Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախկին վարչապետը քաջալերելու է ֆրանսիացիներին՝ Սյունիքում նոր բժշկական կենտրոններ բացելու համար (ֆոտոշարք)

Փետրվար 22,2023 23:44

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակության անդամները օրերս Սյունիք կատարած այցի ընթացքում եղան նաեւ Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում։

Կենտրոնի հիմնադիր տնօրեն Ավետիս Մատիկյանի եւ գործադիր տնօրեն Արտակ Ասոյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան կենտրոնի աշխատանքին։

«Մեծապես տպավորված եմ կենտրոնով, այն ինչպես տեղեկացա, եզակի է Սյունիքի մարզում։ Ուրախ եմ, որ կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի տարածքային միավորումների եւ տարբեր կազմակերպությունների աջակցությամբ», -լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էդուարդ Ֆիլիպը։

Ֆրանսիայի նախկին վարչապետը հավաստիացրեց, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո քաջալերելու է շատ համայնքների։ «Հայ-ֆրանսիական բարեկամությունը հենց դրանով է բնութագրվում, որ ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունն է ուղիղ աջակցում Հայաստանի կառավարությանը, այլ տարբեր նահանգների տեղական ինքնակառավարման մարմինները։ Պիտի կոչ անեմ, որ շարունակեն աջակցել, որ Սյունիքում եւ ոչ միայն այստեղ, նոր բժշկական կենտրոններ հիմնադրվեն»,-իր խոսքը եզրափակեց Էդուարդ Ֆիլիպը։

Նշենք, որ պատվիրակության կազմում էին նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Ֆրանսիացիները հանդիպեցին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, ինչպես նաեւ հանդիպեցին Հայաստան-Արցախ փակ ճանապարհի հետեւանքով Սյունիքում ժամանակավոր ապաստանած արցախցիներին։

Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը Գորիսում գործում է 2013 թվականից։ Ըստ կենտրոնի տնօրեն Արտակ Ասոյանի, այն կարծես Ֆրանսիայի մի մասնիկը լինի Սյունիքի մարզում։ Սյունիք այցելող ֆրանսիական բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները առանց բացառության լինում են կենտրոնում։ ԱՆցած տարի հունիսին Հայաստան այցելած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նույնպես այցելել էր Գորիս՝ ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728