Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում աղետի գոտում փլատակներից դուրս ենք բերել 3 տուժածի»․ Գարի Արմաղանյան (տեսանյութ)

Փետրվար 20,2023 13:06

«Հագեցած էինք յոթ օր ինքաբավ աշխատելու հնարավորությամբ, այդ թվում՝ սնունդ, ջուր, վրաններ, գույք, տեխնիկա։ Տեղակայվել էինք Թուրքիայի Ադիյաման քաղաքում եւ Սիրիայի Հալեպ քաղաքում»,- ՀՀ ներքին գործերի նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրաշարժից տուժած Սիրիայում եւ Թուրքիայում փրկարարական առաքելություն իրականացրած՝ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Գարի Արմաղանյանը։

Նա նշեց, որ շուրջ մեկ շաբաթ տեւած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական թիմերը, համագործակցելով տեղի եւ միջազգային այլ թիմերի հետ, Թուրքիայում աղետի գոտում փլատակներից դուրս են բերել երեք տուժածի․ «Լայնածավալ որոնողական, այդ թվում՝ կինոլոգիական աշխատանքների ընթացքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերվել զոհերի քսան մարմիններ։ Հալեպում հայ փրկարարները տեղի հայ համայնքի համար նաեւ ուսուցողական դաս են անցկացրել՝ ինչպես գործել երկրաշարժի դեպքում»։

Գարի Արմաղանյանի փոխանցմամբ՝ հայ փրկարարները Սիրիայից վերադարձել են փետրվարի 14-ին, իսկ Թուրքիայից՝ փետրվարի 17-ին․ «Որոնողական աշխատանքների նպատակով Թուրքիա էին ժամանել 40 երկրների 174 որոնողափրկարարական թիմեր, իսկ Սիրիա՝ 5 երկրների 8 թիմեր։ Այսօրվա  տվյալներով՝ երկրաշարժից Թուրքիայում զոհվել է մոտ 41 000, իսկ Սիրիայում՝ 8500 մարդ։ Վիրավորների թիվը Թուրքիայում մոտ 110 000 է,  Սիրիայում՝ 10 000։ Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է չորս հազարը»։

Հարցին՝ քանի՞ օր էր նախատեսված մնալ Թուրքիայում, արդյոք ավելի՞ են մնացել այնտեղ, Գարի Արմաղանյանը պատասխանեց․ «Մենք ինքնաբավ էինք յոթ օրվա համար, բայց աշխատանքներ կային։ Կային մեր կողմից առաջադրանքներ՝ իրականացնել հետախուզական աշխատանքներ մի քանի շենքերում, եւ աշխատանքներն ավարտեցինք փետրվարի 15-ի երեկոյան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728