վարչապետի լիազորությունները շատ ավելին են, խորհրդի նախագահությունը տրվեց տնտեսական գծով պատասխանատու փոխվարչապետին, իսկ որպես երկրորդ աստիճան՝ Էկոնոմիկայի նախարարին կից ստեղծվեց ՓՄՁ ենթախորհուրդ։ Դրան ես անմիջական մասնակցություն ի պաշտոնե ունեցել եմ և մինչև 2018թ-ի վերջը կազմավորել էինք այդ ընթացակարգերը, ներգրավել էինք հենց ՓՄՁ իրական շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ։ Հիմա սա ևս խեղաթյուրվել է՝ դառնալով ներդրումային խորհուրդ, որի կազմում են խոշոր ընկերությունների շահերի ներկայացուցիչներ, ասենք, ինչպիսին ամերիկյան առևտրի պալատն է։ Դրա մասնագիտական աջակցության գրասենյակը, որը ֆինանսավորվում էր ՎԶԵԲ-ի կողմից և նախկինում հենց ուղիղ մանդատ ուներ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ներին, շատ սահուն վերանվանվեց ներդրումային խորհրդի՝ իրեն վերագրելով նախորդ 15 տարվա ՓՄՁ-ներին վերաբերող բարեփոխումների «դափնիները»։

Եթե ամփոփեմ, այս պահին բուն ՓՄՁ-ներին վերաբերելի երկխոսության հարթակ չունենք: Նույն տրամաբանությամբ մեր երկրում վերացրեցին ՓՄՁ զարգացման գրասենյակը՝ նորից նրան տալով ներդրումների աջակցման գրասենյակի կարգավիճակ։

Այս մեծ պատկերում անհասկանալի է, երբ մեր հարկ վճարողների, ինչպես նաև աշխատաշուկայի բացարձակ մեծամասնությունը ՓՄՁ հատվածում է, իսկ ՓՄՁ աջակցության բոլոր մեխանիզմները վերանում են: Դրա փոխարեն շատ ավելի պաշտպանված ու լսելի են դառնում խոշորները՝ բանկային համակարգ, խոշոր ներմուծողներ:

 

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728